Քիչ առաջ Տավուշում դարձյալ Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակել են։
Ոստիկանների գործողությունների միջոցով ճանապարհն ավելի վաղ բացվել էր, մեքենաներն անցել էին։ Որոշ ժամանակ անց ճանապարհը դարձյալ փակվեց։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, դիմելով մարդկանց, ասաց․ «Այստեղ շատ ավելի կարեւոր գործընթացներ են տեղի ունենում, քան ինչ-որ մեկին բերման ենթարկելը, մինչեւ վերջ կանգնեք։ Բոլորդ կանգենք ու մեկ քայլ հետ չդնեք, պրովոկացիաների չտրվեք, որեւիցե մեկի նկատմամբ ուժ չգործադրեք»։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները երեկ եւ այսօր փակել էին Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ