Փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացնում է
Շենգավիթի քննչական բաժնում տեղի ունեցած խոշտանգման հետևանքով Գարիկ Մուրադյանին բժշկական կազմակերպություն տեղափոխելուց հետո, գործի քննությանը խոչընդոտելու կասկածանքով (այսպես է որակվել Մուրադյանի կողմից փորձանմուշներ տրամադրելուց հրաժարվելը), անմիջապես հիվանդանոցից վերջինիս ձերբակալել են։
Քիչ առաջ Մուրադյանի հարազատներն ահազանգել են՝ տեղեկացնելով, որ Մուրադյանին ՁՊՎ տեղափոխելուց անմիջապես հետո քննիչը քաղաքացիական հագուստով մի խումբ անձանց հետ մտել է վերջինիս մոտ և արդեն 1 ժամից ավել է, ինչ գտնվում է այնտեղ։ Ավելացրել են, որ քննիչի ներկայանալուց կարճ ժամանակ անց ՁՊ վայր է ժամանել նաև շտապ օգնության մեքենա։
Պարզվեց, որ փաստաբաններին այդ մասին չիրազեկելով, քննիչը ներկայացել է ՁՊ վայր՝ Մուրադյանի մասնակցությամբ վարութային գործողություն կատարելու նպատակով։ Վարութային գործողությունը կատարվել է ոչ միայն փաստաբաններից գաղտնի, այլև արվել է հնարավոր ամեն ինչ՝ ՁՊՎ փաստաբանների մուտքը խոչընդոտելու նպատակով։
Կարդացեք նաև
Մասնավորապես՝ քննիչը ժամերով ձգձգել է տեսակցության նպատակով ՁՊ վայր ներկայացած փաստաբաններին՝ պաշտպան ներգրավելու գրության տրամադրումը, չի ներգրավել բոլոր այն փաստաբաններին, որոնց վերաբերյալ Գ․Մուրադյանը դիմում է հասցեագրել իրեն, չի պատասխանել ինչպես իմ, այնպես էլ Մուրադյանի՝ արդեն ներգրավված շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանի տասնյակ զանգերին ու հաղորդագրություններին և այլն։
Հարցին լուծում է տրվել միայն ՄԻ պաշտպանի թեժ գիծ ահազանգելուց և մոտ կես ժամ ստեղծված իրավիճակը պարզաբանելուց հետո։ Ամենևին զարմանալի չէ, որ պաշտպանն իր գրությունը ստացավ և Մուրադյանի մոտ ժամանեց այն ժամանակ, երբ քննիչն արդեն արել էր իր անելիքը Մուրադյանի հետ։
Իհարկե, վարութային գործողության արդյունքում ձեռք բերվածը հետագայում կճանաչվի անթույլատրելի, սակայն ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև Գ․Մուրադյանի հայտարարությունը, ստիպված ենք առնվազն կասկածել կամ կրկին արձանագրել, որ խոշտանգումը շարունակվել է նաև ՁՊ վայրում։
Հետգրություն․ Առավոտյան խոշտանգումը, ըստ Մուրադյանի, տեղի է ունեցել քննիչի ներկայությամբ, ինչի վերաբերյալ Գ․Մուրադյանը հայտարարել է նաև իր ցուցմունքում և ինչն էլ քննիչի կողմից դիտարկվել է իբրև հանցագործության մասին հաղորդում։ Այնուամենայնիվ, նշված վարույթով բացարկ հայտնելու որևէ հիմք քննիչը չի տեսնում։
Ըստ Մուրադյանի՝ ինքը հրաժարվել է նմուշներ տալուց, քանզի նախ՝ որպես որոշակի արարքի կատարման մեջ փաստացի կասկածվող, դա դասել է իր լռելու իրավունքի շարքին և բացի այդ, իրավապահ մարմինների նկատմամբ չունի որևէ վստահություն։ Նշվածը վերջինս պարզաբանել է նրանով, որ դեռևս Սիսիանի ոստիկանության պետի ԺՊ հանդիսանալու ժամանակներից (ներկայումս պաշտոնավարումը կասեցված է) բավականին երկար ժամանակ մեկ այլ գործով ենթարկվում էր քրեական հետապնդման, անգամ 8 ամիս գտնվել է կալանքի տակ, սակայն նույն գործով ունեցել չնայած ուժի մեջ չմտած, բայց արդարացման դատավճիռ։