Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որոնք կան Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածում»

Ապրիլ 20,2024 13:58

«Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որը մենք ունենք Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածում, եւ ընդհանրապես, ՀՀ սահմանի ողջ երկայնքով»,-այս մասին այսօր Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների երեկվա հանդիպումից հետո տարածած հայտարարությանը, որտեղ ասվում է՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

«Ես չէի ուզի գերագնահատենք տեղի ունեցածը, նաեւ չէի ուզի թերագնահատենք, որովհետեւ շատ է կարեւոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու  Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, եւ իհարկե, սա ձեռքբերում է նաեւ Ադրբեջանի համար, ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաեւ Հայաստանի  համար։ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին  միմյանց տարածքային ամբողջականությունը եւ հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ՝  վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,-ասաց Փաշինյանը։

Այս իրադարձությունը Փաշինյանը համարում է անկյունաքարային ՀՀ   ինքնիշխանության, անկախության զարգացման հաջորդ փուլի համար։

«Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որը մենք ունենք Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածում, եւ ընդհանրապես, ՀՀ սահմանի ողջ երկայնքով, որովհետեւ մենք պայմանավորվել ենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաեւ հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք բոլոր վիճահարույց հարցերն արդեն ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծել»,-ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ոսկեպարի խնդրին, Փաշինյանն ասաց՝ Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․«Ես ոսկերպարցիներին ասել եմ՝ հենց թուղթ ստորագրվի, գալու են ասեն՝ վայ, էս էն չի, էս ուրիշ բան է, ուրիշ բան ասեցին, ուրիշ բան արեցին։ Ես իրենց  դահլիճում ասացի, որ չհավատան, որովհետեւ այն, ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ հենց այդպես է։

Նույնն էլ Կիրանցում է։ Կիրանցիների հետ խոսակցության ժամանակ մենք աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել, բայց նաեւ ուզում եմ ասել ՝ Կիրանցում, Ոսկեպարում ասել եմ՝ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում պարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք, որտեղ անհրաժեշտ կլինեն՝ այլ լուծումներ կտանք՝ նույն բնակավայրերում նոր տներ կկառուցենք»։

Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ  ամենավերջին աշխատանքային քարտեզն ունի շեղումներ, այն քարտեզները, որոնք օգտագործվում են դելիմիտացիայի համար, դրանք երբ դառնում են նկարագրություն, որոշակի շեղումներ ունենում են․ «Եթե մեզ հաջողվի սա պահել աշխատանքային մակարդակում եւ հարցը չդարձնել քաղաքական օրակարգի մաս, սահմանազատման հանձնաժողովը ե՛ւ մեր կողից, ե՛ւ իրենց․․․ ի դեպ, այն խնդիրները, որոնք ծագում են մեզ համար, այդ նույն խնդիրները հնարավոր է ծագեն նաեւ Ադրբեջանի համար։ Այստեղ տարբերությունն այն է, որ ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, հայկական գյուղերում ապրում են»։

Փաշինյանն ասաց, որ այդ գյուղերը՝ Ոսկեպարն ու Աշաղը Ասկիպարան Խորհրդային Միության ժամանակ իրար մեջ են եղել, Կիրանցն ու Խեյրեմլին շատ մոտ են եղել միմյանց՝ համարյա կպած․ «Բոլոր հարցերը կլուծվեն եւ լուծելի են։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ ասել են՝ մեր տունը սահմանի հետ կապված Հայաստանի սահմանում է լինելու վստահաբար, բայց եթե մենք մտավախություն ունենանք․․․ Ես էլ ասել եմ՝ եթե մտավախություն ունենաք, կլսենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930