Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակո՞ւմ ենք հանգիստ հետևել, թե ինչպես է աստիճանաբար հանձնվում Հայաստանը… թե՞ կանգնենք Տավուշի կողքին․ Ռուբեն Կարապետյան

Ապրիլ 20,2024 17:11

Գործնականում ի՞նչ է նշանակում Ադրբեջանի ճնշման տակ, «խաղաղության» մոլուցքով տառապող ՀՀ իշխանությունների կողմից երեկ պաշտոնապես թղթի վրա դրված համաձայնությունը՝ Տավուշից սահմանագծման գործընթացը սկսելու վերաբերյալ:

Սկզբում արձանագրենք, որ Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացի մեջ ՀՀ իշխանությունները մտել են առանց ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հիմնարար նախապայմանն առաջ քաշելու, առանց իրավական և դիվանագիտական լուրջ փաթեթի ու հստակեցված սկզբունքների:

Մինչ այդ այս վերջին տարիների ընթացքում պաշտոնական Երևանի վարած «արտաքին քաղաքականությունը» մտցրել է Հայաստանը աշխարհաքաղաքական փակուղի՝ այն դարձնելով արտաքին ուժերի միջև սրվող պայքարի թատերաբեմ: Այդ իսկ պատճառով է, որ այսօրվա ՀՀ իշանությունների քաղաքականությունը սպառնալիք է դարձել ՀՀ անվտանգությանն ու հետագա ինքնիշխան գոյությանը:

Երեկ Բաքվի հետ ստորագրած արձանագրությամբ, ՀՀ կառավարությունը, փաստորեն, հրաժարվել է 1990-ականների սկզբին կառուցված պաշտպանական գծերից, որը համարվում է ամենաապահովն ու ամրացվածը հայ-ադրբեջանական սահմանին։

Ադրբեջանի վերահսկողությանն են հանձնվելու ռազմավարական բարձրունքներն ու դիրքերը, որոնք թույլ կտան մեր հակառակորդին վերահսկել և անհրաժեշտության դեպքում խոցել, ինչպես դա տեղի է ունեցել ոչ հեռավոր անցյալում ոչ միայն շրջանի բնակավայրերը, այլև Հայաստանի խորքն ընկած առավել ընդարձակ տարածքը։

Արձանագրության համաձայն, մի քանի հայկական գյուղեր (այդ թվում՝ Կիրանցը) կհայտնվեն կիսաշրջափակման կամ ամբողջական շրջափակման տակ, ինչպես Կապանում/Սյունիքում գտնվող Ներքին Հանդը, որն այժմ երեք կողմից մեկուսացված է: Սա ուղիղ ճանապարհ է այդ ռազմավարական սահմանային շրջանների հայաթափման համար:

Այս դավադիր պայմանավորվածության համաձայն, ՌԴ-ից ՀՀ մտնող գազատարը կանցնի Ադրբեջանի ուղիղ տեսադաշտի և կրակային հսկողության տակ։ Մենք շատ լավ ենք հիշում 1990-ականների սկզբին խողովակաշարերի պայթյունների դեպքերը։

Ավելին, Հայաստանը կկորցնի Ջողազի ջրամբարի պոմպակայանը, որը ջուր է մատակարարում 10-15 գյուղերին:
Եվ, վերջապես, Հայաստանի համար ռազմավարական միակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղու ճակատագիրը կհայտնվի սպառնալիքի տալ և ամբողջ նախագիծը կարող է վտանգվել:

Այս պահին, Կիրանց-Ոսկեպար մայրուղին փակել են գյուղի բնակիչները:

Շարունակո՞ւմ ենք հանգիստ հետևել, թե ինչպես է աստիճանաբար հանձնվում Հայաստանը… թե՞ կանգնենք Տավուշի կողքին: Արցախի կողքը չկարողացանք լինել: Հիմա ի՞նչն է մեզ խանգարում…

Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պ․գ․ դ․, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930