Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատգամավոր․ «Մեր ամբողջ պաշտպանական գիծը քանդելով՝ մեզ փաստի առաջ են կանգնեցնելու։ Դիվերսիոն խմբերը որտեղից ասես իջնելու են»

Ապրիլ 20,2024 16:48

«Սա սահմանազատման, սահմանագծման հետ աղերս չունի, սա միակողմանի զիջում է, եւ թշնամին նորից պահանջներ է ներկայացնելու»,-այսօր Տավուշի մարզի Կիրանց համայնքում Mediahub.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Երեկվանից Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար համայնքներում մարդիկ անհանգիստ են, բնակիչները բողոքի ցույցեր են անում։ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո այս գյուղերի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, բողոքի ցույց են անում։ Նրանց մտահոգել է հանձնաժողովների հայտարարությունը, որտեղ ասվում է՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին է փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը։

«Իշխանությունը գործում է հետեւյալ տրամաբանությամբ՝ տանք, տեսնենք՝ հետագայում ինչ պահանջներ կներկայացնեն մեզ, որպեսզի հաջորդ պահանջները կատարենք։ Այդ տրամաբանությամբ թշնամին հայտնվելու է մայրաքաղաքում։ Որեւէ հայ մարդ չի կարող կողմ լինել այդ օրակարգին։ Ադրբեջանական մամուլը ողողված է վերնագրերով՝  Տավուշի մարզի չորս գյուղերը վերցրել ենք, սպասում ենք այնտեղ հաղթական մտնելուն։ Հայ մարդը այդ օրակարգին չի կարող կողմ լինի»,-ասել է Գառնիկ Դանիլյանը։

Նրա խոսքով՝  այս առաջնագիծը կազմաքանդելով՝ մենք թշնամուն մեկ քայլով մոտեցնում ենք թե՛ Կիրանցին, թե՛ Երեւանին։

«Ադրբեջանը Ջերմուկի գլխին  նստած է, ինչո՞ւ այնտեղից չեն անում սահմանազատումը, ես էլ պահանջում եմ այնտեղից սկսեն Սա չորս գյուղերի  խնդիրը չէ, սա ամբողջ Հայաստանի խնդիրն է, առաջնագիծը կազմաքանդելով, թշնամին հայտնվելու է մեր սահմաններից ներս, մեր ամբողջ պաշտպանական գիծը քանդելով՝ մեզ փաստի առաջ է կանգնեցնելու։ Դիվերսիոն  խմբերը որտեղից ասես իջնելու են»,-ասել է Դանիելյանը։

Կիրանց համայնքում սահմանն անցնելու է դպրոցի բակի միջով։ Այս առնչությամբ պատգամավորն ասել է․  «Այս գյուղի կյանքը վերջացավ, գյուղի վրա խաչ ենք քաշում ու ոչ միայն գյուղի, ամբողջ պաշտպանական համակարգը կազմաքանդվում է,  ենթակառուցվածքները։ Միակողմանի զիջում են, մարդկանց էլ ասում են՝ հաշտվեք այս իրականության հետ։ Ո՞նց կարող է մարդ հաշտ լինի այս իրականության հետ։  Իշխանությանը հարց եմ տվել՝ դուք ձեր երեխային էս դպրոց կբերե՞ք, դուք կգա՞ք այստեղ ապրեք, պատասխան չեմ ստացել, իրենք աննամուս, անթասիբ, անհայրենիք, վախկոտ մարդիկ են»։

Հայաստան-Վրաստան Կիրանցով անցնող ճանապարհը, ինչպես բնակիչներն էին հայտարարել, չեն բացելու։ Կիրանց էր այցելել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, բանակցում էր բնակիչների հետ, որպեսզի բացեն ճանապարհը, սակայն բնակիչները չզիջեցին։ Մինչ այդ մարզպետն էր նրանց հետ բանակցել, բայց անարդյունք։

Բնակիչները իշխանություններից բացատրություն են պահանջում, ուզում են հստակ իմանալ, թե որտեղով է անցնելու սահմանը, որտեղ են կանգնելու սահմանապահները։ Բնակիչներն այլեւս իշխանությանը չեն վստահում, ասում են՝ ամեն օր գալիս, ասում էին՝ լավ կլինի, բայց հակառակն է ստացվում, ոչ ոք անվտանգության երաշխիք չի տալիս։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը բնակիչների հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է՝ ժողովուրդ ջան, ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930