Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին, հայտնում է «Sputnik Արմենիայի» աղբյուրը։
Մասնակիցներից մեկը նշեց, որ նման սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում։
Հավաքը սահմանամերձ գյուղերի երիտասարդների նախաձեռնությամբ է։ Գնալով բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է։
Կարդացեք նաև
Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։
Ակցիայի մասնակից մեր զրուցակիցն ասաց, որ խոստացել են, որ քիչ անց մարզպետը կգա։ Շուտով ակցիայի մասնակիցներին կմիանա նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Տեղեկություն ունենք, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա»,– ասաց նա: