Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ՝ մինչեւ 2026 թվականի ընտրություններն ընտրական համակարգն ավելի պատրասված ու վերազինված կլինի»․ Վահագն Հովակիմյան

Ապրիլ 22,2024 11:54

«Մինչեւ 2026 թվականը ընտրություններ չունենք։ 2026 թվականի հունիսին Ազգային ժողովի ընտրությունները կլինեն, իսկ աշնանը ՏԻՄ համամասնական ընտրություններ կլինեն։ Ես հույս ունեմ՝ մինչ այդ ընտրական համակարգն ավելի պատրասված կլինի, նոր հնարավորություններով զինված կլինի»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Միջազգային դիտորդների գնահատականները ձեզ բոլորիդ հայտնի են, որ ընտրությունները անցել են ժողովրդավարության բոլոր կանոնների պահպանմամբ։ Երեւանի ավագանու ընտրություններում մենք ունեցել ենք 14 մասնակից, որից 13 կուսակցություն եւ մեկ դաշինք, բայց արդյունքների բողոքարկման դիմում չենք ստացել։ Այսինքն՝ ոչ ԿԸՀ-ն է ստացել, ոչ էլ որեւէ մեկը վարչական դատարան է դիմել։ Սա ես համարում եմ,որ մեր գործունեության ամենակարեւոր գնահատանքն է»,- ասաց Հովակիմյանը։

Վահագն Հովակիմյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունների ֆինանսավորման հարցում խնդիրներ արձանագրե՞լ են․ «Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի ամփոփ հաշվետվությունը կա։ Կարող եմ ասել, որ ունեցել ենք դեպքեր, երբ իրավունք չունեցող անձի կողմից փոխանցում է արվել նախընտրական հիմնադրամ, որեւէ քաղաքական ուժի։ Բոլոր այս դեպքերում գումարը հաշվանցվել է պետական բյուջե»։

Անդրադառնալով հարցին, որ որոշ դեպքերում դիտորդական կազմակերպությունները նույնականացվում են որեւէ քաղաքական ուժի հետ, Հովակիմյանն ասաց․ «Մենք դիտորդներին նայում ենք օրենքի տեսանկյունից։ Կա օրենսդրության պահանջը եւ այդ պահանջով կազմակերպությունը հայտ է ներկայացնում, մենք գրանցում ենք։ Դրանից հետո մենք նաեւ սկսում ենք ուշադիր հետեւել տվյալ դիտորդական կազմակերպության դիտորդների գործունեությանը։ Եթե լինի օրենքով արգելված արարք, օրինակ, դիտորդի կողմից նախընտրական քարոզչություն, բնականաբար, հետեւանք կլինի։ Մենք այս դեպքում բացառապես առաջնորդվում ենք ընտրական օրենսգրքով»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930