Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսի, ֆրանսիացի խորհրդարանականների, օտարերկրյա դեսպանների, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի ներկայացուցիչների, քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։
Այնուհետև Ֆրանսիայի Զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման արարողությունը` ի հիշատակ Հայող ցեղասպանության անմեղ զոհերի: Կրակի թեժացման արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, որից հետո ի համերաշխություն հայ ժողովրդի հնչեց «Էրեբունի-Երևան» երգը։
Կատարող` Վարդուհի Թորոյան
Նվագակցությամբ` Ֆրանսիայի Զինված ուժերի նվագախմբի։
ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ