Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ճգնությունից չեմ վախենում»․ Բագրատ սրբազանը՝ իրեն կալանավորելու հավանականության մասին

Ապրիլ 22,2024 12:19

«Ժպտում ենք։ Ժողովրդի տրամադրությունը՝ շատ բարձր, վճռական, աննահանջ, պահանջները՝ տեղը։ Ամբողջ գիշերն անցկացրել են այստեղ՝ կանայք, տղամարդիկ, երեխաները․ մեծ ու փոքր այստեղ են եղել»,- այսօր լրագրողների հետ Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են գիշերն անցկացրել։

Հիշեցնենք, Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ, մարդիկ գիշերել են ճանապարհին։ Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է սպասվում, մարդիկ ակնկալում են իրենց հուզող հարցերի պատասխանները նրանից ստանալ։ Տավուշի մարզ մտնող ճանապարհներին խիստ հսկողություն է իրականացվում ոստիկանական ուժերի կողմից։

Սրբազանի փաստմամբ՝ այստեղ են Հայաստանի տարբեր շրջաններից շատ մարդիկ։

Երեկ տարբեր շրջանակների կողմից պիտակավորվեց նաեւ Բագրատ Սրբազանը։ Նրան «գործակալ» անվանեցին։

«Չեմ ուզում անձնականացնել։ Անձնական վիրավորանքներ հասցնողներին դեռ պատասխան տալու ժամանակը կունենանք։ Նրանք այնքան գոյություն չունեն, որ կարող են ընդամենը գրել դրա մասին։ Ես գտնվում եմ Կիրանցում, գտնվում եմ Տավուշում՝ ծայրից-ծայր։ Իրենք, եթե այդքան քաջություն ունեն, խնդրեմ, թող համենան, թող համենան՝ երես առ երես խոսեն»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ գոյություն ունի շնական փիլիսոփայություն, որ կոչվում է կինիկ՝ ցինիկ փիլիսոփայություն․ «Բայց իրենց պարագայում շնականն է․ նրանք, ովքեր ամեն վայրկյան իրենց մարմիններն են ծախել, հոգիներն են ծախել, ընտանիքները կծախեն։ 30 արծաթի պատմությունն այս մարդկանց հերոսական սխրանքի էտալոնն է։ Ինչ հոգի, որ իրենք ունեն՝ փորձում են տեղափոխել ուրիշների կյանք։ Իրենք գիտեն՝ համբերությունը լավ բան է»։

Արձագանքելով իրեն հնարավոր կալանավորելու մասին ասեկոսեներին էլ, նա ասաց․ «Ես ճգնությունից չեմ վախենում։ Խնդիրը ճշմարտությունն է։ Ճշմարտությունը ոչ մի ձեւով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ի՞նչ կանեն, ի՞նչ չեն անի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծո է, հանուն հայրենիքի է, հանուն արդարության է, հանուն ճշմարտության։ Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ եւ այդ ստի պատմությունն է, որ մենք պետք է ամեն իմաստով չեզոքացնենք։ Խաբել են այս ժողովրդին։ Այս ժողովուրդն ինչո՞ւ է փողոցում, որովհետեւ խաբված են, խաբել է մարդը։ 2021 թվականին եկել այս մարդկանց քվեները գողացել է՝ ոչ մի բառ չասելով, թե այստեղ ի՞նչ է կատարվելու ու փոխարեն գալու՝ ներողություն խնդրելու, ահաբեկում են՝ պատերազմով, չգիտեմ ինչով։ Եվ հետեւաբար, ճշմարտությունը պիտի հաղթանակի, ուրիշ տարբերակ չկա»։

Անդրադառնալով Մհեր Գրիգորյանի այցին էլ, սրբազանն ասաց․ «Ես Մհեր Գրիգորյանի հետ ոչ մի ասելիք չունեմ, անելիք էլ չունեմ։ Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ամբողջ գործընթացը տեղափոխել վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ։ Այսինքն, ամեն ինչում, ինչ էլ որ տեղի ունենա, իրենք լինեն առաջին պատասխանատուն՝ բոլոր առումներով։ Սա հանցագործություն է։ Վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն․ մարդկանց բացատրեն, թե պետական սահմանն ինչպե՞ս պետք է լինի, միջպետական հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն։ Ընդամենը երկու օր առաջ եկել խոսել են՝ ձեզ հետ կհամաձայնեցնենք, բայց երկու օր հետո հրապարակում են քարտեզներ»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ նախապես ամեն ինչ «եփել են» ու եկել են՝ փորձում են ամեն ինչ մարդկանց վրա բարդել, մինչդեռ այս հարցը պետականության հարց է, որ պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն, միջազգային փաստաթղթերի հիման վրա, ոչ վարչական ղեկավարների, ոչ անգամ Մհեր Գրիգորյանի մակարդակում այսպիսի հարցերը չեն կարող լուծվել։

Նա հայտարարեց, որ Տավուշի շրջանի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանիները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն՝ իրենք կո՞ղմ են այս ստին։

Կառավարությունում փոխվարչապետի հետ հանդիպմանը պետք է ներկա լինեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի գյուղապետերը, ինչպես նաև մի քանի գյուղացիներ, @ArmeniaSputnik-ին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր և Տավուշի մարզպետի եղբայր Վահե Ղալումյանը։ Գյուղացիները պետք է ներկայացնեն կադաստրի վկայականով իրենց պատկանող հողերի վկայականները, որոնք ըստ խոսակցության, պետք է անցնեն ադրբեջանական կողմին։ Ղալումյանը վստահ է, որ պետք է լուծում գտնել, որը իր տիրույթում չէ, այլ սահմանազատման հանձնաժողովի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930