Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ով ինչ տարածքի խնդիր ունենա, գանք իրար վրա ելնինք, քշենք, իրար սպանենք, հա՞»․ Գյումրու քաղաքապետը՝ միջադեպի մասին

Ապրիլ 21,2024 16:45

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր արտառոց բողոքի ցույց էր տեղի ունեցել Գյումրիում․ Մուշ թաղամասի բնակիչ, գործարար Էմին Ոսկանյանն իր ավտոմեքենայով հայտնվել էր Գյումրու քաղաքապետարանի շենքի աստիճանների վրա։

Նա, ըստ էության, փորձել էր ավտոմեքենայով մտնել շենք։ Նրա գործողությունները կանխել էին Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Արթուր Բոդյանը և պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը։

Գործարար Էմին Ոսկանյանը, ականատեսների վկայությամբ, ձեռքին ունեցել է դրոշ, եղել է միայնակ ու բողոք է ունեցել՝ ուղղված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների,  այն է, որ քաղաքապետը հողահատկացում չի արել։

Բողոքավորը, որքան էլ զարմանալի թվա, Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ  ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար  Արտավազդ Ոսկանյանի  եղբայրն է։

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը  խստորեն դատապարտեց արարքը՝ նշելով, որ առավոտ շուտ շտապում էին պատարագի ու մարդաշատ հրապարակում նման արատավոր երևույթ տեղի ունեցավ. «Ով ուզում է լինի, ինչ ուղի ուզում է անցած լինի, չի կարելի ոտնձգություն անել քաղաքապետարանի շենքի, պետության, ազգաբնակչության վրա, անընդունելի  է։ Օրենքի ամբողջ խստությամբ պիտի պատասխան տա, ով ուզում է լինի, որ նման արատավոր երևույթ հանակարծ մեկը չփորձի կրկնել։ Շնորհակալություն եմ հայտնում պարեկային ծառայությանը՝ օպերատիվ լուծում տալու համար, եթե այս մարդիկ չլինեին, կարող է հետևանքներն ավելի դառը լինեին, օրինակ՝ մարդկանց կարողանար քշելու ընթացքում գցել ավտոյի տակ» ։

Ի՞նչ էր ուզում քաղաքացին, ի՞նչ ասելիք ուներ քաղաքապետին, նախկինում առիթ ունեցե՞լ են շփվելու՝ մեր այս հարցերին ի պատասխան՝ Վարդգես Սամսոնյանն ասաց․ «Ինչ էլ պահանջեր, չի տալիս իրեն իրավունք նման ձևով վարվելու, ես իր հետ էլ եմ շփվել, բոլորի հետ էլ շփվում եմ, իրավունք չի տալիս որևէ մեկին։ Պահանջ ուներ, ես գիշեր-ցերեկ ընդունելություն եմ անում, փողոցով զբոսնում եմ, թող գար, մոտենար, խնդիրը բարձրաձայներ, լուծում տայինք, ինչի՞ մասին է խոսքը, ով ինչ տարածքի խնդիր ունենա, գանք իրար վրա ելնենք, քշենք, իրար սպանենք, հա՞»։

Քաղաքապետից հետաքրքվեցինք նաև՝  իր աշխատակցի եղբա՞յրն է բողոքավորը։ Նա այսպես արձագանքեց․ «Ուզում է իմ եղբայրը լինի, պիտի պատասխան տա»։

Մինչ մենք նկարահանում էինք  քաղաքապետի հետ հարցազրույցը,   բողոքավոր գործարարի շրջապատի մարդիկ, կանգնելով մեր կողքին, խնդրում էին հարցնել քաղաքապետից՝ ինչո՞ւ մյուսներին հողահատկացում անում է, իսկ Էմինին՝ ոչ։ Նրանք չհամաձայնեցին տեսանկարահանվել, սակայն տեսախցիկից դուրս նշում էին, որ Էմին Ոսկանյանը ցանկություն է հայտնել այգի հիմնել, տարածքը բարեկարգել, բայց մի տարի շարունակ քաղաքապետարանում տարել-բերել են։ «Ուզում է գեղեցիկ մի անկյուն ունենալ Մուշ թաղամասում, վատ բան է անո՞ւմ, որ շանս չեն տալիս»,- ասում էին նրանք՝ պնդելով, թե գործարարը ժամանակին հանդիպել է նաև քաղաքապետի հետ, սակայն խնդրանքը չի բավարարվել։

Նրանք նաև  ասում էին, որ Էմին Ոսկանյանը արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից է։

Եվ քանի որ նրա շրջապատի մարդիկ իրենց խոսքի մեջ նշեցին, թե քաղաքապետը քաղաքական նկատառումներով է մերժում Էմին Ոսկանյանի դիմումը, մենք հետաքրքրվեցինք, թե կուսակցակա՞ն է նա։ Պատասխանը բացասական էր։ Նկատենք, սակայն, որ ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը, իր ֆեյբուքյան  էջում մեկնաբանելով այսօր Գյումիրում տեղի ունեցած միջադեպը, գրել էր․ «ՔՊ-ի տունը կռիվ է ընկել․

Ինքնատիպ բողոքի ակցիա՝ Գյումրիում․ քաղաքացին մեքենան կայանել է քաղաքապետարան բարձրացող աստիճաններին, պատճառը կրկին հողն է, բայց ոչ հայրենիքի՝ անձնական:

Էս մարդիկ, որ հայրենիքն էլ այսքան սիրեին, ինչ լավ կլիներ»։

Ի դեպ, քաղաքացիները մոտենում էին քաղաքապետարանի շենքին ու նկարում աստիճանների վրա գտնվող ավտոմեքենան, իսկ Գյումրիում ամենուր՝ փողոցներում, տրանսպորտի մեջ միայն այս թեման էր քննարկվում։

Հենց նոր մեզ հետ կապ հաստատեցին բողոքավորի հարևանները՝ նշելով, որ ձերբակալված չէ, ազատ են արձակել;

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930