Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը բոլորովին այն խոսույթի մեջ չէ, ինչ Հայաստանի իշխանությունները փորձում են մանիպուլյատիվ մեթոդներով հրամցնել հասարակությանը»․ Արտակ Բշտիկյան

Ապրիլ 21,2024 17:36

«Այո, խնդիրը հիմա Տավուշի հետ է կապված, բայց սա Տավուշի հարցը չէ, սա Հայաստանի ընդհանուր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցն է։ Եվ այն ուղին, որը որդեգրել են իշխանությունները, ոչ մի տեղ չտանող ուղի է, որովհետև միակողմանի զիջումներով ոչ հնարավոր է խաղաղություն ունենալ, ոչ տարածքային ամբողջականության ապահովում, ոչ էլ անվտանգության երաշխիքներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ հիմնադիր անդամ Արտակ Բշտիկյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին հանձնելու որոշմանը։

Նա հավելեց․ «Իշխանության մանիպուլյատիվ խոսույթը, որ սահմանի ամրագրմամբ մենք բարձրացնում ենք անվտանգային համակարգը, միգուցե այլ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային միջավայրում հնարավոր է, բայց դա չի կարող մեր թշնամիների հետ հարաբերություններում բարենպաստ ելք ապահովել»։ Ըստ Բշտիկյանի՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ախորժակը չի սահմանափակվում այդ չորս գյուղերով․ «Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրած հատվածները վերադարձնելու մտադրություն չունի։ Այսինքն՝ Ադրբեջանը բոլորովին նույն խոսույթի մեջ չէ, ինչ Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են մանիպուլյատիվ մեթոդներով հրամցնել հասարակությանը»։

Արտակ Բշտիկյանի խոսքով, հետեւաբար, ժողովուրդը պետք է հասկանա, որ սա Տավուշի հարցը չէ միայն, սա ամբողջ Հայաստանի հարցն է, եւ պետք է բոլոր հնարավոր միջոցներով կանխել այս վտանգավոր գործընթացը։ Ըստ նրա՝ մեր ամենաուժեղ առաջնագիծը քանդելով՝ ոչ թե ավելացնում, այլ մի քանի անգամ նվազեցնում ենք Հայաստանի անվտանգության բաղադրիչը։

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ձեւավորվել է վերջերս։ Արտակ Բշտիկյանի խոսքով՝ կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղությունները մի քանիսն են։ «Գլխավոր ուղղությունը արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի ձեւավորումն է, որի հիմնական նպատակը այն խոսույթի բացառումն է, որ զիջումներից բացի չկա ուրիշ տարբերակ, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Մենք համոզված ենք, որ դիվանագիտությունն ունի այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս նույնիսկ շատ բարդ իրավիճակներում դիվանագիտական լուծումներ գտնել տարբեր խնդիրների համար։ Եվ անպայման չէ, որ դրա այլընտրանքը պատերազմը լինի։ Մեր նպատակն է եւ հանրությանը, եւ արտաքին գործընկերներին ցույց տալ, որ դիվանագիտական գործիքակազմի օգտագործմամբ հնարավոր է մարտահրավերներին լուծումներ գտնել»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930