Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Հայ լինելն արաբական աշխարհում, մասնավորապես՝ Սիրիայում, միշտ ասոցացվում է լավ գործերի հետ»

Ապրիլ 22,2024 12:30

Հարցազրույց Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Միսաք Պաղպուտարեանի հետ

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգը նվիրված էր Սիրիայի անկախության 78-րդ տարեդարձին։ Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարեց մեր հայրենակիցը՝ Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Միսաք Պաղպուտարեանը, ով երեկոյից հետո սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ։

– Մաեստրո, ձեր երկրորդ այցն է Հայաստան. առաջինը, եթե չենք սխալվում՝ 2020 կամ 21-ին էր, ղեկավարեցիք Հայաստանի կամերային նվագախումբը։ Գիտենք, որ դուք Սիրիայում հարգված երաժիշտ եք, նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պարտականություններն էլ ստանձնել եք 2003 թվականին։ Կուզեինք փոքր-ինչ հանգամանալից ծանոթանալ ձեր գործունեությանը, մանավանդ որ, այդ նվագախմբի հիմնադիրը՝ Սուլի Ալ-Ուատին, ասում են՝ հարգարժան մաեստրո էր եւ նվագախմբի հիմնադրման օրվանից՝ 1993-ից, հենց ինքն է ձեզ հրավիրել նվագախումբ եւ վստահել որոշ համերգների ղեկավարումը։

– Նախ պետք է նշեմ, որ, այո, նվագախմբի հիմնադիր Սուլի Ալ-Ուատին է ինձ հրավիրել, քաջալերել, որպեսզի ես երաժշտական ոլորտում մասնագիտանամ։ Նվագախմբի հետ առաջին համերգս 1994-ին էր, մեկ տարի անց մաեստրոն ինձ առաջարկեց իր օգնականի պաշտոնը, որը վարեցի մինչեւ 1997թ. Իտալիա մեկնելս։ Իսկ Իտալիա մեկնեցի ուսումս շարունակելու նպատակով։ 2000-ականների սկիզբն էր, երբ մաեստրոյի մահվան ցավալի լուրը ստացա. նա իր մահկանացուն կնքել էր համերգի ժամանակ։ 2002թ. Սիրիայի մշակույթի նախարարության պաշտոնյան ինձ հեռաձայնեց ու խնդրեց վերադառնալ։ Ու ինչպես նշեցիք՝ 2003-ին ստանձնեցի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնը։

– Պաշտոնը ստանձնելուց մի քանի տարի անց սկսվեց պատերազմը, որը տեւեց ութ տարի…

– Շատ ծանր ժամանակներ էին, մանավանդ որ, ոչ մեկը չէր կարող ենթադրել, թե 2011-ին սկիզբ առած խնդիրները կվերածվեն մեծ պատերազմի։ Ինչպես նման իրավիճակներում է լինում, մեր բարձրակարգ երաժիշտներից շատերը հեռացան երկրից, բնականաբար՝ տուժեց մշակութային կյանքն ընդհանրապես։

– Նման դեպքերում ասում են, թե մշակույթի ժամանակը չէ…

– Պատերազմի սկզբին մենք մեզ հարց էինք տալիս, թե նման պայմաններում, երբ երկիրը պատերազմի մեջ է, երբ մարդկանց հոգեկան վիճակը ծայրաստիճան սրված է, գուցե իսկապե՞ս երաժշտության ժամանակ չէ։ Բայց հետո սկսեցինք նամակներ ստանալ մեր ունկնդիրներից, բարեկամներից, որ համերգների անցկացումը ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ։ Մեզ խնդրում էին համերգներ ունենալ, որպեսզի մարդկանց հոգեկան վիճակը փոքր-ինչ թեթեւանա։ Կարճ ասած՝ մեր երաժիշտների համբերության շնորհիվ եւ արհամարհելով բոլոր վտանգները, շարունակեցինք մեր ճանապարհը։ Իսկ պատերազմից հետո սկսեցինք նույնիսկ երաժիշտներ հրավիրել այլ երկրներից՝ Չինաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Վենեսուելայից… իհարկե՝ Հայաստանից նույնպես։ Մեզ մոտ մեծ հաջողությամբ ելույթներ են ունեցել դաշնակահար Արմեն Բաբախանյանը, «Կոմիտաս» լարային քառյակը, «Կադանս» անսամբլը եւ այլն։


– Նույնիսկ չգիտենք ինչպես ուղղել այս հարցը. ձեզ՝ որպես հայ արվեստագետի, ինչպե՞ս են ընկալում սիրիացի հանրությունը, պետական մարմինները, թեեւ լսել ենք դրական վերաբերմունքի մասին։

– Ես ամենից առաջ սիրիացի եմ, ճիշտ է՝ ծագումով հայ, որի համար հպարտ եմ։ Հայ լինելս մեծ ազդեցություն է ունեցել իմ էության մեջ, նույնիսկ երաժշտական կյանքիս վրա է իր դրական ազդեցությունն ունեցել։ Բայց ես, կրկնում եմ՝ սիրիացի եմ զգացմունքներով ու նպատակներով եւ պարտք ունեմ այդ երկրի հանդեպ։ Որպես պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, միշտ մեծ հարգանք եմ զգացել թե՛ ժողովրդի, թե՛ պետական մարմինների կողմից։ Ի վերջո, հայ լինելն արաբական աշխարհում, մասնավորապես՝ Սիրիայում, միշտ ասոցացվում է լավ գործերի հետ։ Օրինակ՝ երբ արաբը որակյալ ապրանք է ուզում, հատկապես արհեստի ոլորտում, ասում են՝ գնա հայի մոտ… Եվ հայի հանդեպ հարգանքի արդյունքն է, որ Սիրիայում բազմաթիվ հայեր բարձր պաշտոններ են զբաղեցնում։

– Օպերային թատրոնում կայացած համերգին հնչեցին նաեւ սիրիահայ երաժիշտների ստեղծագործություններ…

– Շնորհակալությունս պետք է հայտնեմ Հայաստանում Սիրիայի դեսպանատանը, անձամբ դեսպանին եւ, իհարկե՝ Երեւանի օպերային թատրոնի տնօրեն մաեստրո Կարեն Դուրգարյանին, ով Սիրիայի անկախության օրվան նվիրված այդ միջոցառմանը, որի խորագիրն էր «Հատուկ համերգ», առաջարկել էր հենց իմ թեկնածությունը։ Շնորհակալ եմ, անշուշտ, օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (կոնցերտմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյան) երաժիշտներին, նաեւ հանդիսատեսին։ Վերջիններս մեծ ոգեւորությամբ ընդունեցին ուդահար, Դամասկոսի կոնսերվատորիայի ռեկտոր Ադնան Ֆաթալլահի արաբական ժողովրդական երաժշտության ոգով գրված ստեղծագործությունները, կոմպոզիտոր Շիրազ Այարեանի սիմֆոնիկ պարերը։ Ընդ որում, նա ուսում է ստացել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ճանաչված կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի դասարանում։ Կոմպոզիտոր Վանես Վարդանյանի «Լոնգա» ստեղծագործությունը նույնպես ջերմ ընդունելության արժանացավ։

– Մաեստրո, հուսով ենք, որ ձեր այցերը Հայաստան այսուհետ հաճախակի կլինեն։

– Ես շնորհակալ եմ ամեն ինչից եւ ամենքից։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարները՝ Երեւանի օպերային թատրոնում կայացած համերգից։

«Առավոտ» օրաթերթ
20.04.2024

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930