«Մարդիկ պահանջը ձեւակերպել են՝ այս գործընթացն ապօրինի է, ոչ ոք իրավունք չունի այս տարածքները, այս հողերը հանձնի։ Կառավարությունը նոր թեզ ունի, չէ՞, ասում են՝ «պիլոտային» ծրագիր են անում․ թուրքին բերում են էստեղ, ասում են «պիլոտային» ծրագիր է․․․ մարդիկ այս ամենին դեմ են։ Ականազերծման աշխատանքներ էին կատարում ․․․ մարդկանց խաբելով՝ ուզում են այս գործընթացը կատարեն, չի կարող այդպես լինել»,- այսօր Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր սպասվող հանդիպումից։
Գառնիկ Դանիելյանը պնդում է, որ այս ծրագրի իրականացման դեպքում, այս գյուղերը կհայաթափվեն, մարդիկ պատրաստ չեն համատեղ բնակվելու, մանավանդ որ շատերը արցախյան տարբեր պատերազմներում զոհվածներ ունեն եւ այդ արյան գնով չեն պատկերացնում համակեցությունը։ Նաեւ մարդիկ, ովքեր նախկինում բնակվել են ադրբեջանցիների հետ, փաստում են, որ վերջիններս անընդհատ տարբեր ստոր միջոցների են դիմում՝ գողություններից սկսած։
Գառնիկ Դանիելյանը բացառում է որեւէ փոխզիջումը, կառավարությունից պահանջը մեկն է՝ հրաժարվել ապօրինի գործընթացից։ Պատգամավորի դիտարկմամբ նաեւ՝ ՀՀ սահմանների փոփոխության հարցը հանրաքվեով պետք է լուծվի, ոչ ոք չի կարող՝ որոշել ու լուծել։
«Մարդիկ աշխատանքի չեն գնում, դասի չեն գնում, այստեղ կանգնած են ու կանգնած մնալու են՝ մինչեւ իրենց պահանջներն իրականանան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ