Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ եւ ապագա ունենալու անհրաժեշտությունը

Ապրիլ 20,2024 10:00

Մանկավարժական համալսարանում պրոֆեսորներից մեկը վերջերս ինձ ասաց. «Որ ձեզ տեսնում եմ՝ ուզում եմ դիմել՝ Լեւոն, որովհետեւ հիշում եմ ձեր հայրիկին»: Ասացի, որ դա հաճելի եւ պատվաբեր «շփոթմունք» է:

Կարծում եմ՝ մարդն արժեք է ներկայացնում (նաեւ՝ որպես քաղաքացի, որպես հասարակության անդամ) միայն այն դեպքում, եթե երկարատեւ մի պատմության, պատումի մի մասն է: Եվ այդ առումով՝ ներկայացնում է ոչ միայն ինքն իրեն, այլեւ իր նախնիներին եւ իր հետնորդներին: Օդից իջած, վերացական, արմատներ չունեցող եւ պտուղներ չտվող մարդը (կամ, որը նույն է՝ ազգը) օդի մեջ էլ կկորի:

Ի՞նչն է մարդուն կապում անցյալի եւ ապագայի հետ: Այն, ինչ կոչվում է քաղաքացիական հասարակություն (չշփոթել ՀԿ-ների հետ)՝ ընտանիքը, ծուխը, կրոնական համայնքը, պրոֆեսիոնալ հանրությունը, ակումբը եւ այլն:

Հորիզոնական կապերը, որոնք ստեղծվում են մարդկանց միջեւ, իրական, ոչ թե իմիտացիոն ժողովրդավարության հիմքն են: Իշխանությունը մշտապես ձգտում է մարդկանց ինդոկտրինացիային, ծայրահեղ դեպքում՝ ուղեղների լվացմանը, որպեսզի նրանք ենթարկվեն իր՝ իշխանության կամքին: Քաղաքացիական հասարակությունը ձգտում է համերաշխության, որքան ուժեղ է համերաշխությունը, այնքան դժվար է մարդկանց վզին ինչ-որ բան փաթաթել:

Եթե անհատներն իրենց համարում են մեկ տոհմի, մեկ մասնագիտական համքարության, մեկ տեսակի ներկայացուցիչներ, նրանց գործունեությունը ձեռք է բերում որոշակի իմաստ, որոշակի ուղղվածություն: Հայտնի դեպք. Էրազմ Ռոտերդամցին եկավ Թոմաս Մորի մոտ, եւ առանց ներկայանալու սկսեց զրույցը: Մի քանի րոպե անց անգլիացին բացականչեց՝ դու կամ Էրազմն ես, կամ՝ սատանան:

… Երեկ իմացա, որ ԳԱԱ հիմնարար գրադարանը, որից օգտվում եմ 1978 թվականից, կախված է օդից՝ կամ հետագայում կտեղափոխեն «Ակադեմիական քաղաք», կամ էլ… Նրանք, ովքեր արմատներ, անցյալ եւ ապագա չունեն, իրենց գործառույթը տեսնում են փչացնելու, ջարդելու մեջ:

… Վերջերս մի հոդված էինք հրապարակել երկրաբան Հայկ Մելիք-Ադամյանի մոր՝ կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Ամատունու մասին: Մելիք-Ադամյան եւ Ամատունի ազգանուններն ինձ շատ բան են ասում, իսկ ձե՞զ…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արման says:

    ես քաղաքական կերպար չեմ, չեմ հարում ներկա քաղաքականության մեջ գտնվողներից ոչ մեկին, բայց երկրի ներկայի ու ապագայի մասին մտածող երիտասարդ եմ ու գիտակցում եմ, որ կենսունակ հայրենիք ունենալու հիմքը քաղաքականապես գիտակից քաղաքացին է ով ունակ է վերլուծել առկա իրողությունների հիման վրա ու ձեր հոդվածները իրականության մասին ճիշտ վերլուծություն կատարելու համար բանալի են հանդիսանում, տելեգրամյան ձեր ալիքը թերթում եմ Արամ Աբրահամյան խմբագրականը կարդալու համար🙃 ուղղակի խնդրուն եմ որևե նյութի մասին գրելուց ծավալային առումով մի քիչ ավելին գրեք քան հիմա է, նախապես շնորհակալ եմ նամակս կարդալու համար:

  2. Հ.Շ. says:

    Հայոց Արեւմտեան մտքի եւ մշակոյթի Մեծերէն մէկը, երգիծաբան-իմաստասէր (ու նաեւ լրագրող…), Յակոբ Պարոնեանը, որոշ բառերու՝ իր յատուկ սահմանումները ստեղծած է:

    Անոնց կարգին է, այս մէկը՝
    « Պատմութիւն = ետեւիդ նայիլ, առջեւդ տեսնել։ »

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930