Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեցությունը մատչելի է, կրթությունը՝ որակյալ ու ավելի էժան». օտարերկրացիները գալիս են սովորելու, բայց չեն մնում աշխատելու. JAMnews

Ապրիլ 22,2024 13:40

JAMnews. Վերջին տարիներին աճել է օտարերկրացիների թիվը, որոնք գալիս են Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու: Դեպի ՀՀ հետաքրքրությունն առավել արտահայտված է Հնդկաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի ու Վրաստանի քաղաքացիների կողմից: Պահանջված մասնագիտությունների առաջին հորիզոնականում բժշկական ոլորտն է:

Ինչո՞ւ են օտարերկրացիները հետաքրքրված հայաստանյան բուհերով, ինչո՞վ է կարևոր նրանց թվաճի ավելացումը, ինչպիսի՞ն է այս հարցում պետական քաղաքականությունը:
Ինչո՞ւ են ընտրում Հայաստանը

Մոնաշ Վիրմանը մեկն է այն հարյուրավոր ուսանողներից, որոնք ժամանել են Հայաստան՝ բժշկական կրթություն ստանալու համար: Նա սովորում է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում, «Ընդհանուր բժշկություն» բաժնում:

«Բարձրագույն կրթություն ստանալու համար ընտրել եմ Հայաստանը, որովհետև այստեղ կեցությունը բավականին մատչելի է, իսկ կրթությունը՝ որակյալ ու ավելի էժան, քան Հնդկաստանում։ Ես Հայաստանում ուսման վարձի համար տարեկան վճարում եմ 5 հազար դոլար։ Եթե սովորեի Հնդկաստանում, ստիպված կլինեի վճարել 5 անգամ ավելի՝ 25 հազար: Դա կլիներ շատ թանկ ու անհասանելի ինձ համար»,— ասում է Վերմաշը:

Նաև ընդգծում է՝ Հայաստանում ուսման ընթացքում մեծ են պրակտիկ փորձառություն ունենալու հնարավորությունները։ Դրա պակասը Հնդկաստանում սովորողները շատ են զգում:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը հաստատում է, որ Հայաստանի բժշկական բուհերում կրթությունն աշխարհի շատ երկրների համեմատ ավելի էժան է․

«Մենք նաև որակի տեսանկյունից լավ ավանդույթներ ունենք: Հայաստանում բժշկագիտական միտքն առաջամարտիկ է եղել դեռևս խորհրդային ժամանակներից: Այս պահին բժշկությունը մեր ամենամրցունակ մասնագիտությունն է։ Եվ մենք պետք է փորձենք օգտվել այդ մրցակցային առավելությունից»:

Օտարերկրացի ուսանողների թվաճի տենդենցը

2022-2023 ուսումնական տարվա արդյունքներով Հայաստանի առաջին աստիճանի կրթական ծրագրեր (բակալավրիատ) իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է օտարերկրյա 5586 ուսանող: Այն թեև մի փոքր պակաս է վերջին երկու տարիներին գրանցված ցուցանիշից, սակայն էականորեն բարձր է 2011-2019 թվականների ցուցանիշից:

Հետաքրքիր է, որ ուսանողների ընդհանուր թվի 38%-ը (2127 մարդ) կազմում են սփյուռքահայերը: Վերջին մի քանի տարիների համեմատականով Հայաստանում սովորող օտարերկրյա ուսանողների մեջ սփյուռքահայերի տոկոսային ցուցանիշը նվազել է։ 2019թ.-ին այն կազմել է օտարերկրյա ուսանողների 45 %-ը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ վերջին տարիներին օտարերկրացիների հետաքրքրությունն աճել է հատկապես ոչ պետական ու միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ: 2022-2023 ուստարվա ընթացքում այդ հաստատություններում սովորողների թիվը կազմել է 2850, որն ամենաբարձրն է վերջին 12 տարիների կտրվածքով:

Ընդհանուր առմամբ Հայաստանում բարձրագույն կրթություն են ստանում ավելի քան 50 երկրի քաղաքացիներ: Պետական ու ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին ամենաթարմ տվյալների (2022 թ.) հանրագումարով՝ ՀՀ-ում սովորող օտարերկրյա ուսանողների

39 %-ը ներկայացնում են Հնդկաստանը,
22.7 %-ը՝ ՌԴ-ն,
14.9 %-ը՝ Վրաստանը,
5.8 %-ը՝ Սիրիան,
4.7 %-ը՝ Իրանը,
3.4 %-ը՝ Իրաքը:

Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսվում է մինչ 2030 թվականը օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկել:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է մոբիլիզացնել տեղի ու արտերկրի որակյալ մասնագետների ներուժը, ստեղծել գրավիչ, նաև օտար լեզվով ուսուցանվող մասնագիտական ծրագրեր, ապահովել բարձր աշխատավարձեր․

«Խնդիրն այն է, որ մեր աշխատավարձերը շատ ցածր են: Այդպիսի աշխատավարձով շատ դժվար է անգամ Հայաստանի լավագույն մասնագետներին դաշտ բերել, ուր մնաց դրսի»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930