Լրահոս
Օրվա լրահոսը

Մեհդի Սոբհանի. «Մեզ տեղեկացրել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ տարածքը, որտեղով անցնում է մայրուղին, համաձայնության մեջ ներառված չէ»

Ապրիլ 19,2024 23:40

«Որոտան» ամենամյա միջազգային ոչ պետական փորձագիտական երկրորդ ֆորումին մասնակցող Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրատվամիջոցների հետ ճեպազրույցում խոսելով տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների մասին` ասաց. «Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իրանը ճանաչում է երկրների տարածքային ամբողջականությունը։ Չեմ կարծում, որ Իրանի հարեւան երկրները որեւէ գործողություն կնախաձեռնեն, որը դեմ է Իրանի անվտանգությանը։ Եթե որեւէ փորձ կձեռնարկվի, որը կվտանգի Իրանի տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը, մենք դրա հետ չենք համակերպվի եւ դրան համապատասխան վերաբերմունք ցույց կտանք»։

Հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ երկուսուկես գյուղ անցնում է Ադրբեջանին, բայց Իրանը հայտարարում է, թե Հայաստանի սահմանն իր համար կարմիր գիծ է, իսկ դա նաեւ միջպետական ճանապարհի հարց է, դեսպանը պատասխանեց, որ հայ պաշտոնյաները եւ իշխանությունները իրենց տեղյակ են պահել այդ հանդիպման եւ արձանագրության վերաբերյալ։ «Մեզ հայտարարել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն, միջազգային սահմանների հիման վրա։ Եվ ինչպես ինձ են հայտնել, տարածքը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ» ,-ասաց պարոն Սոբհանին։

Անդրադառնալով Իրան-Իսրայել  հակասություններին` դեսպանն ասաց. «Երբ որ թիրախավորվել էր Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը, մենք դիմել ենք ՄԱԿ, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ նույնիսկ չկարողացավ մի ընդհանուր հայտարարություն արձանագրել։ Երբ որ ՄԱԿ-կողմից որեւէ քայլ չեղավ միջազգային օրենքի այդ կապտագույն խախտման դեմ, մենք 10 օր եւս սպասում էինք արձագանքի։ Եվ երբ չստացանք որեւէ արձագանք որեւէ կառույցի կողմից, մենք իրականացրեցինք ի ծնե մեզ տրված եւ ՄԱԿ-ի 51-րդ հոդվածին  համապատասխան պաշտպանության իրավունքը` պատասխան  տվեցինք։ Մենք թիրախավորել էինք այն կենտրոնները, որտեղից թիրախավորվել էին մեր ենթակայության  վայրերը։

Ի տարբերություն սիոնիստական մարդասպան ռեժիմի, մենք չենք թիրախավերել որեւէ քաղաքացիական օբյեկտ` հիվանդանոց, դպրոց, կամ մանկապարտեզ։ Մեր թիրախի տակ հայտնվել են բացառապես ռազմական օբյեկտները։ Մենք մեր նպատակներին հասել ենք։ Մեր գործողությունն ավարտված է։

Եթե ցանկանան լարվածությունը ավելի բարձրացնել, եթե ցանկանան Իրանի տարածքը եւս մեկ անգամ վտանգել, նրանք կստանան արժանի պատասխան»։

Խոսելով ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքով արցախահայության վերադարձի հնարավորության մասին’ դեսպանն ասաց. «Ինչպես միշտ հայտարարել ենք, այսօր եւս ցանկանում եմ հաստատել, որ Արցախի բնակչության իրավունքները պետք է անպայման նկատի առնվեն։

Այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, վերաբերում է միայն տարածաշրջանի ժողովուրդներին։ Բնական է, որ երկրները հետապնդում են իրենց շահերը։ Ես վստահ եմ, որ երկխոսության, դիվանագիտության եւ համագործակցության միջոցով կարող ենք խնդիրները հարթել։ Այն, ինչ այսօր տեղի է ունեցել եւ այն համաձայնությունը, ինչին այսօր հասել են կողմերը, երկխոսության արդյունքում է եղել։ Սա կարող է մի սկզբնակետ լինել հետագա երկխոսությունների եւ համագործակցությունների համար» ,-ասաց դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպան Մեհդի Սոբհանին Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին լրագրողների հարցին ի պատասխան խորհուրդ է տվել` «այդ հարցն ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպանին»։

Իսկ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին ազդանշանները հաշվի առնելով՝ Իրանի համար ռիսկեր չկա՞ն արդյոք, դեսպան Սոբհանին նշել է, որ եթե ​​Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930