Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է «ստանալու» Ռուսաստանը՝ խաղաղապահներին Արցախից դուրս բերելու դիմաց

Ապրիլ 20,2024 13:00

«Երբ նույնիսկ մինչեւ այս պահը խոսվում էր Արցախ վերադարձող հայերի ինչ-որ  թվակազմի, կամ հայերի բացակայության ընթացքում Արցախում գտնվող իրենց գույքի պաշտպանության մասով ռուսների դերի կարեւորության մասին, ապա խաղաղապահների հեռանալուց հետո իրավիճակը գլխիվայր շրջվում է, եւ արցախցիների վերադարձի մասին նույնիսկ խոսակցություններն ուղղակի անիրատեսական ժանրից են»,-«Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

– ՌԴ խաղաղապահ առաքելությունը  դուրս է գալիս բռնազավթված Արցախից, թեեւ  առաքելության ժամկետը լրանում է 2025 ին։ Ինչի՞ մասին է սա խոսում։

– Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործոններով պայմանավորված, Բաքուն կարողացավ օկուպացված Արցախում ռուսների համար ստեղծել այնպիսի իրավիճակ, որ վերջիններս ստիպված հաշվի նստեցին ստեղծված իրադրության հետ։ Երկու կողմերից էլ պաշտոնապես հաստատել են, որ ռուս խաղաղապահների հեռանալը Ադրբեջանի եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է, բայց այդ  որոշումների կայացումը չէր կարող չլինել առանց պայմանավորվածությունների կամ փոխըմբռնումների։  Հիշում եք, որ  մինչ այս իրադարձությունները, նույնիսկ Մոսկվան առաջարկել էր Բաքվին քննարկել Արցախում  ռուս խաղաղապահների լիազորությունների երկարաձգման  հարցը, ու երկկողմանի հայտարարում էին, որ այդ հարցը իրենց  հարաբերությունների տիրույթում է։ Մի կողմից ադրբեջանական կողմը տարբեր իրավիճակներից ելնելով, չէր հակադրվում Ռուսաստանին, մյուս կողմից էլ՝ հաճախ լուռ, երբեմն էլ բացահայտ,  փորձում էր իր անհամաձայնությունը ցույց տալ հատկապես Արցախում ռուս խաղաղապահների ներկայության մասով։ Թե ի՞նչ է փոխվել, ի՞նչ նոր վերադասավորումներ են  տեղի ունենում, ժամանակը ցույց է տալու։ Այն, որ Արցախում փաստացի ռուս խաղաղապահների ներկայության հիմք չէր մնացել, հատկապես Արցախի հայաթափումից հետո, դա պարզ էր, բայց այն, որ առաքելությունը ժամկետից շուտ է դուրս գալիս, դա նշանակում է, որ Ռուսաստանը դրա դիմաց ինչ-որ բան «ստանալու» է։

– Ի՞նչ հետեւանքներ կունենա ռուս խաղաղապահների` Արցախը լքելը` տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում։

– Ռուս խաղաղապահների հեռանալը փաստում է մի կարեւոր հանգամանքի մասին. որքան էլ ռուսական կողմը, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող թեժ զարգացումներով, փորձում է ժամանակավորապես հետ քաշվել տարածաշրջանից, մասնավորապես օկուպացված Արցախի տարածքից, դրա դիմաց ադրբեջանական կողմի հետ ստիպված գնալով ինչ-որ համաձայնությունների, ակնհայտ է, որ այդ իրավիճակից օգտվում են գեոպոլիտիկ այլ խաղացողներ. առաջնահերթ Թուրքիան, որն իր ներկայությունն ավելի է ամրապնդում տարածաշրջանում։ Փաստ է, որ այս փուլում Ադրբեջանը հասել է իր նպատակին, փաստ է, որ Թուրքիան ավելի է մեծացնում իր ազդեցությունն այստեղ, փաստ է, որ ռուսական կողմի լծակները թուլանում են, մասնավորապես, ադրբեջանական կողմի վրա, նկատում ենք արեւմտյան դերակատարների ակտիվացումը տարածաշրջանում: Խաղաքարտերն ամբողջությամբ  խառնված են, բայց ռուս խաղաղապահների հեռանալու իրական մոտիվները հասկանալ, դրանից համապատասխան եզրակացություններ անել, թե իրականում ի՞նչ պրոցեսների հետ գործ ունենք, ինչ չերեւացող գործընթացներ են եփվում, դեռեւս անորոշ են ու դեռ քննարկումների եւ վերլուծությունների առարկա պետք է դառնան։

– Փաստացի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի քաղաքական պայմանավորվածությունները տրամաբանական ավարտին հասան ու առաքելության` Արցախում գտնվելու անհրաժեշտությունը վերացավ, հայկական շահերի հաշվին, քանի որ ունենք հայաթափված Արցախ։

– Ռուս խաղաղապահների հեռացման գործընթացը  պետք է դիտարկել ոչ միայն ռուս-ադրբեջանական, այլեւ ռուս-թուրքական, ռուս-իրանական հնարավոր պայմանավորվածությունների համատեքստում։ Տարածաշրջանում այսպիսի «շրջադարձային» հարցերը չեն կարող լուծվել առանց խոշոր դերակատարների, մասնավորապես, առանց Թուրքիայի ու Իրանի կարծիքների հետ հաշվի նստելու։ Շատերը հարցը լոկալացնում են, խնդիրը դիտարկում են ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական  պայմանավորվածությունների տիրույթում, իսկ գուցե այս թեժ  աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների շրջափուլում պայմանավորվել են հենց Ռուսաստանն ու Իրա՞նը։ Գուցե խնդիրը նայենք նաեւ իրանա-իսրայելական հակամարտության դիտանկյունի՞ց։

Իսկ ինչ վերաբերում է այս ամենում մեր՝ Հայաստանի դերակատարությանը,  ակնհայտ է, որ մինչ այս պահը տարածաշրջանային վերադասավորումների ժամանակահատվածում մեր շահերը դուրս են մնացել, շատ հաճախ նաեւ ՀՀ իշխանությունների ձեռամբ, տարածաշրջանային դերակատարների կողմից քննարկվող կարեւոր հարցերի շրջանակից։ Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք, քանի որ մեր երկրի շահերն առաջ տանող, խոշոր դերակատարների հետ «խաղացող» երկրի կառավարիչներ այս պահին չունենք, իսկ այդ պարագայում ոչ ոք հաշվի չի նստի քո հետ։ Դա պարզ աքսիոմա է։

– Իրան-Իսրայել հարաբերություններում լարվածության աճը ի՞նչ նոր իրողությունների առաջ է կանգնեցնում մեզ, մանավանդ, ՀՀ-ում Իրանի դեսպանը ՀՀ իշխանությունների` Արեւմուտքի հետ մերձեցման վարքագծի մասով կրկին անգամ հստակ դիրքորոշում հայտնեց։

– Մեկ անգամ չէ, որ Իրանն այդ կապակցությամբ իր դիրքորոշումն արտահայտել է, ցույց տվել իր տարածաշրջանային պատկերացումները, ամեն անգամ իր անհանգստությունն արտահայտել արտատարածաշրջանային խաղացողների՝ տարածաշրջանում ակտիվանալու կապակցությամբ։ Եվ հատկապես այս փուլում, երբ Իսրայելն ամեն ինչ անում է Իրանին նոր՝ մեծ պատերազմի մեջ ներքաշելու համար, Իրանը իր դիրքորոշումներն ու ուղերձներն է փոխանցում հայկական կողմին։ Ակնհայտ է,  որ բավականին վտանգավոր զարգացումներ են սպասվում տարածաշրջանում, Իսրայելի պատասխան ռազմական գործողությունն Իրանի դեմ հնարավոր է իրականացվի հենց Իրանի տարածքում։ Թե այդ ամենից հետո ի՞նչ զարգացումներ կարող են սպասվել, նախորդ հարցի մեջ թեթեւ ակնարկեցի։ Եթե համադրության մեջ ենք փորձում դիտարկել այն գործընթացները, երբ ռուս խաղաղապահներն անակնկալ, ժամկետից շուտ հեռանում են Արցախից, երբ Իրանի ու Ռուսաստանի միջեւ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունների շուրջ կան ընդհանուր պատկերացումներ ու դիրքորոշումներ, երբ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ, երբ իրանական տելեգրամյան ալիքներով գեներացվում են այն թեզերը, որ պետք է հարվածել Ադրբեջանի տարածքում, հատկապես Արցախում,  գտնվող օդանավակայաններին ու ենթակառուցվածքներին, որոնք իսրայելական ազդեցության կետեր են, ու բազմաթիվ նման օրինակներ կարող եմ բերել, ապա պարզ է դառնում, որ տարածաշրջանում մեկ վայրկյանում կարող է ամեն ինչ պայթել՝ իր ամենածանր հետեւանքները թողնելով բոլոր կողմերի վրա։ Ոչինչ եւ ոչ մի սցենար բացառել չի կարելի: Այս պարագայում ամեն բան կապված է իսրայելական կողմի գործողություններից, դրանց ձեւաչափերից, որոնց դեպքում սցենարները կարող են տարբեր լինել։

– Ոչ իշխանական-ոչ պաշտոնական մակարդակում շատ է խոսվում  արցախահայերի վերադարձի մասին. կա՞ այդ հավանականությունը, ի՞նչ պարագայում է դա հավանական, հատկապես ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալուց հետո:

– Այս պահին զրոյացել է այդ հավանականությունը, հատկապես ռուս խաղաղապահների հեռանալուց հետո։ Եթե նրանց նկատմամբ արցախահայերի կողմից լուրջ դժգոհություն կար դեռեւս Արցախի շրջափակման, ադրբեջանական էսկալացիայի ու արցախահայերի զանգվածային տեղահանության ընթացքում, ապա խաղաղապահների՝ Արցախը լքելուց հետո այդ հիասթափությունը կրկնապատկվել, բազմապատկվել է։ Երբ նույնիսկ մինչեւ այս պահը խոսվում էր Արցախ վերադարձող հայերի ինչ-որ  թվակազմի, կամ հայերի բացակայության ընթացքում Արցախում գտնվող իրենց գույքի պաշտպանության մասով ռուսների դերի կարեւորության մասին, ապա խաղաղապահների հեռանալուց հետո իրավիճակը գլխիվայր շրջվում է, եւ արցախցիների վերադարձի մասին նույնիսկ խոսակցություններն ուղղակի անիրատեսական ժանրից են։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ բռնազավթված Ակնայում դադարեցվում է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի գործունեությունը եւս:

«Առավոտ» օրաթերթ
19.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930