Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. «Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում»

Ապրիլ 20,2024 22:49

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Որոտան» ամենամյա միջազգային փորձագիտական 2-րդ ֆորումում ԶԼՄ-ներին ասաց, որ Իրանը տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունն իր համար  կարմիր գծեր լինելու մասին հայտարարությունը հնչեցրել է ամենաբարձր մակարդակով՝ Այաթոլլա Խամենեի կողմից։ «Հետեւաբար, այդ կարմիր գծերն անխախտ գծեր են, եւ դրանք, ինչպես մեկնաբանել է ԻԻՀ դեսպանը Երեւանում, վերաբերում են Հայաստանի Հանրապետության անխտիր բոլոր սահմաններին։ Իրանցիները աշխատելու են իրենց ամբողջ գործիքակազմով։ Եվ բնական է, որ Իրանի համար առաջնային նշանակություն ունի հատկապես ՀՀ Սյունիքի մարզը եւ այսպես կոչված «թուրանական» միջանցքը, որը կոչում են «զանգեզուրյան միջանցք», որը իրանական կողմը դիտարկում է որպես իր համար կենսական շահերի տիրույթ։ Եվ դա թույլ չտալու համար օգտագործելու է իր ամբողջ գործիքակազմը՝ սկսած դիվանագիտականից, վերջացրած քարոզչականով  եւ նույնիսկ, դատելով իրանցիների նաեւ պաշտոնական հայտարարություններից, ռազմական գործիքակազմի»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե Ադրբեջանի հետ սահմանազատումով մենք առաջին անգամ կունենանք միջազգային սահման, Վարդան Ոսկանյանը ասաց. «Յուրաքանչյուր հայտարարություն պետք է լինի խելամտության սահմաններում եւ յուրաքանչյուր սահմանազատում պետք է լինի գործընթաց, որը վերաբերում է երկու կողմերին։ Ես ուզում եմ հասկանալ՝ Բերքաբերից արեւելք ընկած Ջողազի ջրամբարից վերեւ հատվածը Հայաստանի Հանրապետության անխախտ սահմաններից ներս գտնվող հատվածը, արդյոք, հետ է վերադարձելու Ադրբեջան կոչված արհեստածին կազմավորումը։ Դատելով հաղորդագրությունից՝ ոչ։ Հետեւաբար, ես ուզում եմ հստակորեն արձանագրել, որ այս պահի դրությամբ չկա ոչ մի սահմանազատման գործընթաց։ Կա միակողմանի զիջում, որը բերելու է մեր պետության համար լրացուցիչ ռիսկեր, մարտահրավերներ, լրացուցիչ խնդիրներ անվտանգային տիրույթում։ Իսկ մնացած ամեն ինչը հեքիաթ է։ Եվ այս առումով մենք պետք է հստակորեն հասկանանք, որ սահմանազատումը, իրոք, անհրաժեշտ է, բայց սահմանազատումը երկկողմ գործընթաց է։ Ես ուզում եմ հասկանալ տրամաբանությունը. ինչու հենց այս հատվածից։ Հայաստան- արհեստածին Ադրբեջան- Վրաստան սահմանների հատման կետում եւ դրանից փոքր-ինչ հարավ մենք ունենք գրեթե նման իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերիը դուրս է նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններից, իսկ Ադրբեջանի զինված ուժերը ներս են Խորհրդային Հայաստանի նախկին վարչական սահմաններից։ Ինչու գործընթացը չի սկսվում այդ հատվածից, այլ սկսվում է այնտեղից,, որտեղ վտանգվում է մեզ համար կենսական նշանակություն ունեցող կոմունիկացիան  Հստակ է, որ արհեստածին  Ադրբեջանի բարբարոսական վարչախումբը  երեք լքված գյուղատեղիի հարց չի լուծում։ Նա լուծում է Հայաստանը հնարավորինս պակաս կենսունակ դարձնելու, մեզ համար հնարավորինս ավել ռիսկեր ստեղծելու եւ ըստ էության մեր պետության բնական կենսագործունեությունը խոչընդոտելու խնդիր»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930