Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել իրենց խոստումները, այլև կատարել են տրամագծորեն հակառակ քայլեր․ «Փաստ»

Ապրիլ 20,2024 10:10

Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել իրենց խոստումներն ու հայտարարությունները, այլև կատարել են դրանց տրամագծորեն հակառակ քայլեր: Մենք առիթ ունեցել ենք հրապարակումների շարքով ներկայացնել մի քանի տասնյակ նման օրինակներ: Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս անգամ ամփոփ անդրադառնում ենք քսան հիմնական կետերին.

1. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Պատերազմից հետո Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նա զարմացած հարցնում է, թե այդ ե՞րբ է շանս եղել, որ Արցախը լիներ անկախ կամ Հայաստանի կազմում:

2. 2016 թվականին Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, իր ընտանեկան թերթում նա գրում էր, որ տավուշցիները ունեն անվտանգ ապրելու իրավունք, մինչդեռ այսօր այդ նույն գյուղերի բնակիչներից պահանջում է լքել սեփական տները, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի անունից սպառնալով պատերազմով:

3. Իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հանրությանը խոստանում էին, այսպես կոչված, «կարմիր գծերի» վերացում, տուգանքների ներում: Ի վերջո, հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Երևանում «կարմիր գծերի» վճարն աճեց 13 անգամ:

4. 2018 թ. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում»: Մինչդեռ ոչ միայն առաջին իսկ քայլերով փակեց գյուղնախարարությունը, այլև արդեն մի քանի տարի է՝ տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։

5. 2018 թ. ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին Փաշինյանը փակում էր արագաչափերը, խոստանում վերացնել դրանք: Այսօր Փաշինյանի արարքը կրկնած քաղաքացուն կալանավորում են, իսկ բուն արագաչափերի թիվը Հայաստանում կրկնապատկվել է:

6. Փաշինյանն ու թիմակիցները հանրությանը համոզում էին, որ բարելավելու են հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր տեսնում ենք ակնհայտ «դրեյֆ» դեպի արևմուտք և ՌԴ-ի հետ հարաբերությունների աննախադեպ լարում:

7. Հանրությանը վստահեցնում էին, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ:

8. Հեղափոխության ժամանակ հայտարարվում էր, որ այլախոհների հանդեպ վենդետա և հետապնդում չի լինելու: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ կալանավորվում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ նաև Փաշինյանի ու թիմակիցների հասցեին թթու խոսք ասած շարքային քաղաքացիները:

9. Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ կրճատելու է ՀՀ արտաքին պարտքը, ավելին՝ խոսել էր այն աուդիտի ենթարկելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, եթե 2018-ին այն 6 միլիարդ էր, ապա այսօր՝ 12:

10. Նույն Փաշինյանը որպես կարևորագույն սկզբունք էր հռչակել խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, մինչդեռ հեղափոխությունից հետո ընդլայնվել են միայն իր՝ Փաշինյանի լիազորությունները:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930