Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկեպարցիները կոտրեցին ամենամեծ միֆերը՝ իշխանությունը քանդված ու քայքայված վիճակում է, մի փոքր դիմադրության դեպքում իրավիճակը փոխվում է»

Ապրիլ 22,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցից հետո Ոսկեպարում ի՞նչ տրամադրություններ են, մարդիկ համաձայնե՞լ են ինչ-որ զիջումների։

– Ոչ, այդպիսի տրամադրություն չկա։ Համոզված եղեք, որ զիջումների գնալու տրամադրվածության մասին խոսակցությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում եւ հենց իշխանության կողմից են տարածվում։ Գոնե Ոսկեպարում գերակշիռ մեծամասնությունը գիտի, որ, հանդիպելով ոսկեպարցիների դիմադրությանը, իշխանությունը ստիպված եղավ հետքայլ անել, բայց ժամանակավորապես։ Սրանով իշխանությունները փորձում են ներկայացնել, որ բավարարելու են ոսկեպարցիների խնդիրները։ Մի կողմ ենք դնում հարցը, որ սա ընդհանրապես Ոսկեպարի խնդիրը չէ, բայց իշխանությունը փորձում է սա դարձնել գյուղական խնդիր։ Եվ այնպես է ստացվում, որ պետության սահմանները պետք է Կիրանցի հատվածում կիրանցիները որոշեն, Ոսկեպարի հատվածում՝ ոսկեպարցիները։ Սա մյուս մանիպուլյատիվ օրակարգն է, բայց սա հիմա դնենք մի կողմ։ Իրականությունն այն է, որ, հանդիպելով մարդկանց դիմադրությանը, իշխանություններն ուղղակի փորձեցին այդ իլյուզիան ստեղծել, թե փորձում են պահանջները բավարարել, եւ 90 տոկոսվ արդեն պայմանավորվել են Ալիեւի հետ։ Միաժամանակ, իշխանությունները նպատակ ունեն սրանով ժամանակ շահել, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համայնքներում, որ այս միակողմանի հանձնման գործընթացի դեպքում հանկարծ այսպիսի դիմադրության այլեւս չհանդիպեն։ Իշխանություններն սկսել են բավական ծավալուն գործընթաց՝ համայնքներին միմյանց հետ թշնամացնելու առումով։ Շատ խորքային աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։

– Ավելի հստակ կասե՞ք՝ եթե իշխանությունները փորձեն հենց վաղը որեւէ գործընթաց սկսել, տավուշցիները թույլ կտա՞ն։

– Գյուղացիներին ասել են՝ ամեն ինչ պահվում է այնպես, ինչպես կա, մեկ հատված կարող է համարժեք փոխանակվել, բայց դա դեռ քննարկման փուլում է։ Մարդկանց դիրքորոշումն այն է, որ եթե չլինի դելիմիտացիա-դեմարկացիա, որեւէ տարածքի հանձնում չի լինելու, թեկուզ եթե դա ներկայացվի որպես փոխադարձություն։

– Այսինքն՝ այս դրվագը ցույց է տալիս, որ եթե մարդիկ դիմադրում են, հնարավոր է լինում արդյունք արձանգարել, այդպե՞ս է։ Բայց իշխանությունը փորձում է կոտրել դիմադրության ոգին, ի՞նչ պետք է անել։

– Պետք է շարունակել պայքարել։ Ոսկեպարցիները կոտրեցին ամենամեծ միֆերը։ Պառլամենտական ընդդիմությունն ու իշխանությունը փորձում են այս իրականությունը խլեցնել եւ ցույց են տալիս, որ առանձնապես որեւէ բան տեղի չի ունեցել։ Բայց սա պետական հանցագործությանը հավասարազոր բան է, որովհետեւ մարդիկ միայն սեփական ուժերով կարողացել են կոտրել գործընթացները։ Թեկուզ կարճաժամկետ, բայց սա աննախադեպ հաղթանակ է պատերազմից հետո՝ վերջին 4 տարիների ընթացքում։ Հիմա սրա վրա ուզում են ստվեր նետել, ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել, որ խնդիրը լուծված չէ։ Իհարկե, առաջին հերթին ես եմ ասում, որ խնդիրը լուծված չէ, բայց պետք է արձանագրել, որ ոսկեպարցիները ոտքի կանգնելով՝ պետականության անկման գործընթացը կասցրել են։ Բայց այստեղ որոշ ուժեր փորձում են ներկայացնել, որ մեզնից ոչինչ կախված չէ, միեւնույն է, ինչ որոշել են, այնպես էլ անելու են։ Հիմա գոնե մարդիկ պետք է համոզվեն, որ այն ուժերը, որոնք այդպիսի բան են ասում, փորձում են սեփական անզորությունը քողարկել՝ առաջ բերելով ինչ-որ  հրեշավոր ուժերի, որ նրանք ամենազոր են։ Հավատացեք, իշխանությունն այնպիսի քանդված ու քայքայված վիճակում է, որ մի փոքր դիմադրության դեպքում իրավիճակը փոխվում է։ Բայց, ցավոք, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունն այդ հարցն այնպես են շրջանցում, որ կարծես որեէ բան չի էլ եղել։

– Այսինքն՝ իշխանությունների թեզերը, թե մենք «թույլ ենք, պարտված ենք, ներուժ չունենք», սրանով ի չիք են դառնո՞ւմ։

– Այո, վառ օրինակը Ոսկեպարի օրինակն է։ Փաշինյանը եկել ու մարդկանց ասում էր՝ ձեզ մեկ շաբաթից 10 օր ժամանակ, թե չէ ձեր վրա կբերեմ պատերազմ, կհարձակվի ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան ու Պակիստանը։ Այս սարսափի մթնոլորտն ամեն տեղ է աշխատում, բայց ոսկեպարցիներն իրենց օրինակով ցույց տվեցին, թե ինչ է նշանակում ուղղակի ձիգ մնալ հողի վրա։ Եվ տեսեք, թե ինչ էական փոփոխություն եղավ։ Մեկ ամիս առաջ Փաշինյանը սարսափեցնում էր, որ միակողմանի հանձնման այլ տարբերակ չկա, շատ արագ հանձնեք, թե չէ կոտորվելու եք։ Մարդիկ ասացին՝ պատերազմո՞վ եք վախեցնում, կպատերազմենք ու կպաշտպանվենք։ Եվ ամբողջ համակարգը փլուզվեց։ Վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանությունը շատ ինտենսիվ աշխատանք էր տանում՝ ուժայիններից սկսած մինչեւ ՔՊ տարբեր աջակիցներ հանրության մեջ փորձում են խժդժություն մտցնել, միմյանց նկատմամբ թշնամացնել։ Բայց ոսկեպարցիները շատ ամուր մնացին, եւ այս օրինակը ցույց է տալիս, թե ինչ փոփոխություններ է հնարավոր անել։

Բայց ես կարծում եմ՝ խնդիրն այսքանով չավարտվեց, մտավ ավելի բարդ փուլ։ Մենք մարդկանց հետ հանդիպումներ ենք անցկացնում, ես նրանց խնդրում եմ, որ հանկարծ որեւէ պարագայում չհուսահատվեն։ Թող այս օրինակն իրենց աչքի առաջ ունենան ու տեսնեն, թե ինչ է տեղի ունենում։ Մարդիկ պետք է ամուր կանգնեն ոտքի վրա, իրենց սկզբունքները չդավաճանեն, եւ կտեսնեն, թե ինչ է կատարվելու։ Հավատացեք, իշխանություններն իրենց բոլոր լծակներով ուղղակի անզոր են մարդկանց պայքարի դեմ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չգիտեմ արդյոք իմ մեկնաբանությունը կհասնի տեղ` կա Հայ Մարդ ով գրաքննություն է անում Առավոտում: հուսամ, որ կհասնի:
    Հա, խնդիրը այսքանով չավարտվեց: Այսօր, մինչդեռ բոլորը զբաղված են Տավուշով (որին վերաբերվող հիմնական հարցը լուծված է), Հայաստան Գորիսով մտան ռուսական խաղաղապահ զորքերը (1960 հոգի):
    Չեն եկել որ թողնեն գնա: Եքել են որ նույն հոգեբանական մշակման ենթարկելով, ապա էկո-միլիտանտների ուժերով պատրաստեն Սյունիքից հայության ‘խաղաղ’ արտագաղթը: Իշխանությունները վաղուց վայելում են իրենց հասնող դերակատարությունը` վախեցնել խելացի, ունակ, հայրենասեր երիտասարդներին և խոստումներ տալ ‘խեղճ-ու-կրակ’ ամեն ինչին հարմարվող միջին վիճակագրական հային:
    Այս 1960 հոգին ի կատար են ածելու նույն սխեման, ինչ որ արտադրեց Արցախի հայաթափումը: Եվ 2025-ը (202-ին 5 տարին) հենց այսպես էր նախագծված` 2023-ին Արցախի հայաթափում, որ 2025-ին անեն միջանցք Սյունիքով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930