Աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը կիրակի՝ ապրիլի 21-ի առավոտյան համերգային ծրագրով հանդես եկավ Խուստուփ լեռան հարեւանությամբ գտնվող Փսկու խութում: Երկու ժամ տեւած համերգային ծրագրով նա ներկայացրեց իր նախավերջին՝ «Ներքին կանչ» ալբոմում ընդգրկված գործերը։ Կային ստեղծագործություններ նաեւ «Ծաղրարմատ» ժողովածուից։
«Հող ու ջուր» խորագրով համերգին Տիգրան Համասյանի բեմում էին Մարկ Կարապետյանն ու Արման Մնացականյանը։
Հանրապետության տարբեր անկյուններից մարդիկ հասել էին Կապան։ Այս օրերին Կապանի հյուրանոցներում ու հյուրատներում ազատ սենյակներ չկային։ Ոմանք սենյակներ էին ամրագրել Կապանին հարակից բնակավայրերում։
Կարդացեք նաև
«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- համերգից առաջ գրել էր Համասյանը։
Կապանյան համերգից մեկ օր առաջ եղանակը բարենպաստ չէր․ անձրեւ, ամպրոպ, կայծակ։ «Խուստուփը սուրբ լեռ է, կարծես զգուշացնում էր՝ որ համերգը տեղին չէ, բայց առավոտյան եղանակը արեւոտ էր ու բարձրացա Խուստուփ»,-պատմում էր համերգի մասնակիցներից մեկը։ Մյուսը անմիջապես հակադարձեց՝ «հանճարը դիմադրեց ու հաղթեց»։
Տիգրանի խոսքով՝ երաժշտությունն էլ բնության մի անքակտելի մասն է, ինչի համար էլ համաձայնվեց Խուստուփի ստորոտում նվագելու առաջարկին։ «Պետք է բնության մոտ լինենք, փորձենք ճանաչել մեր էությունը»,-նշել է դաշնակահարը:
Վաղը Տիգրան Համասյանը համերգային ծրագրով կլինի Մեղրի համայնքի Շվանիձոր համայնքում։ Այս անգամ նա նվագելու է դահլիճում;
Ի դեպ, ֆեյսբուքում արդեն գրառումներ են արվում՝ Տիգրան Համասյանին առաջարկելով համերգ տալ Տավուշում՝ Ոսկեպարում, Կիրանցում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ