Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան. «Մեր դիմադրությունը չի կարելի թողնել մի Սրբազանի, մի խումբ գործիչների ու «300 տավուշցիների» հույսին։ Սա շատ քիչ է»

Ապրիլ 22,2024 11:23

Քաղաքականությունն ընդդեմ արյան գետերի

Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։

ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավուշում անտառից փայտ կտրողների ցույցի ժամանակ Նիկոլը ուժայիններին ասել էր. «ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Հիմա հանդարտ-սիրուն Տավուշ մեծ աղետ բերվեց։

Միակ ճանապարհը՝ հակադրվել քաղաքականությամբ

Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ, ու նաև այն պատճառով, որ «մեծարգոյի» դիմաց քաղաքական համակարգ չկա, որ նրա ձեռքը բռնի։ Մեր դիմադրությունը չի կարելի թողնել մի Սրբազանի, մի խումբ գործիչների ու «300 տավուշցիների» հույսին։ Սա շատ քիչ է։ «300 սպարտացիների» պատմությունը վաղուց էր ու միֆական։ Առանց կազմակերպված քաղաքական համակարգի ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու մեր պայքարին։ Ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու հետպատերազմյան փուլին։ Ո՞նց ենք դուրս գալու այս դժոխքից, խուսափելով պատերազմից, չէ՞ որ ՄԵԿ հոգին ու, նրա պասով, ողջ Արևմուտքն ընդունեց, որ դա Ադրբեջան է և վերջ։

Հասել ենք այն կետին, որ, ըստ էության, արդեն քաղաքական կուսակցությունները, գործիչները, խմբակցություններն են ասում՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իրենց վարքագծով և բովանդակությա՜մբ են այդպես ասում։

Եթե մենք պետության պահպանումը չդարձնենք քաղաքական թեմա և չվերածենք քաղաքական պրոցեսի իր բովանդակությամբ և իր գործիքակազմով, ապա մենք կամ կունենանք պայքարի իմիտացիա (Արցախի շրջափակման ամիսների պես), կամ արկածախնդրություն (դրա նշաններն արդեն կան), կամ լավագույն դեպքում՝ ազնիվ մղումներով գործի տապալում։

Այս վիճակում միակ ուշադրության արժանի և արժեքավոր խոսքը քաղաքական բովանդակությունն է, քաղաքական լուծումների առաջարկը, հարցի քաղաքական շեշտադրումը։ Սուտ է պնդումը թե առաջնորդներ չկան, դրա պատճառով է այս վիճակը։

Կոնկրետ Տավուշում (կամ Տավուշից) իրական պայքարի մեջ ձևավորվում են լիդերներ՝ Բագրատ Սրբազան, Գառնիկ Դանիելյան, Սուրեն Պետրոսյան և այլք։ Մեր պայքարը պետք է լինի քաղաքական-համապետական, հարցադրումները և քայլերը պետք է լինեն մաքուր քաղաքական.

  1. Այս փաստաթուղթը ծնվել է նենգաբար այն պահին, երբ Հայաստանում ձևակերպվում էին լուրջ առաջարկներ իրավիճակը շտկելու համար.ինչո՞ւ, ինչպե՞ս։
  2. Ունե՞ր արդյոք Մ.Գրիգորյանը լիազորություն նման թուղթ ստորագրելու։
  3. Այս փաստաթուղթը ակնհայտորեն մեկ օրում չի գրվել, և ՀՀ իշխանությունները մինչև վերջին օրը խաբել են ժողովրդին։
  4. Այս ԱԺ-ն այլևս ոչինչ չունի քննարկելու, բացառությամբ Տավուշում ստեղծված իրավիճակի։
  5. Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ունենա լրջություն` թույլ չտալու Տավուշում «արյան գետեր», որևէ արկածախնդություն, որևէ լոկալ պայքար։ Սա գյուղերի հարց չէ, սա ՀՀ պետականության հարցն է։
  6. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է ծայրահեղ բարդ վիճակում՝ նախապես հայտարարելով, որ այդ տարածքները Ադրբեջանինն են, և այդ փաստն ի գիտություն է ընդունվել միջազգային հանրության կողմից։
  7. Անհրաժեշտ է սկսել քաղաքական ինտենսիվ կոնսուլտացիաներ՝ բոլոր ունակ ուժերի, միավորների, անհատների մասնակցությամբ։ Ձևավորել պայքարի լայն ձևաչափ՝ հանրային բոլոր շրջանակների մասնակցությամբ։
  8. Այսօր ամենալուրջ քաղաքականությունը ապակուսակցական շարժումն է, որտեղ կբարձրացվեն 1-6 նշված հարցերը, (սրանք շատ կարևոր հարցեր են, շատ բաների վրա լույս սփռող) ու հանրությանը կոգևորեն ու կտանեն երկրում քաղաքական խորքային փոփոխությունների։

Ծայրահեղ արկածախնդրություն կլինի պրոցեսի լոկալացումը կամ կենցաղայնացումը՝ Տավուշի խնդիր կամ տավուշցու, Կիրանցի խնդիր՝ կիրանցու, Ոսկեպարի և այլն։ Փաստաթղթի նենգ ծնունդ արդեն բոլորիս դրել է ծայրահեղ վտանգավոր վիճակում, միակ ելքը քաղաքական փոփոխություններն են, որոնք կբերեն լարվածության թուլացման՝ երկրի ներսում, և երկրի սահմաններին։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Վահե,
    Համաձայն եմ Ձեր վերլուծության և նախազգուշացումների հետ` թուլյ չտալ որ այս ընդվզումը հիշվի որպես հերթական, տեղական անց-ու-դարձ ու մարդիկ բավարարվեն որ եկեղեցին մնաց մեզ…

    Ի լրացում Ձեր նշած քայլերի ասեմ ևս մեկ բանի մասին: Կներեք որ երկար է ստացվելու: Խոսքը գնում է արագ հավաքվող, շատ շարժունակ ու բազմաթիվ թիմերի մասին է: Շատ լավ պատրաստված կազմակերպելու դիմադրություն, գոտապնդելու բնակիչներին ռեալ ու էական գործողություններով: Ու տեղացիներից միջից գտնելով, պատրաստելով իրենց խմբի պատճեն:

    Յուրաքանչյուր ընդվզումից հետո անհրաժեշտ է ստեղծել փորձը արձանագրող, նկարագրող ալգորիտմ (մենք ասում էինք բլոկ-սխեմա), որը ի համապասխան է բերում արդեն եղած նույնանման ալգորտմների հետ: Այսպես ստեղծվում են քաղաքական-հասարակական տեխնոլոգիաներ: Այս խիզախ ու հայրենասեր երիտասարդները կարիք ունեն ոչ միայն բոլորի աջակցության այլ առաջին հերթին իրենց ներքին համոզմունքները լավ արտահայտելու սխեմաներ: Կարևոր բաները շեշտելու, դիպուկ բառերը ընտրելու խորհուրդներ: Ես կարդում եմ իրենց կծկտուր խոսքը ու ակնհայտ է որ ահագին բան կա անելու: Նրանք կարող են դառնալ լավ առաջնորդներ, եթե կարողանան ինքնաարտահայտվել:

    Այս վիճակն է բերում նրան, որ ստահակ, բայց վարժ լեզու ուենող նիկոլը ընդունվում է պուտինի, իլհամի, արևմուտքի (միշել-ուրսւլա-քվին-կլաար ‘համաստեղության’) կողմից: Գիտեն որ կամայական մահաբեր քայլ կմատուցի հայերին որպես փրկարար: Իրենք նիկոլին տալիս են ‘մտքեր’, ինքը տեղ է հասցնում: Սա է արևմուտք-նիկոլ շխթայի բովանդակությունը: Պետք է կոտրել այդ շղթան` տղաները խոսել պիտի սովորեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930