Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստումներ չէին տալիս, բայց ապրումակցումը եւ խնդիրներին տեղեկանալու իրական ցանկությունը նկատելի էր». արցախցի իրավապաշտպանը՝ ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումների մասին

Ապրիլ 21,2024 18:44

Արցախցի հինգ կանայք ապրիլի 15-19-ը Բրյուսելում մասնակցել են տարածաշրջանի խնդիրներին նվիրված կանանց կոնֆերանսի, որի ընթացքում առանձին հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնական կառույցներում:

Մեր զրուցակիցը՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Անուշ Շահրամանյանը, նրանցից մեկն է: Նա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձակատարի և ՀՀ փաստաբանների պալատի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ներգրավված փաստաբան է՝ բռնի տեղահանված անձանց եւ ապաստան հայցողներին իրավաբանական աջակցություն տրամադրելու համար։

Ըստ Անուշի՝ Բելգիա են այցելել մասնակցելու Եվրամիության «ԵՄ-ն՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում կայացած կանանց կոնֆերանսին, որին մասնակցում էին Հարավային Կովկասի եւ Մոլդովայի պատվիրակները:

Հայաստանից նույնպես մեծ պատվիրակություն է եղել, այդ թվում՝ Արցախի հինգ ներկայացուցիչները: Անուշը պատմում է, որ ի սկզբանե հրավիրված է եղել Յանա Ավանեսյանը, որը 2020-ի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիների հետ միասին վերադարձել էր Արցախ եւ այնտեղ էր բնակվում, սակայն 2023-ի շրջափակման ընթացքում եւ տեղահանման ժամանակ ԱՄՆ-ում սովորելիս է եղել, Արցախում չի եղել: Յանան միջնորդել է, որ այդ համաժողովին մասնակցեն նաեւ 2023-ի բուն շրջափակումն ու բռնի տեղահանումը վերապրած կանայք: Արդյունքում՝ Յանա Ավանեսյանը, Անուշ Շահրամանյանը, Լուսինե Վանյանը, Մարինա Սիմոնյանը եւ Էլինա Գասպարյանը մեկնել են Բրյուսել՝ հայաստանյան խմբի կազմում:

-Ձեր ՖԲ էջում նշել էիք, որ հանդիպումներ եք ունեցել ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ, ներկայացրել արցախցիներին հուզող խնդիրները: Այդ հանդիպումները կոնֆերանսի շրջանակներո՞ւմ էին:

– Մենք մեկնել էինք մասնակցելու այդ կոնֆերանսին եւ ակտիվորեն մասնակցում էինք, սակայն արդեն կոնֆերանսի ժամանակ, երբ ԵՄ ներկայացուցիչներ էին հրավիրված, մենք առիթը բաց չթողեցինք կոնկրետ մեր հարցերով կապեր ստեղծելու, մեր հարցերը բարձրացնելու համար: Լրացուցիչ հանդիպումներ կազմակերպեցինք Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչների հետ, մեզ համար առանձին օր նշանակեցին, ինչպես նաեւ Եվրոպական պառլամենտում Արցախի հետ բարեկամության խմբի պատգամավորի հետ հանդիպեցինք: Մեր հինգ հոգանոց խմբով հանդիպում ունեցանք նաեւ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակում:

Երբ ներկայացնում էիք ձեր վերապրածը, ձեզ հուզող խնդիրները, ի՞նչ զգացողություն ունեիք՝ ձեզ հասկանո՞ւմ են, գիտակցո՞ւմ են խնդիրների մակարդակը, որեւէ արդյունք կտա՞ն այդ հանդիպումները, թե՞ զուտ «պտիչկայի» համար հանդիպումներ են:

– Անկեղծ ասած՝ ես չեմ կարող ասել ի՞նչ արդյունքներ կարող են տալ, բայց պիտի նշեմ, որ մեզ շատ լավ էին ընդունում, շատ ջերմ: Եվ իրոք, ապրումակցումը, իրավիճակի գիտակցումը զգալի էր: Այնպես չէր, որ պարզապես լսում էին, անցնում.. Նրանք բոլորն էլ նշում էին, որ մի բան է զուտ իրավիճակին տեղյակ լինելը եւ մեկ այլ բան՝ նման էմոցիոնալ շփումը եւ առաջին դեմքից այդ ամենի մասին լսելը, տեղեկանալը: Պետք է նկատեմ, որ նրանք բոլորն էլ ասում էին, որ շատ օգտակար հանդիպումներ են, կփորձեն միշտ մեր կողքին լինել եւ իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել:

ԵՄ պաշտոնյաներին ներկայացված փաստական ապացույցներից որոշները:

Ասացիք, որ ներկայացրել եք արցախցիների, ինչպես նաեւ՝ գերեվարվածների խնդիրները: Այդ կապակցությամբ որեւէ խոստում եղա՞վ, որեւէ գործողություններ ակնկալո՞ւմ եք:

– Բնականաբար, իրենք շատ զգույշ էին, որեւէ խոստումներ չեն տվել: Իրենք պարզապես արձանագրել են այն խնդիրները, որոնք մենք բարձրացրել ենք, եւ ասել են, որ հետեւողական կլինեն, մեր կողքին են: Առաջին հարցը, որ բարձրացրել ենք, դա արցախցիների հավաքական վերադարձի հարցն է: Մենք նշել ենք, որ Ալիեւը կարող է ամեն բան ասել, խոստանալ, բայց մենք եկել ենք վկայելու, որ անհնար է մեր համատեղ գոյակցությունը, եւ դա փաստում է 2023 թվականին տեղի ունեցածը՝ իննամսյա շրջափակումը եւ ապա՝ հարձակումը: Մենք նշեցինք, որ 2020-ից աղետալի պատերազմից հետո մենք հավաքական վերադարձանք Արցախ՝ շատ լավ գիտակցելով, որ անվտանգության որեւէ ապահովում չի կարող լինել: Սակայն 2022-ի վերջին սկսվեց իննամսյա շրջափակումը, եւ 2023-ի սեպտեմբերին՝ հերթական հարձակումը, որին էլ հետեւեց բռնի տեղահանումը: Որպեսզի մենք վերադառնանք հայրենիք, ինչը մեր բոլորիս ցանկությունն է, մեզ պետք են անվտանգության միջազգային երաշխիքներ եւ Արցախի որոշակի կարգավիճակ: Առանց դրանց՝ անիմաստ է խոսել մեր վերադարձի մասին:

Նաեւ բարձրացրեցինք շրջափակման սկզբից Վագիֆ Խաչատրյանի եւ ապա դրան հաջորդած՝ Արցախի նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց գերեվարման խնդիրները: Բնականաբար, խոսեցինք նաեւ ներկայումս արցախահայությանը հուզող սոցիալական խնդիրների մասին:

-Ձեր ձայնը լսելի դարձնելու առումով նմանատիպ հանդիպումների շարունակականություն ակնկալվո՞ւմ է:

– Մենք այդ հանդիպումների ընթացքում ոչ միայն մեր խնդիրները բարձրաձայնեցինք, այլեւ տվյալներով փոխանակվեցինք: Եվրոպական ծառայության արտաքին գործողությունների ներկայացուցիչները, օրինակ, նշեցին, որ որեւէ առիթ բաց չեն թողնի եւս մեկ անգամ մեզ հետ կապ հաստատելու համար: Բնականաբար, որեւէ կոնկրետ, հստակ գործողություն այս տեսակի հանդիպումների ժամանակ չեն կարող խոստանալ, բայց, կարծում եմ, մենք հասանք մեր հիմնական նպատակին, այն է՝ տեղում մեր խնդիրները բարձրացնել, եւ հայտնել, որ արցախցիները չեն համակերպվել այս իրավիճակի հետ եւ չեն ընդունում սա որպես վերջնական լուծում, մտածում են հայրենիք վերադառնալու մասին: Բնականաբար, մենք չէինք կարող հինգ աղջիկներով ընդամենը հինգ օրում, մի քանի հանդիպումների ընթացքում ներկայացնել մեր բոլոր խնդիրները եւ ինչ-որ կոնկրետ հաջողությունների հասնել, բայց եթե բոլորը՝ ե՛ւ Արցախի կառավարության ներկայացուցիչները, ե՛ւ անհատները, ե՛ւ տարբեր կազմակերպություններ, չդադարեն խոսել մեր խնդիրներից, թակել տարբեր միջազգային ատյանների դռներ, համատեղ ջանքներ գործադրեն, ապա, կարծում եմ, որ արդյունքներ կարձանագրենք:

– Նաեւ՝ Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչները…

-Այո, անշուշտ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930