Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այս իրավիճակից պետք է հանեն ազգային պրոֆեսիոնալ ուժերը. Արտակ Զաքարյան

Ապրիլ 19,2024 20:02

«Ազգային պրոֆեսիոնալների իշխանությունը պետք է կարողանա առաջիկա 5-10 տարիների կտրվածքով Հայաստանի համար հայտարարել այնպիսի ծրագրեր և գործողություններ, որոնք առնվազն հասկանալի և ընկալելի կլինեն մեր դաշնակից պետությունների համար, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած՝ «Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ մեր կյանքի բոլոր ոլորտներում այսօր անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է եւ «ճղրտած շալվարներով, ետ սանրած մազերով ու եվրոպական հայացքներով» լիբերալների կամ մեկ այլ իշխանության պարագայում, միեւնույն է, ՀՀ անվտանգությունը չի շահելու: Նրա համոզմամբ, ՀՀ անվտանգությունը պետք է կառուցվի ներքին ռեսուրսների վրա. ազգային պրոֆեսիոնալները պետք է կարողանան ցույց տալ այդ ռեսուրսները, դրանց շուրջ համախմբել մարդկանց, այդ թվում՝ Սփյուռքին:

Ազգային պրոֆեսիոնալ ուժերը, անհատները կան, պարզապես իշխանության տարածած ստի եւ կեղծիքի ֆոնին, նրանք մնում են ստվերում: Բանախոսի դիտարկմամբ, այդ ուժերը միասնության պատրաստ են, հասարակությունն էլ, մեծ հաշվով, պատրաստ է նրանց սատարելու, պարզապես «ստարտը» պետք է տրվի ու տրվի ճիշտ: Առաջին քայլերն էլ պետք է լինեն՝ Իրանի եւ ՌԴ-ի հետ առաջիկա երկու տարիների ծրագրերը պետք է ներկայացվեն, 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառները նույնպես, քանի որ «այս պատերազմում պարտվելն ավելի բարդ էր, քան հաղթելը, պարտվելու համար ավելի մեծ ջանք պետք էր ներդնել»:

Նկատելով, որ աշխարհը գնում է բացառապես ազգային շահերի վրա հիմնված քաղաքականության, ինչպես օրինակ, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական առանձին երկրներ, Արտակ Զաքարյանը նաեւ համարում է, որ գլոբալիզացիան արդեն իսկ սպառված հասկացություն է, իսկ ԵՄ-ն իր գրավչությունը կորցնելու ճանապարհին է. «Հայաստանն այնքան է մեկուսացել, որ ում մտքով անցնի, կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել: Սա սրանց 6 տարիների դիլետանտ և դավաճան քաղաքականության հետևանքն է, որ հեռացել են ազգայինից, դարձել կախյալ»:

Արտակ Զաքարյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահում է բացառապես դրսի ուժերի աջակցության շնորհիվ ու դրա գինը Գեղարքունիքի մարզն է, Տավուշը, Վայոց ձորը, Սյունիքը, ՀՀ ԶՈՒ-ն, Արցախը, Արարատը:

Իսկ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը հեռացնելը, բանախոսի պնդմամբ, բարդ երկրաչափական պրոգրեսիա չէ, ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի, պետք է ցանկություն ունենալ. «Այն մարդիկ, ովքեր ասում են՝ այսինչ մարդն էնտեղ պայքարում է Նիկոլի դեմ, ես չեմ գնա, նա ուղղակի չի ուզում հայրենիք ունենալ, պետություն ունենալ, նրան ոչ Նիկոլն է հետաքրքիր, ոչ էլ որեւէ բան: Դրանք կեղծ ձեւակերպումներ են: Հասարակությունը պետք է գիտակցի, գիտակից հասարակությունը ամուր պետության հիմքն է, իսկ անգիտակից հասարակությունը միշտ էլ կգնա՝ Նիկոլի նման մեկին կգտնի եւ կընտրի»:

 

Այլ մանրամասները տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930