Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցով դեպի Վրաստան գնացող ճանապարհը բացվեց․ բնակիչները երկուշաբթի օրը հանդիպելու են փոխվարչապետի հետ

Ապրիլ 20,2024 19:04

Տավուշի մարզի Կիրանց համայնքով դեպի Վրաստան գնացող ճանապարհը բողոքի ցույցի մասնակիցները բացեցին։

Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար համայնքներում մարդիկ երեկ ուշ երեկոյան բողոքի ցույց էին անում, նրանք փակել էին ճանապարհն, այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:  Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը։

Այսօր վաղ առավոտից  Ոսկեպարի եւ Կիրանցի բնակիչները կրկին փակել էին ճանապարհը, նրանց հետ բանակցում էին մարզպետն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն ապարդյուն։

Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փոխանցել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որը նաեւ սահմանազատման հանձնաժողովի ղեկավարն է։

Համայնքապետն ասաց, որ կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ, երբ հասկանան, թե ինչ է լինելու, ինչպես է կատարվելու սահմանազատումը, դրանից հետո էլ կորոշվի բնակիչները  հետագա քայլերը․ «Պիտի հասկանանք իրավիճակը, սահմանը ճշտենք, ճիշտ պահենք, որ մոտիկ չլինեն։ Եթե սահմանազատումը լինի այնպես, որ ժողովրդին չխանգարի, երկրի համար կարեւոր լինի, էդպես ենք անելու»։

Ճանապարհը բացելուն ոչ բոլորն էին կողմ։ Ճանապարհն այս պահին բաց է, երթեւեկությունը վերականգնվել է, սակայն ցույցի մասնակիցների մի մասը դեռ տեղում է, ոչ բոլորն են համաձայն  ցույցը դադարեցնել, շատերը վստահեցնում են, որ գիշերելու են այստեղ։

Կիրանցի եւ Ոսկեպարի բնակիչները շատ մտահոգ են, նրանք ասում են, որ այն քարտեզը, որը  հրապարակել է վարչապետի աշխատակազմը, եթե դա է սահմանազատման հիմքը, ապա բնակիչներից մի քանիսն իրենց տներն են կորցնելու, սահմանը շատ մոտ է լինելու․ «Փաշինյանը եկել էր, խոստացել էր, որ Ոսկեպարի հատվածում գետից վերեւ մերն ա լինելու, ոնց մենք ուզել ենք։ Հուսով ենք, որ գետից վերեւ տարածք չի տալու»։

Մարդիկ նաեւ մտահոգ են, որ եթե ադրբեջանական հենակետերը շատ մոտ եղան հայկական բնակավայրերին, ապա այդ գյուղերը կդատարկվեն․«Ստեղ մարդ չի մնա, եթե էդ հողերը տան, մենակ տարեց մարդիկ կմնան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930