Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին՝ պետք է հոգեբանական տրանսֆորմացիա տեղի ունենա, որ այլեւս առաջնագիծ չկա, կա պետական սահման, բանակի այդտեղից դուրս գալը լավ բանի նշան է

Ապրիլ 20,2024 15:45

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համար պետք է սահմանվեն կանոնակարգեր, անցնեն ներպետական ընթացակարգերը։ Այս մասին այսօր Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ հանձնաժողովների երեկվա համատեղ հայտարարությանը։

Համատեղ հայտարարության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:  Այսինքն, Ադրբեջանին է փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական չորս գյուղերը։

Այդ կանոնակարգերը, Փաշինյանի խոսքով ասած՝ ոնց որ թե ՀՀ ԱԺ-ում պետք է վավերացվեն, որից հետո պետք է համաձայնեցվեն այն հատվածները, որտեղ իրականացվելու են սահմանազատման գործընթացները։ Այդ կանոնակարգերը երկու երկրների միջեւ պետք է համաձայնեցվեն մինչեւ հուլիսի 1-ը։

Լրագրողի հարցին՝ արդյոք նշված այս չորս գյուղերի միջեւ սահմանազատումն արվում է մինչեւ կանոնակարգի հաստատումը, Փաշինյանը պատասխանեց՝ այո։

Արդյոք կանոնակարգեր սահմանելը չի՞ նշանակում կոնկրետ քարտեզներ, փաստաթղթեր, իրավական հիմնավորումներ, իսկ կանոնակարգից դուրս այս գյուղերի հանձնումը վտանգավոր չէ՞, այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանն ասաց․«Ոչ։ Երեկվա հայտարարության հիմնարար սկզբունքը ֆիքսել ենք, սահմանը վերարտադրվելու է Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա՝ Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների։ Մեր խնդիրն է, գնալ տեսնել, թե որոնք են փլուզման պահին  սահմանները եւ որ քարտեզների վրա են դրանք արտահայտված»։

Ճշտող հարցին՝ կոնկրետ այս գյուղերի դեպքում որ քարտեզներ են, կա՞ն քարտեզներ, որոնց հիման վրա հիմա այս գործընթացը պետք է իրականացվի, Փաշինյանն ասաց՝ կան, մեր սահմանները մի թվականի քարտեզով չեն։ 2024  թվականին որոշվում է Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրեմլի ինչ-որ հատվածներ, այստեղ մենք ունենալու ենք 2024 թվականի քարտեզ՝ հիմնված նախկին որեւէ քարտեզի վրա։ Այս տարի հնարավոր է այլ հատվածներ սահմանագծենք, ինչ սահմանագծենք, կֆիքսվի 2024-ի քարտեզ, 2025  թվականի քարտեզ էլ է լինելու, մեծ հավանականությամբ 2026 թվականի քարտեզ էլ է լինելու»։

Երեկ ձեռքբերված պայմանավորվածությունը, ըստ Փաշինյանի, նշանակում է  նախնական քաղաքական արձանագրում՝ ՀՀ 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի։ Նա չբացառեց, որ Կիրանցի երեք-չորս տների հետ կապված խնդիրներ լինեն․ «Եթե այդ խնդիրը լինի, դա չի նշանակում, թե մեր տարածքը 29,743 քառակուսի կիլոմետրից պակասեց այդքան տարածքով։ Ոսկեպար- Կիրանցի ճանապարհի հետ կապված սահմանազատման այդ հատվածը այս փուլում չի իրականացվում»։

Փաշինյանն ասաց, որ  ոսկեպարցիները նոր ճանապարհ չեն ուզում, հոգեբանական խնդիր է։

«Մեր խնդիրը միայն Ոսկերպարի ճանապարհի հարցը լուծելը չէ, մեր խնդիրն այն է, որ Ոսկեպարով միջպետական ճանապարհ անցնի։ Մենք պետք է ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապրեն, Բերքաբերում ասել եմ՝ պետք սահման լինի, անցակետ լինի, դուք կորոշեք՝ Ադրբեջանի այդ գյուղերի բնակիչներ հետ ուզո՞ւմ եք շփում ունենաք, տնտեսական գործակցություն ունենաք, ձեր որոշումն է»։

Փաշինյանը դիմեց Կիրանցի բնակիչներին՝ պետք է հոգեբանական տրանսֆորմացիա տեղի ունենա, որ առաջնագիծը չկա այլեւս, կա պետական սահման եւ սա ամենակարեւոր հաջողությունն է, որ կարելի է ունենալ որեւէ երկրի, բնակավայրի անվտանգության ապահովման համար․«Իհարկե, ժամանակակից աշխարհում նման ամուր երաշխիքներ չկան։ Ասում են՝ բա որ բանակն այդտեղից դուրս գա․․․ բանակի այդտեղից դուրս գալը լավ բանի նշան է, վատ բանի նշան չի, գալիս են սահմանապահները։ Այն, ինչ հիմա համարում են թերություն, հոգեբանական խնդիր, ես մեծ հույս ունեմ, որ վաղը դա դառնալու է մեծ առավելություն, որովհետեւ այդ ճանապարհներն աշխատելու են, տնտեսական ակտիվություն է լինելու եւ զարգանալու են այդ գյուղերը»։

Անդրադառնալով Արծվաշենին, որը հայկական անկլավ է Ադրբեջանի վերահսկողության տակ, Փաշինյանն ասաց՝ ՀՀ 29,743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի մեջ մտնում է Արծվաշենը․«Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք, մենք պատրաստվում ենք հիմնավորել Արծվաշենի դե յուրե ՀՀ մաս լինելը։ Երբ մենք դա կհիմնավորենք, արդեն պետք է Արծվաշենի սահմանի սահմանազատում տեղի ունենա եւ գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930