Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկարատեւ խաղաղության հեռանկարները տեսանելի չեն». Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 20,2024 17:16

Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների հայտարարությունները և ապրիլի 19-ին` Տավուշի 4 գյուղերի հատվածում  «սահմանազատման» մասին հայտարարությունից հետո Բաքվում ժողովրդի «հաղթանակ» նշելը փաստում են այն մասին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ այդ երկրի բնակչությունը չեն կիսում Հայաստանի իշխանությունների «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարը։ Ավելին՝ Ադրբեջանը սկսած 2020 թվականից մեծացնում է իր ռազմական բյուջեն, պարբերաբար կազմակերպում է զորավարժություններ՝ նաեւ Թուրքիայի, Վրաստանի, Պակիստանի հետ միասին։

2020 թվականին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ֆինանսավորումը եղել է 2,26 մլրդ դոլար, ինչը այդ պահին արդեն իսկ 20%-ով ավելի էր, համեմատ 2019 թվականի հետ։ Իսկ արդեն 2024 թվականի պետական ​​բյուջեում Ադրբեջանի կառավարությունը պաշտպանության և ազգային անվտանգության ֆինանսավորման համար հատկացրել է  3,78 միլիարդ դոլար, ինչը 6%-ով ավելի շատ է, քան եղել է 2023-ին։ Թե ինչ փոփոխություններ են կատարվում ադրբեջանական բանակում, պարզաբանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը գնում է նոր մասշտաբային ռեֆորմների։ Դա վերաբերվում է և՛ զինված ուժերի կառուցվածքին, և՛ կառավարմանը, և՛ մարտական պատրաստությանը, և՛ սպառազինության համալրումներին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եթե ոչ առաջնային, ապա պահեստային տարբերակում մասշտաբային գործողությունների գնալու ռեսուրսների նոր հնարավորություն է ստեղծում», – ասած Աբրահամյանը։

Մյուս կողմից՝ եկեք ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ 2020 թվականից հետո Ալիևը բազմաթիվ ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի դեմ, փաստելով, որ չի պատրաստվում գնալ խաղաղության: Մասնավորապես, 2023 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը նա անվանել է «Արևմտյան Ադրբեջան», ինչը փաստում է, որ Ալիևը չի հրաժարվում ոչ միայն «Զանգեզուրի միջանցք» ստանալու գաղափարից, այլ համարում է ողջ Հայաստանը Ադրբեջանի տարածք։ Արդյո՞ք այս պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել երկարատև խաղաղության։

«Մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հեռանկարները առհասարակ տեսանելի չեն: Դա առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի առավելապաշտական ձգտումներով, դրանք արտահայտված են նաև պաշտոնական հայտարարություններում։ Այս դեպքում կարելի է ակնկալել տարբեր բնույթի ագրեսիաներ. և բնական է այս պայմաններում երկարատև խաղաղության մասին խոսելու իմաստ էլ չկա», – մեզ հետ զրույցում նշել է Տիգրան Աբրահամյանը։

Ալիևը նաև պարբերաբար հայտարարում է, որ եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել, ապա պետք է համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, որոնցից մեկը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն էր, իսկ մյուսը՝ սահմանազատման գործընթացը Ադրբեջանի պահանջներով անցկացնելը։ Ինչ վերաբերում է ապրիլի 19-ին Տավուշի 4 գյուղերի հատվածում  սահմանազատման մասին Փաշինյանի հայտարարությանը, ապա հայկական կողմը դա ներկայացնում է, որպես առաջընթաց խաղաղություն հաստատելու համար, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն անում է հետևյալ հայտարարությունը․ «Երկար սպասված պատմական իրադարձություն. Սահմանազատման պետական ​​հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքներով Հայաստանը համաձայնեց վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը, որոնք օկուպացված էին 1990-ականների սկզբից»:

Այս պահին բոլոր գործընթացները տեղի են ունենում համաձայն Ադրբեջանի պահանջների, ինչի արդյունքում Հայաստանը շարունակում է կորցնել տարածքներ։ Որքա՞ն տարածքներ Հայաստանը դեռ պետք է զիջի Ադրբեջանին, որպեսզի բավարարի նրա պահանջները: Հարցը, հավանաբար, հռետորական է։

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930