Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական է այսպես՝ խլուրդի, խխունջի պես ապրել»․ Բագրատ սրբազանի կոչը՝ գործարարներին, մշակույթի գործիչներին, իրավապահներին, նախկին ու ներկա զինվորականներին, զոհվածների ծնողներին

Ապրիլ 22,2024 12:55

«Ձեր գլուխները մի մտցրեք բարձերի տակ եւ տպավորություն ստեղծեք, թե երկրում ոչ մի բան չի կատարվում։ Արժեք եք ստեղծում, այդ արժեքին էլ տեր կանգնեք։ Սա ոչ հողակտորի մասին է, ոչ էլ տեղական խնդիր է։ Սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որում դուք ապրում եք, որով կենացներ եք խմում, հպարտանում եք, արժեք եք ստեղծում։ Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է այսպես՝ խլուրդի, խխունջի պես ապրել ։ Բոլորին եմ ասում, ուղիղ, ո՞ր մեկին եք ուզում՝ նայեմ ու ասեմ»,- այսօր Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ դիմելով գործարարներին։

Սրբազանը դիմեց նաեւ արցախյան պատերազմներում զոհվածների ծնողներին, հարազատներին՝ ասելով, որ սա նաեւ մեր արյան կանչն է, որ այդ տղաներին հուղարկավորել ենք, որ նրանց հայրենիք ենք վերադարձնելու եւ հիմա չենք կարող ոչ նրանց շիրիմներին նայել, ոչ էլ երկինք․ «Ձեզ նայեք 20 տարի հեռավորությունից եւ տեսեք, թե այսօր ինչպե՞ս եք գործել․ ոչ միայն պատմությունը, ամենակարող Աստված, այլ ձեր թոռները, ձեր զավակներն են ձեզ դատելու, եթե այսօր, այս ճշմարտության համար ձայն չբարձրացրեցիք, չխոսեցիք»։

Մշակույթի գործիչներին էլ ասելիք ուներ Բագրատ սրբազանը․ «Ուղղակի պարտավոր եք ձեր կեցվածքն ու դիրքորոշումը հայտնելու։ Սա աղետ է․ աշխարհաքաղաքական ինչ-որ բաներով փորձում են համոզել, դա ոչ մի նշանակություն չունի, այսօր ճշմարտության պայքար է, ձեր կեցվածքը հայտնեք, այս ժողովրդին մինչեւ հիմա մենակ եք թողել, այսօր սրբագրելու պահն է»։

Տավուշի թեմի առաջնորդի՝ նախկին եւ ներկա զինվորականներին ուղղված խոսքն էլ սա է․ «Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը մենք հարգում ենք, խոնարհվում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է, ձեր քրտինքն ու ջանքը չի կարող այսպես դատարկ անցնել։ Հետեւաբար՝ խնդրանքս, պահանջս՝ ձեր ձայնը բարձրացրեք, ձեր ներկայությունը ցույց տվեք։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա հասել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը․․․ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր պետությունը կտոր-կտոր, թույնի պես սահմանափակելով՝ դառնալու է՝ երազ․ այն, ինչի մասին խոսում է մարդը, որպես պատմական Հայաստան»։

Բագրատ սրբազանը դիմեց ոստիկանությանը, իրավապահ համակարգին՝ խնդրել-հորդորելով՝ որեւէ ապօրինի քայլ չկատարել՝ ասելով՝ ծառայության մեջ են, հրաման են կատարում․ «Այդ հրամանը կարող է լինել ձեր տան վրա․ կկատարե՞ք, չեմ կարծում կկատարեք։ Էս էլ ձեր մեծ տունն է, այս ժողովուրդն այստեղ՝ արեւին, անձրեւին, ցրտին կանգնած է այստեղ՝ հայոց պատվի համար։ Մենք երկու բան ունենք այս կյանքում՝ անուն եւ պատիվ․ այդ բոլորի համատեքստը մեր հայրենիքն է, մեր պետությունը, տեր Աստվածը, արդարությունն ու ճշմարտությունը»։

Միասնության համար, ըստ նրա, պակասում է միայն մարդկանց ներքին քաջությունը, հորդորում է՝ ապավինել Տիրոջն ու չդողալ, քանի որ ավելի մեծ բան, քան տունն է, հայրենիքն ու պատիվը՝ չկա․ «Այսօր կեցվածքը հայտնելու ժամանակն է։ Աղետի պատասխանատու չլինեք։ Խոսքով ենք սպասում ձեզ, ֆիզիկապես»։

Հիշեցնենք, Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ, մարդիկ գիշերել են փողոցում։ Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է սպասվում, մարդիկ ակնկալում են իրենց հուզող հարցերի պատասխանները նրանից ստանալ։ Տավուշի մարզ մտնող ճանապարհներին խիստ հսկողություն է իրականացվում ոստիկանական ուժերի կողմից։

Բագրատ սրբազանը լուր ունի իշխանության համար․ «Երկար չեք մնալու, սա ձեր վերջի սկիզբն է։ Կամ մենք ենք մնում, որպես երկրի տեր, կամ՝ դուք։ Ես եւ մենք (ցույց է տալիս հավաքված մարդկանց-Ն․ Գ) ոչ մի տրամադրություն չունենք գնալու, հետեւաբար, որոշեք, թե դուք որտե՞ղ եք գտնվելու»։

Նա նաեւ երկրի ղեկավարի կողմից «բարբաջանք» է համարում այն հայտարարությունը, որ «որոշ հոգեւորականներ Կիրանցի եկեղեցու տեղը չգիտեն»։

Ըստ նրա՝ հարցը պետք է լուծվի համալիր, միջազգային օրենքների համաձայն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930