Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափդ չանցնես, իմ հողի վրա եմ։ Էն, որ Ոսկեպարի համար բաշ նա բաշ փոխում էիր, ծափ էիր տալիս»․ Վահե Ղազարյանը՝ Կիրանցի բնակչին

Ապրիլ 20,2024 17:35

«Էն, որ Ոսկեպարի համար բան էիր անում՝ բաշ նա բաշ փոխում էիր, ծափ էիր տալիս»,-այսօր Կիրանցում տեղացիների բողոքի ցույցի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսպես վիճում էր բնակիչներից մեկի հետ։

Քաղաքացին ի պատասխան նախարարի, ասաց՝ ես Ոսկեպարի համար էլ եմ պայքարելու, Հայաստանի Հանրապետության հողի համար էլ․ «Ո՞վ էր ծափ տալիս։ Ղազարյան, ինձ հետ մատով չխոսես։ Անցած ճանապարհ ունեմ»։

Վեճը թեժացավ, այլ բնակիչներ էլ միացան, նրանցից մեկը Ղազարյանին դիմեց ․«Եթե հողերը տվին, մի պատասխան տվողն էլ դու ես լինելու»։

Մի տարեց կին էլ, դիմելով նախարարին ու այլ ոստիկաններին, ասաց՝ որ եկաք, ինչ արեցիք, ղալմաղալ արեցիք․«Դուք գիտեք պագոնները դրել եք, կարաք մեզ էստեղից քշե՞ք: Բա որ չալիկս պտտեմ»։

Կրքերը մի պահ թեժացան վիճաբանող քաղաքացու եւ Վահե Ղազարյանի միջեւ։ «Չափդ չանցնես, իմ հողի վրա եմ»,-քաղաքացուն ասաց Ղազարյանը։

Երեկվանից Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար համայնքներում մարդիկ անհանգիստ են, բնակիչները բողոքի ցույցեր են անում։ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո այս գյուղերի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, բողոքի ցույց են անում։ Նրանց մտահոգել է հանձնաժողովների հայտարարությունը, որտեղ ասվում է՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:  Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը։

Հայաստան-Վրաստան Կիրանցով անցնող ճանապարահը, ինչպես բնակիչներն էին հայտարարել, չեն բացելու։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բանակցում էր բնակիչների հետ, որպեսզի բացեն ճանապարհը, սակայն բնակիչները չզիջեցին։ Մինչ այդ մարզպետն էր նրանց հետ բանակցել, բայց անարդյունք։

Բնակիչները իշխանություններից բացատրություն են պահանջում, ուզում են հստակություն մտցնել՝ որտեղով է անցնելու սահմանը, որտեղ են կանգնելու սահմանապահները։ Բնակիչներն այլեւս իշխանությանը չեն վստահում, ասում են՝ ամեն օր գալիս, ասում էին՝ լավ կլինի, բայց հակառակն է ստացվում, ոչ ոք անվտանգության երաշխիք չի տալիս։

Բնակիչներից մեկը՝ Վոլոդյան, Վահե Ղազարյանին հայտնեց իր մտահոգությունը՝ մեծ ցավ է, որ սահմանագիծն անցնելու է մեր գյուղի, տան միջով, աշխատեղ ենք կորցնելու, հողամասեր ենք կորցնելու․«Ես փոքր ժամանակից այստեղ աշխատել եմ, իմ քրտինքով ստեղծել եմ, հիմա էլ ուզում եմ այստեղ ապրեմ ու աշխատեմ»։

Վահե Ղազարյանն էլ ասաց, որ մարզպետը անվտանգության խորհրդի նիստում բարձրացրել է․ «Մարզպետն ասել է՝ մարդիկ պիտի ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին։ Ժողովուրդ ջան, ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու»։

«Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ ներկա էր եւ մասնակցում էր բողոքի ցույցին ու Վահե Ղազարյանի՝ բնակիչների հետ բանակցություններին։ Նա դիմեց Ղազարյանին, հարցրեց՝ այսինքն, գյուղացինե՞րն են որոշում պետական սահմանը, այսինքն, եթե գյուղացիներն ասեն՝ այսպես պիտի անցնի, այդպե՞ս պիտի անցնի։

«Եղբայր, մի րոպե, գիտեք ինչո՞ւ են ընդգրկում մարդկանց, որ չգան կողքից ու խառնեն մարդկանց։ Որ մարդ չիմանալով գա ու  ստեղ փորձի բան խառնի»,-այսպես արձագանքեց Ղազարյանը Պետրոսյանին։

Ղազարյանն ասաց, որ համայնքի ներկայացուցչին են ընդգրկում սահմանազատման գործընթացում։

Վահե Ղազարյանն ասաց, որ բնակիչներին որքան էլ բացատրում են, թե ինչպես է լինելու գործընթացը, վերջում ինչ-որ անձինք են հայտնվում, գյուղացիներին ասում, թե նրանց խաբում է իշխանությունը։ Ապա նա դիմեց գյուղացիներին․«ժողովուրդ ջան ձեզ խաբող չկա, ձեր  հետեւից սեւ գործ անող չկա։ Ամեն ինչից տեղյակ եք լինելու։ Կստացվի, կստացվի»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այ ժողովուրդ ջան, քանի սուտասան ու իր ասած խոսքը մի քանի անգամ փոխող նիկոլն է երկիրը կառավարումն, նրա ենթակա ոստիկանապետի խոսքին կարող ե՞նք հավատալ: Կարևորը ժողովրդի պինդ կանգնելն է ու տեղի չտալը, հակառակ դեպքում նիկոլը այդ գյուղերը հանձնելու է, ինչպես հանձնեց ամբողջ Արցախը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930