Լրահոս
Օրվա լրահոսը

12 պարզ խորհուրդ աչքերի փայլը պահպանելու համար

Ապրիլ 22,2024 09:30

Վճիտ, փայլուն աչքերը կենսական էներգիայի, երիտասարդության խորհրդանիշ են համարվում, ահա թե ինչու են կարևոր աչքերի բնական փայլը պահպանելուն ուղղված ջանքերը:

Ի՞նչ անել աչքերի փայլը պահպանելու համար

Իհարկե, ավելի տրամաբանական կլիներ հետևյալ խորհուրդը՝ սիրահարվել, սակայն մենք առանձնացրել ենք այն տարբերակները, որոնք ավելի պարզ են ու պակաս դրամատիկ։

1. Խուսափել օդի չորությունից

Բարձրադիր վայրերում, անապատային կամ կիսաանապատային կլիմայական գոտիներում ապրող մարդիկ մշտապես ենթարկվում են օդի չորության ազդեցությանը, թեև խնդրի պատճառ կարող են դառնալ նաև քամին, ծուխը, ջեռուցումը և այլն։ Դրա հետևանքով աչքերում կարող է գրգռվածություն, կարմրություն ու ծակծկոցի զգացում առաջանալ։

Աչքերը խոնավացնող կաթիլները կարող են խնդրի լուծում դառնալ, եթե չոր օդի ազդեցությունն անխուսափելի է։

2. Կոպերին կանաչ թեյի փաթեթներ դնել

Եթե աչքերն այտուցվել են կամ գրգռվել, կարող են օգտակար լինել կոպերին դրված կանաչ թեյի պարկիկները, որոնք կնպաստեն այտուցի ու անհարմարության նվազեցմանը։ Մի հետազոտության համաձայն՝ կանաչ թեյի կազմում առկա գալաթ էպիգալոկատեխին պոլիֆենոլը հակաբորբոքային ազդեցություն է գործում եղջերաթաղանթի վրա։

Կանաչ թեյն աչքերի համար օգտագործելու համար պետք է թրջել թեյի փաթեթները եռման ջրում, այնուհետև թողնել սառնարանում մոտ 15 րոպե, որից հետո դնել կոպերին ու պահել մոտ 10 րոպե։

3. Սննդակարգը հարստացնել օմեգա ճարպաթթուներով

Հետազոտությունների համաձայն, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներն օգնում են չոր աչքի համախտանիշի դեպքում։ Օմեգա ճարպաթթուների լավ աղբյուր են յուղոտ ձկնատեսակները, կտավատի սերմը, չիայի սերմերը, հունական ընկույզը և այլն։

4. Օգտագործել վարդի ջուր

Կան տվյալներ, որ վարդի ջուրն օժտված է հակաբորբոքային, վարակազերծիչ ազդեցությամբ։
Վարդաջուրն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել ակնաբույժի հետ։ Այն կարելի է կիրառել աչքերի մեջ կաթեցնելու կամ կոպերին թրջոց դնելու եղանակով։

5. Դիմել վարունգի օգնությանը

Վարունգի հյութն ունի հակաօքսիդանտային ու հակաբորբոքային ուժեղ ազդեցություն․ իզուր չէ, որ վարունգի շերտերն իրենց աչքերի խնամքի համար օգտագործել են մեր մայրիկները, տատիկներն ու նրանց մայրիկները։

6. Կարգավորել քունը

Եթե քնի որակն այնքան էլ լավը չէ, դա վաղ թե ուշ անդրադառնում է աչքերի վրա։ Եթե ցանկանում եք խուսափել աչքերի հոգնածությունից, ապա փորձեք բարելավել քնի որակը՝ քնելուց առաջ բացառելով էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը։

7. Պաշտպանել աչքերն արևից

Աչքերն արևից պաշտպանելով՝ կարելի է խուսափել ոչ միայն աչքերի չորությունից, այլև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից։

8. Բավարար քանակով ջուր խմել

Դա անհրաժեշտ է մարդու ընդհանուր առողջության համար, բայց և առավել կարևոր՝ մաշկի ու աչքերի համար։

9. Ընդմիջումներ կատարել

Եթե իրականացնում եք որևէ աշխատանք, որը տեսողական կենտրոնացում է պահանջում, ապա փորձեք 20 րոպեն մեկ ընդմիջում կատարել։ Աչքերին հանգստանալու հնարավորություն տալու համար մի քանի րոպե փակեք աչքերը կամ մի քանի վայրկյան արագ թարթեք՝ աչքերը խոնավացնելու համար։

10. Օգտագործել արհեստական արցունքներ

Տարիքի հետ մեծանում է չոր աչքի համախտանիշի զարգացման վտանգը։ Աչքերի չորությանը կարող են նպաստել նաև կոնտակտային լինզաների օգտագործումը, որոշ դեղամիջոցները, ինչպիսիք են հակահիստամինային դեղերը և այլն։

Աչքերի չորության դեմ կարելի է պայքարել նաև առանց դեղատոմսի վաճառվող արհեստական արցունքների միջոցով, որոնք թույլ կտան պահպանել աչքերի խոնավությունը։

11. Սահմանափակել աղի օգտագործումը

Աղի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակմանը։ Դա կարող է աչքերի շրջանում այտուց առաջացնել։

12.Սառը թրջոց օգտագործել

Աչքերի շրջանում այտուցվածությունը, հոգնածությունը կարելի է թեթևացնել սառը թրջոցների օգնությամբ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Healthline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930