Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չեմ ուզում որևէ մեկի գիշերային անդորրը խանգարել, բայց մի բան չգրել չեմ կարող։ Տավուշից ահազանգ ստացա, թե «այս պահին գիշերով բանակին իջեցնում են Բաղանիս Այրումի կողքի մեր դիրքից’ Նոր Տարվա պոստից»: Նախորդ անգամ այս «լուրը» լսել էի ապրիլի 12-ին’ բառացիորեն ավտոմեքենայի ղեկին, Երևանից Տավուշ ճանապարհին։ Հաջորդ օրը ընդդիմությունը պետք է Երևանից գնար Ոսկեպար… Այդ ժամանակ էլ գիտեի, որ այն կեղծիք է, մեծ հավանականությամբ արվում է մարդ հավաքելու համար… Երբ հիմա էլ մտահոգ զանգեցին ու հայտնեցին նույն լուրը, կրկին գիտեի, որ կեղծիք է, բայց պարտավոր էի ճշտել… Մինչ կճշտեի, Սպուտնիկից (հեչ զարմանալու չէ, որ առաջինն իրենք են գրել…) իմացա, որ Բաղանիսում ճանապարհ են փակել… Րոպեներ անց էլ այնտեղից զանգեցին, որ հայտնած լուրը հերքվել է:
Ինչ եմ ուզում ասել. ովքեր դեմ են կամ հարցեր ունեն, էլի բողոքի ակցիաներ արեք, իմ եղբայրներ ու քույրեր։ Բայց, այ, այն մարդիկ, ովքեր ուզում են մարդաշատություն ապահովել ու հանուն դրա պատրաստ են անգամ վտանգավոր ստեր տարածել, գոնե կարմիր գծեր ունեցեք ու խղճացեք մարդկանց…
Մի տեղ էլ կարդացի ինչ-որ 24 պոստի մասին…
Կարդացեք նաև
Միայն մի բան կասեմ պոստերի թեմայով. ինձ/մեզ բարձր մակարդակով հավաստիացվել է, որ եթե սահմանագիծն այդ հատվածում, այդ թվում Նոր Տարվա պոստի մոտ, ամբողջությամբ չգծվի` իր ենթադրած բոլոր բաղադրիչներով, այդ թվում սահմանապահների տեղակայմամբ, մինչև պարզ չլինի սահմանը, թե կոնկրետ որտեղ են կանգնելու իրենք ու մենք, ոչ մի իջեցում չի լինելու… Առայժմ սա գիտեմ, ու կարծես ոչ մի փոփոխություն չկա մոտեցման մեջ…
Մնացածի մասին վաղը։ Իսկ խոսելիքն իսկապես շատ է, ու հարցերն էլ շատ են, որոնք պետք է ձևակերպել ու դրանք կապված են Տավուշիս հետ ու ոչ մի կապ չունեն այս ներքաղաքական մանիպուլյացիաների հետ…»: