Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բերքյան-Անտոն Հիլքման կապերից՝ Հայոց ցեղասպանություն

Ապրիլ 20,2024 12:30

Այս տարի ապրիլի 20-ին լրանում է ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գրող, հրապարակախոս, նկարիչ, գերմանահայ նշանավոր գործիչ ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆԻ (Պիլէզիկեան) ծննդյան 90-ամյակը։

Ընդգրկուն է եղել Արա Բերքյանի անձնական եւ գիտական կապերի աշխարհագրությունը՝ Հայաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Լիբանան, Իրան, ԱՄՆ եւ այլն: Հարյուրից ավելի հայ եւ օտար նշանավոր գիտնականների, հոգեւոր առաջնորդների, քաղաքական ու մշակութային գործիչների հետ նամակներում եւ նյութերում կարմիր թելի նման արծարծվում են Հայաստանին, օտար ափերում հայապահպանությանը, Հայոց ցեղասպանությանը, հայկական մշակույթին առնչվող հարցեր։

Անցած դարի 50-ական թվականների վերջերում հաստատվելով Գերմանիայում, Բերքյանը նկատում է, թե որքան քիչ են իրազեկված գերմանացիները Հայաստանի, հայկական մշակույթի, առանձնապես՝ Հայոց ցեղասպանության մասին, որը կատարվեց նաեւ իրենց գեներալների, մարշալների, զինվորների ներկայությամբ ու մեղսակցությամբ։

Իհարկե, գերմանացիների մեջ կային, եւ այսօր էլ կան, հայասերներ, որոնք քաջածանոթ են մեր ժողովրդի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, եւ մեծ ներդրում ունեին այն ճանաչելու գործում։ Ահա այդ բացառիկներից մեկն էր նաեւ Մայնցի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր, ժողովրդագետ, մշակութաբան, 11 լեզուներ տիրապետող ԱՆՏՈՆ ՀԻԼՔՄԱՆԸ, ում հետ Բերքյանի ծանոթությունը, բարեկամությունը սկսվել է անցած դարի 60-ականների սկզբին՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ։

1965 թ.՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի առիթով, Բերքյանը եւ երկու համալսարանական ընկերներ՝ Արմեն Հախնազարյան եւ Վազգեն Խուդավերդյան, կազմակերպում են նամակ-ակցիա, որի նպատակը գերմանական մամուլին եւ տեղացիներին իրազեկել կատարված Ցեղասպանության մասին: Իրենց ձեռնարկի համար հիմք է ծառայում Մայնցի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Անտոն Հիլքմանի տասը էջանոց հոդվածը («Հայաստանը՝ 1915…1965»), որը հրապարակվել էր Քյոլնի «Begegnung» ամսագրում, որում սուր քննադատվում էին 1915 թ. թուրքերի վայրագություններն ու հայաջինջ քաղաքականությունը, եւ առաջնակարգ կարեւորություն էր տրվում ապահով մեծ Հայաստանի պետության ստեղծմանը։ Հիլքմանի խորհրդով հոդվածին կցում են պատմական Հայաստանի քարտեզը՝ բոլոր բնակավայրերով, որպեսզի ընթերցողը տեսնի, թե այն տարածքը, որը Սեւրի պայմանագրով որոշվել էր վերադարձնել, շատ ավելի փոքր է, քան պատմական Հայաստանը։ Բերքյանը եւ ընկերներն այն տարիներին չունեին ներկայիս սոցիալական ցանցերի դյուրացնող հնարավորությունները, բայց հաղթահարել են տպագրական, առաքման ծախսերի հետ կապված բոլոր դժվարությունները։

Հոդվածի 300 առանձնատիպ՝ կից Հայաստանի քարտեզով, ուղարկում են գերմանական թերթերի խմբագրությունների, հրատարակչությունների, կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիների առաջնորդների եւ նշանավոր անձանց:

Թեեւ այդ ձեռնարկը շատ չի գոհացրել Բերքյանին, որովհետեւ շատերը՝ իրենց հատուկ, լռել են, ամեն պարագայաում, արդյունքը լինում է այն, որ «Ֆրանքֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգ», «Դի վելտ» թերթերը տպագրում են հոդվածներ Հայոց ցեղասպանության մասին, նաեւ Ա. Բերքյանի հոդվածը՝ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՀՈՒՂԻՆ» վերնագրով, լույս է ընծայվում  «Ախընի Ֆոլկսցայտունգ» թերթի 1965 թ. մայիսի 17-ի համարում:

Այդ ակցիայից հետո եւս հիսուն տարի հարկավոր եղավ, մինչեւ գերմանական Բունդեսթագը քննարկեց հայկական կոտորածների եւ բռնի տեղահանությունների մասին հարցը, իսկ 2016 թ. հունիսի 2-ին՝ Ցեղասպանությունից 101 տարի անց, Գերմանական Բունդեսթագի պատգամավորները վերջապես ծնկի չեկան թուրքական սպառնալիքներից ու ճնշումներից՝ ճանաչեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը: Գերմանիան այլեւս լռելու եւ խուսանավելու տեղ չուներ՝ առերեսվեց իր պատմությանը եւ ընդունեց մեղսակցությունը: Անուրանալի է, որ այդ գործում իրենց ներդրումն ունեին նաեւ տասնամյակների հեռվում նամակ-ակցիան կազմակերպած երիտասարդները՝ Արա Բերքյանը, Արմեն Հախնազարյանը, Վազգեն Խուդավերդյանը, նրանց աջակցող եւ քաջալերող դոկտոր, պրոֆեսոր Անտոն Հիլքմանը։

Ըստ Բերքյանի՝ Հիլքմանն այն բացառիկներից մեկն էր, ով անտարբեր չէր հայերի ճակատագրի եւ Հայոց ցեղասպանության հանդեպ։ Նրա հետ հանդիպումների ժամանակ մշտապես հայկական հարցի մասին է խոսվել ու պարզաբանվել:

Հիլքմանը համոզված կաթոլիկ էր, բարձրաձայն քննադատում էր 20-րդ դարի՝ Ռոզենբերգ-առասպելը եւ, իր անկոտրում բնավորության պատճառով, չի համակերպվել դիկտատոր Հիտլերի հետ: Հարկադրված տառապանքով լի հինգ տարիներ է անցկացրել Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում…

Թեեւ դեմոկրատական երկիր է Գերմանիան, եւ մամուլը՝ ազատ, բայց, թե՛ Հայոց ցեղասպանության տարիներին, թե՛ այսօր, այս երկիրը մնում է Թուրքիայի դաշնակիցը։ Գերմանիայի լռությունը ցցուն երեւաց նաեւ 44-օրյա պատերազմի եւ վերջին դեպքերի՝ Արցախի շրջափակման եւ հայաթափման ժամանակ։

Ստորեւ՝ «Ֆրանքֆուրտեր Ալգեմաինե Ցայտունգ» թերթի 1966 թ. մայիսի 7-ի համարում հրապարակված հոդվածին Անտոն Հիլքմանի պատասխան մի նամակ, որտեղ նույնպես նա արծարծել է Հայոց ցեղասպանության մասին։ Նամակը պահվում է Արա Բերքյանի անձնական արխիվում։

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԹՈՒՐՔԵՐԸ՝ ԱՐԵՎԵԼՔԻ ԱԶՆՎԱԿԱՆՆԵՐԸ»

«Ձեր թերթի 1966 թ. մայիսի 7-ի՝ շաբաթ օրվա թիվ 106 հոդվածում հրապարակել եք Վիլմա Շտուրմի մեկ ամբողջ էջ հոդվածը, որն առաջին բառից մինչեւ վերջ՝ կետով եւ ստորակետով, թուրքերին ներկայացնում է բարձրակարգ, պատվական մարդիկ։ Այդ հոդվածին արձագանքած մեկ այլ ընթերցող օգտագործում է նույնիսկ «Առաջավոր Ասիայի ազնվականները» բառակապակցությունը։

Ենթադրում եմ, որ Ձեր որոշ ընթերցողներ, որոնց թվում՝ ես, ինչպես թուրքերին, այնպես էլ արեւելքի ժողովուրդներին, եթե «Առաջավոր Ասիայի ազնվականները», նրանց դեռ չեն բնաջնջել, ճանաչում են։ Վիլմա Շտուրմի գովերգող, պարզունակ հոդվածի ընթերցման ժամանակ եկա այն եզրակացության, թե արդյոք սա շատ չէ՞։

Պատմության հեռավոր ժամանակների մասին շատ բան չեմ ասում՝ երկու անգամ թուրքերը Վիեննայի պատերի տակ, հարյուրավոր տարիներ նրանք եղան Եվրոպայի համար ահավոր սպառնալիք։ Եթե 1683 թ. Լեհաստանի թագավոր Յոհան Սոբիեսկին ժամանակին օգնության չհասներ գերմանացիներին, հնարավոր է այսօր Ֆրանքֆուրտի մոտ կանգնած լինեին մինարետներ։ Սա նույնպես պատկանում է հեռավոր ժամանակներին։ Բայց ընդամենը 50 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, թուրքական կառավարության անմիջական կարգադրությամբ թուրքերը գրեթե երկու միլիոն քրիստոնյա հայերի բնաջնջեցին, որովհետեւ վերջիններս չդավաճանեցին իրենց քրիստոնեական հավատքին եւ հրաժարվեցին իսլամ ընդունել։ Սա եղավ դարի ամենամեծ ցեղասպանությունը, որը հետագայում Ադոլֆ Հիտլերը օգտագործեց հրեաների բնաջնջման համար։ Արեւելքի ողջ քրիստոնյա ժողովուրդը՝ ով էլ լինի՝ հայ, ասորի, հույն, թուրքերի աչքի փուշն էին։

Ամենայն քրիստոնեականի եւ եվրոպականի հանդեպ թուրքերի ատելության հետեւանքը եղավ քառասուն տարի առաջ Փոքր Ասիայից ողջ հույն ժողովրդի բռնի արտաքսումը, Զմյուռնիայի ջարդն ու հրդեհը։ Թուրքերի ահով՝ երկու մլն. հույների՝ իրենց երեք հազար տարվա հայրենիքից բռնի տեղահանվեցին։

Այսօրվա թուրքերը նույնն են, ինչպես այն ժամանակ, դա է վկայում եւս մեկ անգամ 1955 թ. վայրագությունը, որը տեղի ունեցավ Ստամբուլում եվրոպական հյուպատոսների աչքի առաջ՝ հունական եւ հայկական խանութներն ավերվեցին, թալանվեցին, պղծվեցին քրիստոնեական սրբությունները։

Հարց. հենց այս թուրքե՞րը եվրոպացիներից սիրո եւ համակրանքի պահանջ ունեն։ Հնարավոր է թուրք հյուր աշխատողներից առանձինները պարկեշտ ու անմեղ են։ Բայց որ «Ֆրանքֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգ»-ը ամբողջ էջ է նվիրում թուրք ժողովրդին գովերգելու։ Ի դեպ, եվրոպացիների ու գերմանացիների եղբայր-ժողովուրդը Առաջավոր Ասիայի քրիստոնյա ժողովուրդն է, ոչ թե՝ թուրքերը։

Թույլ տվեք նամակիս կցել «Մայնցեր Ալգեմայնե Ցայտուգ»-ում լույս տեսած հոդվածը։ Ցեղասպանության այն օրը, երբ թուրքերը որոշեցին բնաջնջել հայերին, նահատակված մեր հայ եղբայրների համար, Մայնցի Մայր տաճարում՝ տեղի ունեցավ հիշատակի պատարագ։

Եթե Վիլմա Շտուրմը իրեն պարտավորված է զգում՝ օտարերկրյա հյուր աշխատողների հանդեպ համակրանք արթնացնելու, առաջին հերթին թող մտածի իտալացիների, հույների, իսպանացիների մասին, որոնք պատկանում են մեր ընտանիքին, դա կլիներ «մերձավորի-սեր», իսկ թուրքերը ոչ թե մերձավոր են, այլ՝ հեռավոր։

Հարցնում եմ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Վիլմա Շտուրմի հոդվածը, ո՞վ է ներշնչել նրան։ Հոդվածի ընթերցման պահին մտածում էի թուրքական մամուլի վրդովածությունը գերմանացիներից՝ 70 հազար հրավիրված հյուր աշխատողի փոխարեն, թույլատրվել է ընդամենը 9 հազարին» (գերմ. թարգմ. Լ.Բ.-Ա.)։

Անտոն ՀԻԼՔՄԱՆ

Դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
19.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930