Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ոստիկանները թող գան տեսնեն, թե ոնց են ականները հանում, թուրքերին բերում մեր հայրենիքում նստացնում»․ Տավուշում ոստիկաններն ուժով բացեցին ճանապարհը

Ապրիլ 21,2024 18:24

Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհին իրավիճակը լարվել էր, ոստիկանական ուժերի կողմից ճանապարհը բացվեց։ Ոստիկաններն ակնհայտ ագրեսիվ էին տրամադրված եւ փորձում էին անգամ ճանապարհին կանգնած մեքենաները ուժով հեռացնել։ Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են ուժի դիմում, տարածքում գործողությունները ղեկավարող ոստիկանը պատասխանեց․ «Ոստիկանությունը ոչ մի բիրտ ուժի չի դիմում»։ Ոստիկանները հայտարարեցին, որ խաղաղ ակցիան ողջամիտ ժամկետ ունի, Հավաքների ազատության մասին օրենքով՝ այդ ողջամիտ ժամկետը սպառվել է։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները երեկ եւ այսօր փակել էին Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

Ոստիկանների հետ բանակցում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ ըստ իրենց տեղեկությունների՝ երեկվանից հետո մինչեւ երկուշաբթի տավուշցիները չպետք է որեւէ քայլ ձեռնակեին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Եվ հիմա իրենք պահանջում են բացել ճանապարհը։ Հիշեցնենք, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկուշաբթի օրը տավուշցիների հետ պետք է հանդիպի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Բնակիչները խոստացել էին մինչեւ երկուշաբթի որեւէ գործողություն չանել, բայց այսօր առավոտյան Ոսկեպար եւ Կիրանց գյուղերի բնակիչները տեսել են, որ Պաշտպանության նախարարության աշխատակիցները ականազերծման աշխատանքներ են իրականացնում գյուղերի տարածքում։ Գյուղացիները խոչընդոտել են այդ աշխատանքների իրականացմանը, այնուհետեւ փակել ճանապարհը։ Այսպիսով՝ տավուշցիները հայտարարում են, որ իշխանություններն իրենց խաբել են, ասել են, որ մարդիկ սպասեն մինչեւ երկուշաբթի, բայց զուգահեռ ականազերծման աշխատանքներ են սկսել։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, դիմելով ճանապարհը փակած անձանց, կոչ արեց չտրվել սադրանքներին․ «Խնդրում եմ, ոչ ոստիկանության, ոչ իշխանության որեւէ ներկայացուցչի հետ այլեւս քննարկումներ չանեք, եղել է պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը խախտված է։ Խնդրում եմ, որ որեւէ մեկը չտրվի պրովոկացիայի, որեւէ բան չհրահրի, որպեսզի միջանձնային բախում չլինի»։ Այդուհանդերձ, ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ Սուրեն Պետրոսյանը սադրիչ գործողություններ է իրականացնում։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ ճանապարհը բացելը, հասարակական կարգը վերականգնելը ոստիկանության խնդիրն է։ Բագրատ սրբազանն էլ ասաց, որ ոստիկանությունը պետք է ապահովի ճանապարհը փակած մարդկանց անվտանգությունը։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ոստիկաններին, հայտարարեց․ «Մենք հարցնում ենք՝ այս ի՞նչ է եղել, որ կիրակի օրով գալիս եք ականները հանում եք, պայմանավորվածությունը խախտում եք։ Ասում են՝ թյուրիմացություն է եղել։ Ականը հանում են, որ թուրքին բերեն, ասում է՝ թյուրիմացություն է եղել։ Ես հրավիրում եմ իրավապահ համակարգին, թող գան իրար հետ գնանք, տեսնեն, թե ոնց են ականազերծման աշխատանքներ կատարում, ոնց են միները հանում, թուրքերին բերում մեր հայրենիքում նստացնում։ Դրանից մի քանի օր առաջ եկել են, գյուղում չափագրման աշխատանքներ են կատարել։ Այդ չափագրման աշխատանքներով՝ եկեղեցին, դպրոցը, ասում է՝ այստեղ պիտի ադրբեջանցիները մնան։ Ասում է՝ ադրբեջանցիները պիտի Կիրանց գյուղում մնան, հերիք է, բոլ է, ժողովուրդ, արթնացեք։ Սա մեկ գյուղի խնդիր չէ, սա Հայաստանի Հանրապետության հարցն է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    ԱՊԱԳԱ ԿԱ ԿԱ ԱՊԱԳԱ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930