Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Նրանց համար հայրենիքն անշարժ գույք է, որի վաճառքով նրանք հարստանում են և վայելում կյանքը. «Փաստ»

Ապրիլ 20,2024 10:45

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստի» հերթական զրույցի առիթը Freedom House կազմակերպության զեկույցն է, որտեղ Հայաստանին վերաբերող ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են: Զրուցել ենք նաև Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին անուն առ անուն ցուցակագրելու՝ իշխանական պատգամավորի առաջարկի և, իհարկե, Տավուշի մասին:

-Ցեղասպանության զոհերի ցուցակագրման մասին է խոսել իշխանական պատգամավորներից մեկը: Ոմանք նշում են, որ այս մարդիկ անցել են պատմության մեր այդ ժամանակաշրջանի ուրացմանը, որոշները բոլորովին էլ զարմացած չեն՝ նշելով, որ սա մեծ ծրագրի հերթական քայլն է: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում սա, և ի՞նչ վտանգներ կան թեկուզև միայն նման հայտարարությունների մեջ, երբ տարիներ ի վեր բարձրաձայնում ենք մեր պահանջատիրության մասին:

-Ինչպես նշեցի, անհնար է՝ որևէ ՔՊ-ական պատգամավոր համարձակություն ունենա որևէ հարցի մասին ինքնուրույն կարծիք հայտնել։ Այնպես որ, այդ պատգամավորի ասածը, այո՛, մեծ ծրագրի հերթական քայլն է։ Հիշեցնեմ, որ այդ պատգամավորը մշտապես եղել է այս կամ այն անձի կամակատարը՝ զուրկ լինելով սկզբունքներից։ Իմաստ չեմ տեսնում պատասխանել նրա անտրամաբանական «մտքերին»։ Կարծում եմ, որ ողջամտություն ունեցող ցանկացած մարդու համար արդեն պարզ է, որ Հայաստանի իշխանությունը, հանձին վարչապետ կոչեցյալի, իրականացնում է թուրք-ադրբեջանական օրակարգ-ծրագիրը։ Այդ ծրագրի առաջին քայլը 2020 թվականի պատերազմի հրահրումն էր, հետագայում Արցախի ուրացումն ու ցեղասպանությունը։ Այդ ամենը «մարսելուց» հետո վարչապետ կոչեցյալը սկսեց գործել արդեն բաց խաղաթղթերով՝ ուրանալով հայոց խորհրդանիշ Արարատ լեռը, հակադրելով «պատմական» և «իրական» Հայաստանները։ Հիշենք նաև նրա Թուրքիա այցելությունը, Էրդողանի երդման արարողությանը մասնակցելը, այն երկրի, որը անմիջականորեն մասնակցում էր 2020 թվականի պատերազմին։ Այս իշխանության ցանկությունն է ողջ հայ ժողովրդին զրկել պատմական հիշողությունից, ազգային արժեքներից, արժանապատվությունից՝ դարձնելով նյութապաշտ զանգված։ Ես վստահ եմ, որ 2018 թվականին իշխանության եկավ օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալական ցանցը։

-Տավուշի մարզի, դրա չորս գյուղի «վերադարձի» մասին էին վերջին շրջանում նաև իշխանության ներկայացուցիչների ելույթները, չնայած օրերս Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր կատարած այցի ժամանակ, ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում: Մարդիկ չեն կերակրվում այն թեզերով, թե՝ «սա էլ տանք, պատերազմ չլինի, այն էլ տանք, որ լավ ապրենք»: Ի՞նչ է կատարվում այս առումով:

-Կարծում եմ, որ վարչապետ կոչեցյալն իր նախնական պայմանավորվածություններում խոստացել է Արցախի հանձնումը՝ կարծելով, թե դրանից հետո իրեն հանգիստ կթողնեն։ Բայց այժմ էլ շարունակում է կատարել ադրբեջանա-թուրքական հերթական պահանջները, քանի որ հակառակ դեպքում կբացահայտվեն այդ պարտավորությունները։ Հիշենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո այդ առաջարկը կրկնվել է, և եթե… լեզուս չի պտտվում ասել, Տավուշի 4 գյուղերը հանձնեն, հաջորդը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը։ Եվ նորից, ինչպես այժմ, ժողովրդին կվախեցնեն պատերազմով։ Զգալով որոշակի դիմադրություն տավուշցիների կողմից՝ վարչապետ կոչեցյալը անսպասելիորեն նորից այցելեց Տավուշ։

Նրա խոսքերից պարզ դարձավ, որ չնայած գոյություն ունի հատուկ հանձնաժողով սահմանազատման հարցերով, բայց ինքն անձամբ է վարում «խաղաղության», այն է՝ Հայաստանը մաս առ մաս հանձնելու բանակցությունները։ Համոզված եմ, որ պրոցեսը կանգ չի առել, վարչապետ կոչեցյալն, իր սովորության համաձայն, ստում է։ Հանդիպումից հետո լսելով ոսկեպարցիներին՝ տպավորություն ստացա, որ նրանցից շատերը զգուշանում են խոսել։ Հավանաբար, այս օրերի ընթացքում, տարբեր մեթոդներով, օգտագործելով հատուկ ծառայությունները, վարչապետ կոչեցյալը փորձել է ահաբեկել գյուղացիներին, ինչպես նաև հակասություններ առաջացնել ոսկեպարցիների ու բաղանիսցիների միջև։ Մնում է հուսալ, որ այն չի հաջողվի։ Վարչապետ կոչեցյալի և նրան հավատարիմ ստրուկների պես ծառայող ՔՊ-ականների համար հասկանալի չեն հայրենիք, պետություն, անվտանգություն հասկացողությունները։ Նրանց համար հայրենիքն անշարժ գույք է, որի վաճառքով նրանք հարստանում են և վայելում կյանքը։ Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930