Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ վարչապետը մասնակցել է ՀՀ-ի դեմ թշնամական քաղաքականություն վարող ղեկավարի երդմնակալությանը, ապա չմասնակցել դե յուրե, դեռեւս ՀՀ-ի դաշնակից երկրի ղեկավարի երդմնակալությանը, առնվազն հարցեր կարող է առաջացնել»

Ապրիլ 22,2024 14:00

Ըստ ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանի՝ անկախ ամեն ինչից, երկկողմ հարաբերությունները շարունակվելու են, եւ թեկուզ այդ հարաբերությունների հետագան ֆիքսելու համար մասնակցությունը ճիշտ կլինի եւ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, եւ ԵԱՏՄ-ի՝ մայիսի 8-ի նիստին։

«Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, բայց այս պահի դրությամբ հիմքեր չկան ենթադրելու, որ այդ գործընթացը մինչեւ վերջ ավարտին չի հասցվի։ Ենթադրում եմ, որ առաջիկա չորս-հինգ ամիսներին ռուսական զորախումբը պետք է որ ամբողջությամբ դուրս գա»,- «Առավոտի» հարցին՝ կարծում եք Ռուսաստանն այդպես հեշտ կհեռանա՞ տարածաշրջանից, չեք կարծո՞ւմ, որ ռուս խաղաղապահների ինչ-որ թվակազմ կմնա տարածաշրջանում, այսպես պատասխանեց ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։

Հիշեցնենք՝ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների` դուրս գալու մասին լուրն ապրիլի 17-ին հաստատեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Դա, իրոք, այդպես է»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ռուս խաղաղապահների ինչ-որ թվակազմ տեղակայվի Տավուշում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե խոսքն այն ռուսների մասին է, որոնք հիմա Արցախից են հեռանում, ապա իրենք հեռանում են ՌԴ, ուստի չեմ կարծում, որ հետո իրենք ՌԴ-ից հետ կգան Տավուշի մարզ։ Վերջին հաշվով, եթե մենք տեսնենք անհրաժեշտություն հավելյալ ռուսական ներկայության ՀՀ-ում՝ նկատի ունեմ այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի պատերազմում եւ դրանից հետո, իհարկե, հիմնականում Սյունիքում, կարծես թե դա Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինվորների մի մասն է, որ տեղակայվեց Սյունիքում ու մինչեւ հիմա էլ այնտեղ են՝ թե՛ Գորիսում, թե՛ Ներքին հանդում, տարբեր տեղեկություններ կային, որ Ոսկեպարի շուրջ եւս նմանատիպ փոքր միավորում տեղակայված է, կամ պետք է տեղակայվի, ամեն դեպքում չեմ կարծում, որ եթե խնդիր առաջանա, օրինակ, Տավուշի մարզում որոշակի թվով ռուսական զինվորականների ներկայություն ապահովել, պարտադիր դա պետք է լինեին Արցախից հեռացած խաղաղապահները։ Հետեւաբար այս երկու հարցերը միմյանց հետ չեմ կապում»։

Մեր հիշեցմանը՝ ըստ ադրբեջանական APA-ի՝ Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի, Բենիամին Պողոսյանն այսպես արձագանքեց. «Եթե տրամաբանորեն դատենք՝ ընդհանրապես այդ կենտրոնն առանձնապես ակտիվությամբ աչքի չէր ընկնում՝ չնայած կարծես թե ինչ-որ բաներ օգտագործում էին Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով վիճակը հսկելու համար։ Սակայն 2023-ի սեպտեմբերին ԱՀ-ի ոչնչացումից եւ հայության բռնի տեղահանումից հետո ընդհանրապես եթե անկեղծ լինենք՝ թե խաղաղապահների ներկայությունը, թե այդ մոնիտորինգային կենտրոնի առկայությունն էր անհասկանալի։ Այսինքն՝ եթե ընդունում ենք, որ խաղաղապահներն ամբողջությամբ Արցախից հեռանալու են առաջիկա  ամիսներին, ապա լրիվ տրամաբանական է թվում նաեւ մոնիտորինգային  կենտրոնի գործունեության կասեցումը կամ փակումը։ Եթե Արցախում չկան հայեր, ռուս խաղաղապահներ, ապա ի՞նչ գործառույթներ կարող է այդ մոնիտորինգային կենտրոնն իրականացնել»։

Մեր փաստմանը՝ ռուսական կողմից բավականին նյարդային հայտարարություններ են հնչում՝ կապված Բրյուսելում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ ՀՀ-ի կողմից ռազմաքաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվելու հետ եւ հարցին՝ ռուսական կողմի այս մոտեցումն ու հայ-ռուսական առճակատումն ո՞ւր կարող է հասնել, վերլուծաբանն այսպես պատասխանեց. «Որքան կարելի է ռուսական կողմի հայտարարություններից կռահել, կարծես թե Ռուսաստանում կա խորացող ընկալում, որ ամեն դեպքում ՀՀ-ի կառավարությունը որոշել է կատարել 180 աստիճանի շրջադարձ ՌԴ-ից դեպի Արեւմուտք։ Այդ գնահատականն ինչքանով է մոտ իրականությանը, բարդ է ասել։ ՌԴ-ում խորանում է ընկալումը, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն իրականացնում է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիա, այսինքն՝ պահպանում է հարաբերությունները ՌԴ-ի հետ նույն մակարդակի վրա եւ խորացնում է հարաբերություններն այլ խաղացողների հետ՝ Հնդկաստան, ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիա, այլ հակված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակն էականորեն  նվազեցնել։ Դա, հասկանալի է, որ դժվար թե ՌԴ-ին դուր գա։ Վերջին հաշվով ՀՀ-ն հետխորհրդային տարածքի պետություն է, եւ գիտենք՝ ՌԴ-ն ինչքան ցավոտ է տանում այն պետությունների զարգացումները, որոնց համարում է իր հատուկ շահերի տարածք։ Հիմա, երբ արդեն երկու տարի ՌԴ-Արեւմուտք պատերազմ է ընթանում, հասկանալի է, որ ցանկացած հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության նվազումն ու արեւմտյան ազդեցության աճը ՌԴ-ի կողմից կընդունվի ծայրահեղ դժգոհությամբ»։ Ըստ Բենիամին Պողոսյանի՝ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի հստակություն կմտցվի մայիսի սկզբին։ Հայտնի է, որ մայիսի 7-ին ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունն է, մայիսի 8-ին՝ ԵԱՏՄ ստեղծման տասնամյակի միջոցառումներ են նախատեսված, ՀՀ-ն էլ այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։ Այս առիթով Բենիամին Պողոսյանը նշեց. «ՀՀ-ն հայտարարում է, որ ԵԱՏՄ-ն քաղաքական կառույց չէ, ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ դա չքաղաքականացվի, բայց միեւնույն ժամանակ որպես տնտեսական կառույց այն շարունակում է  լիովին համապատասխանել ՀՀ տնտեսական շահերին, եւ որեւէ խնդիր չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու։ Եվ այս տրամաբանության շրջանակում ենթադրվում է, որ ամեն դեպքում մայիսի 7-ին կամ 8-ին տեղի կունենա ՀՀ վարչապետի այցը ՌԴ, որտեղ երկու երկրների ղեկավարները հնարավորություն կունենան աչք առ աչք հանդիպում ունենալ, եւ թերեւս ՌԴ-ն կփորձի շատ ավելի հստակ ստանալ իր հարցերի պատասխանները»։

Հարցին՝ ճիշտ կլինի՞, եթե ՀՀ վարչապետը մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, Բենիամին Պողոսյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է անգամ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը. «Մի պետություն, որը 2020-ին ուղղակի ներգրավված էր Արցախի եւ ՀՀ-ի դեմ պատերազմում եւ երկրի նախագահ, որն ամեն ինչում աջակցում է պարոն Ալիեւին, թե 2020-ից առաջ, թե ընթացքում եւ հետո։ Հիշենք 2020-ին Բաքվում հաղթանակի շքերթին նրա մասնակցությունը, 2021-ի հունիսին Շուշիում թուրք-ադրբեջանական համատեղ հռչակագրի ստորագրումը։ Այսինքն՝ վերջին երեք տարիներին Թուրքիան ուղղակիորեն  բացահայտ թշնամական դիրքորոշում ունի ՀՀ-ի հանդեպ թե՛ որպես պետություն, թե՛ որպես Էրդողանը պետության ղեկավար։ Վերջին երկու տարում սառեցված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը՝ չնայած ի սկզբանե հայտարարվում էր, որ հարաբերություններն առանց նախապայման են, մինչդեռ Թուրքիան հայտարարում է, որ նախապայմաններ կան՝ դա Արցախի ոչնչացումն էր, հիմա խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Պարզ է, որ առնվազն վերջին երեք տարում Թուրքիան ՀՀ-ի հանդեպ վարում է թշնամական քաղաքականություն։ Եթե այդ պայմաններում այս կամ այն նկատառումներից կամ հաշվարկներից ելնելով՝ ՀՀ-ի ղեկավարը որոշել է, որ ինքը պետք է ներկա լինի ՀՀ-ի հանդեպ ուղղակի թշնամական քաղաքականություն վարող ղեկավարի երդմնակալության արարողությանը, ապա չմասնակցել դե յուրե, դեռեւս ՀՀ-ի դաշնակից երկրի ղեկավարի երդմնակալությանը, առնվազն հարցեր կարող է առաջացնել։ Ոչ մեկը չի չեղարկել 1997-ի այդ պայմանագիրը, որը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմքն է։ Չեմ ասում, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ-ի կողմից ձեռնարկված քաղաքական եւ ռազմական համակարգերի կամ միավորումների մաս։ Այդ պայմաններում երդմնակալության արարողության չգնալն առնվազն հարցեր կառաջացնի՝ ի՞նչ հիմնավորմամբ է մասնակցում ՀՀ-ի թշնամի պետության ղեկավարի երդմնակալության արարողությանը։ ՌԴ-ում հարցեր կառաջանան, որ, փաստորեն, ՀՀ-ն գտնում է, որ ՌԴ-ն շատ ավելի վատն է, կամ ավելի թշնամի է, քան Թուրքիան։ Մի խոսքով, այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ մասնակցությունը ճիշտ կլիներ՝ վերջին հաշվով գոնե հարաբերություններում  հստակություն  մտցնելու առումով։ Եթե իրոք որոշում կա ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակն էականորեն նվազեցնել, ամեն դեպքում կարեւոր է այդ որոշման  հիմնավորումը կամ հետագայում հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը ճշտելը։ Անկախ ամեն ինչից հարաբերությունները շարունակվում են։ Թվում է, թե 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ ուղղակի ՌԴ-ն պատերազմի մեջ էր Վրաստանի հետ, ռուսական ինքնաթիռները ռմբակոծում էին Թբիլիսին, թվում էր, թե դրանից հետո ռուս-վրացական հարաբերություններ չեն լինի, բայց մենք տեսնում ենք, թե ինչ ինտենսիվ տնտեսական հարաբերությունների մեջ է ՌԴ-ն Վրաստանի հետ։ Այսինքն՝ անկախ ամեն ինչից երկկողմ հարաբերությունները շարունակվելու են, եւ թեկուզ այդ հարաբերությունների հետագան ֆիքսելու համար մասնակցությունը ճիշտ կլինի երկու միջոցառումներին էլ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930