Լրահոս
Օրվա լրահոսը

Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որն իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի մեծ խնդիրներ. «Թաթոյան հիմնադրամ»

Ապրիլ 19,2024 21:21
  1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։

Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որն իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ:

Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատական կազմը։

Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։

Սա նշանակում է, որ քիչ առաջ այդ հանձնաժողովի անունից Կառավարության տարածած հայտարարության նպատակն է այս քաղաքական բացարձակ անթույլատրելի գործընթացը ինստիտուցիոնալ-իրավական կեղծ շղարշով քողարկելը։

Տեղի ունեցածը նաև սկզբունքորեն հակասում է սահմանազատման միջազգային պահանջներին։

  1. ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։

Պարզաբանումը, թե ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում և կարող են կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, ընդամենը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց և երկրի անվտանգության համար առաջացող իրական խնդիրները։

Բացարձակ անընդունելի է Կառավարության ղեկավարի արդարացումը, թե առանց այդ էլ որոշ գյուղեր ադրբեջանական նշանառության ներքո են. ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու և նշանառությունը վերացնելու փոխարեն Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով՝ արդարացնելու համար քաղաքական որոշումները։

Առանց այն էլ Բաղանիսի ճանապարհահատվածը եղել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախի տակ և ժամանակ առ ժամանակ կրակել են  երթևեկող մեքենաների ուղղությամբ, հիմա դուրս է գալիս Կառավարության ղեկավարի այս որոշմամբ նրանք ավելի են մոտենում ճանապարհին։

Կիրանց գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ և հայտնվելու է ադրբեջանական զինված ծառայողների դիտարկման տակ։

  1. Ադրբեջանը շարունակում է մխրճված մնալ ՀՀ Տավուշի մարզին պատկանող տարածքներում և դրանք պահել օկուպացված։

Մինչդեռ, Հայաստանի Կառավարությունն իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաև վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտանգությանը։

Ընդ որում, ակնհայտ է, որ Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները։

 

«Թաթոյան հիմնադրամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930