Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին Տավուշում քանդում են ականապատ դաշտերը»․ Սլավիկ Ալավերդյան

Ապրիլ 20,2024 21:55

«Առանց խորհրդարանի կողմից վավերացման Տավուշում իրականացվում է սահմանազատում։ Այս պահին այնտեղ քանդում են ականապատ դաշտերը, խփում են կոլըչկաները։ Դա ապօրինի է, պետք է ամեն գնով կանխել, եւ մինչեւ չլինեն երաշխիքներ՝ ՀՀ  զինված ուժերը դիրքերը չպիտի խախտեն։ Տավուշում մենք 90-ականներից ունենք ամուր դիրքեր, բարձունքներ եւ ականապատ դաշտեր,  հատուկ է ընտրվել այդ հատվածը, որպեսզի մեզ թուլացնեն»,-այսօր այս մասին ԱԺ դիմաց «Բռունցքդ բեր» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների  հայտարարությանն ու Տավուշում տեղի ունեցող գործընթացներին։

Հիշեցնենք, որ համատեղ հայտարարության մեջ նշված է՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:  Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը։

Այսօր առավոտից Կիրանցի, Ոսկեպարի բնակիչները բողոքի ցույց էին անում, փակել էին միջպետական ճանապարհը, ժամեր անց նրանք որոշեցին բացել ճանապարհը, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Սլավիկ Ալավերդյանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ եւ վարչապետի աշխատակազմի հայտարարությունն ու հրապարակված քարտեզները չեն համապատասխանում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ X սոցիալական հարթակում արված հայտարարությանն ու հրապարակած քարտեզին․ «Մենք գործ ունենք միակողմանի զիջումների հետ, որը վտանգում է մեր բոլոր ենթակառուցվածքները, միջպետական ճանապարհը, գազատարը, Տավուշի մարզի բնակիչների անվտանգությունն ու  ոտնահարում նրանց իրավունքները։ Սա ոտնձգություն է մեր պետության հանդեպ»։

Մանրամասն՝ տեսանյութում      

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանն էլ հայտարարեց՝ եթե չկասեցնենք այս հակապետական քաղաքականությունը, ապա կտրվեն այդ տարածքները՝ ուժով, բռնություն կիրառելով․ «Հետո այնպիսի իրավիճակ կստեղծվի շրջաններում, որ ավտոմատ կտրվեն նաեւ անկլավները, դրանից հետո կտրվեն միջանցքները, որին կհաջորդի 300  հազար ադրբեջանցիների տեղափոխումը ՀՀ, դրանից հետո 150  միլիարդ դոլար մեր բոլորի ուսերին կդրվի որպես ռազմատուգանք։  Եթե իրենց թվում է, թե սա խաղաղության սահմանազատում է, ապա դա չարիք է լինելու մեզ համար։ Դրա վառ օրինակները Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում է, քանի անգամ է խախտվել կրակի դադարի ռեժիմը։ Հիմա այս վարչակազմը թույլ է տալիս, որ դա տեղի ունենա մեր ամենաամրակցված սահմանային հատվածում՝ Տավուշում»։

Մանրամասն՝ տեսանյութում 

Նախաձեռնությունը մի քանի պահանջ ներկայացրեց իշխանությանը՝

  1. Պահանջում ենք ՀՀ ԶՈւ պաշտպանական դիրքերը չփոխել՝ մինչեւ ՀՀ շահերից բխող լուծում չտրվի պետական սահմանի որոշմանը
  2. Պետական սահմանի որոշումը իրականացնել ելակետ ընդունելով ՀՀ անվտանգությունը, ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
  3. Պետական սահմանի հատվածական սահմանագծի որոշումը հանել շրջանառությունից, եւ Հայաստան-Ադրբեջան ամբողջական սահմանագիծը ներկայացնել հանրության դատին։
  4. Միջպետական մակարդակով արձանագրել Հայաստանին հետ վերադարձվող տարածքները, որոնց մասին բարձրաձայնել է ՀՀ կառավարությունը։
  5. ՀՀ տարածքների փոփոխության պարագայում դիմել համապետական հանրաքվեի, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ։

Նարեկ Այվազյանն ասաց, որ եթե իշխանությունն իրենց պահանջներին ականջալուր չլինի, ապա նախաձեռնությունը սկսելու է տարբեր ուժերի եւ քաղաքացիների կոնսոլիդացիան, ձեւակերպելու են այս վարչակազմի հրաժարականի պահանջը։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Վահե Սալահյանն էլ նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Տավուշի նշված գյուղերի դեպքում, վտանգում է տեղի բնակիչների խաղաղ կյանքը։

Նրա ներկայացմամբ՝ այդ տարածքից ՀՀ ԶՈւ-ի դուրս բերումով տարածքի բնակիչների անվտանգությունն ապահովել հնարավոր չի լինի․ «Առայժմ այդ բնակիչների անվտանգության երաշխիքը ԶՈւ-ն է, նրանց դուրս բերումով ի՞նչ խնդիր է լուծվելու։ Ընդամենը կամուրջի տեղափոխմա՞ն հարցն է, մենք տեսանք դա Արցախում, գազատարի՞ տեղափոխման հարց է, ոչ, մենք դրա փոփոխությունն էլ տեսանք Արցախում, բնակիչների տների, հողահանդակնե՞րի տեղափոխելու հարց է, ոչ, մենք դա տեսանք Արցախում։ Միջպետական ճանապարհի փակվելու, նույնպիսի բլոկադայի առջեւ կանգնելու խնդիր է լինելու, որը տեսել ենք Արցախում»։

Նա, դիմելով միջազգային կառույցներին, որոնք Տավուշում սահմանազատման գործընթացը ողջունել են, ասաց՝ ի՞նչն եք ողջունում, այն, որ երկու երկրները կարողանում են միասին բանակցե՞լ, թե՞ այն, որ տվյալ բանակցածի արդյունքում կարող է առաջանալ մի այնպիսի իրավիճակ, որ հերթական անգամ ունենանք տեղահանություն, ցեղասպանություն, եւ հայրենազրկում։


Ապա Սալահյանն անդրադարձավ ընդդիմությանը, ասաց, որ ընդդիմությունը բացի հողատու արտահայտություններից, Տավուշ մի քանի ճանաչողական այցից բացի այլ բան չի անում,  ճանապարհային քարտեզ չի ներկայացնում․ «Ոչ էլ ունեն այնքան համարձակություն, որ նախաձեռնողականությունն իրենց ձեռքը վերցնեն։ Նրանք փաստացի անուղղակիորեն մասնակից են դառնում այս ապօրինի գործընթացին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930