Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս համայնքի բնակիչներն այսօր առավոտյան կրկին փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք երեկ երեկոյան էլ փակել էին ճանապարհը վարչապետի աշխատակազմի հայտարարության տարածումից հետո։ Ըստ այդ հայտարարության՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն երեկ ունեցած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է տարածվել՝ նախնական համաձայնեցվել է Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Չափագրումներ անող մասնագետներն այսօր այցելել են գյուղ։
MediaHub-ի լրագրողի հետ զրույցում Կիրանցին մոտ ճանապարհին հավաքված բնակիչներից մեկն ասել է, որ թույլ չեն տվել չափագրողներին աշխատել, հորդորել են դեռ սպասել։
Բնակիչներից մեկի ներկայացմամբ՝ չափագրումներից պարզվում է, որ իր տունը, արվեստանոցը, դպրոցը քանդվելու է, հարեւանի տունն է քանդվելու․ «Պիտի քանդվի, որ նոր ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»։
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գիշերը բնակիչներին կոչ էր արել դադարեցնել ցույցը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Սակայն բնակիչները վրդովված են, ցույցը չեն դադարեցնում։
Բնակիչների պահանջով Տավուշի մարզպետը եկավ Կիրանցի ճանապարհին հավաքված տավուշցիների հետ զրուցելու։ Մարզպետը Mediahub.am-ի լրագրողին արգելեց լուսաբանել, պահանջեց հեռանալ, անջատել տեսախցիկը։
«Դուք ընդհանուր խոչընդոտում եք էս պրոցեսին։ Եթե դուք ներկա եք՝ ես էս մարդկանց հետ խոսալու բան չունեմ։ Հեռացեք ստեղից»,-լրագրողին ասաց մարզպետը։
Եվ որպեսզի մարզպետից փորձեն իրենց հարցերի պատասխանները լսել, բնակիչներն էլ լրագրողին խնդրեցին մարզպետի հետ զրույցը չնկարել, ուստի լրագրողը ստիպված հեռացավ։
Մինչ այդ Ղալումյանը հավաքվածներին հրավիրել էր դպրոցի դահլիճում հանդիպել, բնակիչները մերժել էին։