«Սահմանազատման հարցերով հանձնաժողովների փաստաթղթին ծանոթացել եմ, եւ այն, որ մենք ունենալու ենք հնարավորություն՝ ունենալ դե յուրե հաստատված սահմանի որոշակի հատված, տալիս է լուրջ հիմք՝ աշխատանքի հետագա իրավական գործընթացների համար»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հարցին, թե երաշխիք կա՞, որ Ադրբեջանը սահմանի մնացած հատվածներում էլ կգնա սահմանազատման-սահմանագծման, Վարդանյանը պատասխանեց․ «Կա պետական սահմանի որոշակի հատված, որը կարող ենք հստակ կոչել պետական սահման։ Կա համաձայնություն, որ պետական սահմանը պետք է անցնի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ, ըստ էության, Խորհրդային միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանագծման ու սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ սահմանագծման աշխատանքներն իրականացվում են այս կտորի վրա, եւ այդ կտորի վրա սահմանազատում իրականացնելու համար համաձայնություն է ձեռք բերվել։ Սա համաձայնություն է, որի վերաբերյալ գոհունակություն են արտահայտել թե եվրոպական կառույցները, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, թե բոլոր այն դերակատարները, որոնք ներգրավված են եղել այս կարգի գործընթացների մեջ»։
Լրագրողները նկատեցին, որ գործընթացը միակողմանի է, ի՞նչ երաշխիք կա, որ նոր զիջումներ չեն լինի։ Վլադիմիր Վարդանյանը վրդովվեց․ «Եթե ուզում եք լսել միակողմանի բառը, եթե նպատակը դա է, դուք սենսացիայի հետեւից եք փորձում ընկնել։ Ես չեմ կարող ասել՝ միակողմանի է, թե ոչ»։
«Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությունը հետեւյալն է՝ ով ինչ վարչական սահմաններ ունեցել է ԽՍՀՄ փլուզման օրը, այդ վարչական սահմաններն են դիտվում որպես պետական սահմաններ։ Եվ, կներեք, ԽՍՀՄ ժամանակաշրջանում Արծվաշենը դիտարկվում էր եւ այսօր էլ դիտարկվում է որպես ՀՀ ինքնիշխանության ներքո գտնվող տարածք՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից։ Ես չեմ ուզում նույնիսկ կասկածի տակ դնել Արծվաշենի ինքնիշխանությունը»,- ասաց Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը կվերադարձնի՞ Արծվաշենը։
Կարդացեք նաև
Հարցին, որ ԽՍՀՄ քարտեզներով Ջերմուկը եւս ՀՀ տարածք է, բայց Ջերմուկի տարածքները օկուպացված են, ինչո՞ւ չեն վերադարձվում, Վարդանյանը պատասխանեց․ «Այսօր էլ է Ջերմուկը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Դուք պետք է հստակ տարբերակում անցկացնեք տարածքի նկատմամբ տիտղոսի, իրավունքի եւ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության միջեւ։ Ալմա-Աթայի փաստաթղթերով ՀՀ-ն ունի տիտղոս Ջերմուկի վերաբերյալ»։
Ըստ Վարդանյանի՝ կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն եւ անվտանգության մակարդակի բարձրացում։ «Ես հակված եմ այն կարծիքին, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հնարավորինս հստակ իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարեւանների հետ, որը հիմնված է լինելու Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։
Վարդանյանը նաեւ հավելեց․ «Այնպես չէ, որ Երեւանից Ադրբեջանը շատ հեռու է, որովհետեւ Նախիջեւանից Երեւան բավական կարճ ճանապարհ է։ Երկրորդ, որեւիցե մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք, միանշանակ մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ պետք է հստակ, իրավականորեն հիմնավորված, փոխընդունելի սահմանազատված սահման ունենանք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ