Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հերթական խաբեությունն է, որին կհաջորդեն նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ». Ռուսաստանի հայերի միություն

Ապրիլ 22,2024 10:30

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) խստորեն դատապարտում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հետապնդումները, ինչպես նաև ուժի և ահաբեկման կիրառումը հայկական գյուղերի բնակիչների նկատմամբ, որոնք ոտքի են կանգնել պաշտպանելու հայրենիք ունենալու իրենց իրավունքը։ Այս մասին ասվում է ՌՀՄ-ի հայտարարության մեջ։

«Այն, ինչ կատարվում է սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, որոնք Հայաստանի իշխանությունները որոշել են անվերապահորեն հանձնել թշնամուն, չնայած Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարություններին, ոչ մի կապ չունի խաղաղության օրակարգի հետ։

Հակառակ Փաշինյանի հավաստիացումների՝ Արցախի կորուստը խաղաղություն չի բերել։ Ալիևին ամեն կերպ հաճոյանալու նրա ցանկությունը՝ մեր հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների հերոսությունն ու հիշատակը արժեզրկելով, չզսպեց Ադրբեջանին հայկական տարածքների հետագա օկուպացումից. այսօր նրա հսկողության տակ են գտնվում Հայաստանի երեսունմեկ բնակավայրի հողերը։ Չփորձելով լուծել հայոց պետականության պահպանման համար այս սկզբունքային հարցը, իշխանությունը ավելի ու ավելի շատ զիջումների է գնում՝ 2018 թվականից սկսած իր ակնհայտ ձախողված քաղաքականության պատասխանատվությունը գցելով ցանկացած մեկի վրա, բացի հիմնական պատասխանատուից՝ գործող կառավարությունից։ Կառավարություն, որը, խախտելով երկրի Սահմանադրությունը, առանց հանրաքվեի, վերաձևում է սեփական պետության սահմանները հօգուտ Բաքվի՝ չնայած վերջինիս աճող հակահայկական հռետորաբանությանն ու քաղաքականությանը և Բաքվի զնդաններում հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի բարձրագույն ղեկավարության, տառապանքներին։

Այս բոլոր միակողմանի զիջումները, որոնք ոչ Բաքվի, ոչ էլ երրորդ պետությունների կամ միջազգային կառույցների կողմից ամրագրված չեն Բաքվի կողմից հետագա ագրեսիայի դադարեցման փաստաթղթային և իրավական երաշխիքներով, երբեք չեն հանգեցնի խաղաղության։ Սա հերթական մանիպուլյացիան և խաբեությունն է, որին հաջորդում են նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և նոր պատերազմ, եթե հիմա չկանգնեցնենք նրանց, ինչպես այսօր փորձում են անել Տավուշի գյուղերի բնակիչները։

Այս գյուղերի հարցը սահմանի, դրա սահմանազատման կամ պաշտպանության խնդիր չէ, ոչ էլ Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցման խնդիր, ինչպես վստահեցնում են ՀՀ իշխանությունները։ Սա բարոյականության, պատվի ու խղճի խնդիր է։ Այսօր Տավուշում վճռվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի ու Բերքաբերի, այլ հայոց պետականության ու յուրաքանչյուր հայի ճակատագիրը՝ անկախ նրանից՝ նա ապրում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում, թե Ամերիկայում։

Ռուսաստանի հայերի միությունն իր խորին աջակցությունն է հայտնում Բագրատ արքեպիսկոպոսին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ պատանիներից մինչև 96-ամյա Լենա Գարդաշյանը, որոնք այսօր, պաշտպանելով հայոց ազգային շահերը, դարձել են Խղճի և Պատվի խորհրդանիշ։

Մենք պետք է հաղթենք, դրա համար պետք է միասին լինենք»,- ասվում է հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930