Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանությունը տարածքներ հանձնելու այս փուլը ձեւակերպում է որպես դելիմիտացիա, սա միայն Տավուշի մարզի հարցը չէ»․ Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 21,2024 15:45

«Ակնհայտ է, որ սա ՀՀ իշխանությունների հերթական պարտվողական քայլն է՝ տարածքներ հանձնելու այս փուլը ձեւակերպվում է դելիմիտացիայի անվան տակ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որը կուսակցության անդամների հետ Տավուշի մարզում է։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները փակել են Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը։ Կիրանց գյուղի հատվածում փակ է Երևան-Թբիլիսի մայրուղին։ Պաշտպանության նախարարության աշխատակիցները փորձել են այսօր ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպար եւ Կիրանց գյուղերի տարածքում, բայց գյուղացիները խոչընդոտել են։ Երեկ նույնպես տավուշցիները փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը՝  բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝  «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

«Այս պահին Կիրանցի հատվածում ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Երեկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետք է սպասեին մինչեւ երկուշաբթի, որպեսզի հանդիպում տեղի ունենար գյուղացիների հետ, բայց գյուղացիների ասելով՝ այսօր ականապատման աշխատանքներ են իրականացրել Կիրանցի, ինչպես նաեւ Ոսկեպար-Բաղանիսի հատվածում։ Եվ մարդիկ այդ առիթով դարձյալ ճանապարհը փակել են։ Ես Բաղանիս գյուղում եմ, հանդիպում եմ գյուղացիների հետ, այս հատվածում եւս լուրջ անվտանգային խնդիրներ են առաջանալու գյուղի համար»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով, ոչ թե միայն այն հատվածում, որտեղ տեղի ունեցող գործընթացների հետեւանքով միայն հայկական կողմն է իր դիրքերը հետ քաշելու։ «ՀՀ ամբողջ տարածքում, նաեւ այս հատվածում Ադրբեջանը ՀՀ տարածքից գրաված հատվածներ ունի, բայց դրանք չի վերադարձնում։ Միակ արդյունավետ լուծումն այն է, որ քննարկվի ու վերջնականապես հաստատվի դելիմիտացիան ՀՀ ամբողջ տարածքի համար, եւ այլեւս չլինեն տարածքներ, որտեղ Ադրբեջանը ներխուժել է։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այս հատվածից դուրս մնացած բոլոր հատվածներում Ադրբեջանը ցանկացած քարտեզով առաջ է, այսինքն՝ ինքը պետք է հետ գնա։ Իսկ ակնհայտ է, որ Ադրբեջանը, եթե չհրաժարվի դելիմիտացիայի գործընթացից, ապա առնվազն գործընթացը ձգձգելու է։ Եվ փաստացի կստանա իր ուզած տարածքները, իսկ մնացած տարածքների վերադարձը մենք ուղղակի չենք տեսնի»,- ասաց նա։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ սա միայն Տավուշի մարզի բնակչության ու մեկ-երկու գյուղի հարցը չէ, սա ՀՀ պետական սահմանի անվտանգության հարցն է, եւ  գյուղացիների էմոցիաները չպետք է այս գործընթացի որոշիչ մաս հանդիսանան։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930