«Պետական սահման ձեւավորվում է միմիայն այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ կնքվում է պայմանագիր՝ պետական սահմանի փոխճանաչման վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանը՝ անդրադառնալով պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հայտարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի մեկնաբանությանը:
Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից մեկնաբանել են, որ այս «հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջեւ Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»։
«Ինձ համար այս գործընթացում ամենակարեւորն այն է, որ հնարավորություն լինի հասկանալ՝ այդ չորս գյուղատեղիների փոխանցումը ի՞նչ իրավական հիմքով է տեղի ունենում եւ արդյո՞ք նույն իրավական հիմքի շրջանակներում մենք էլ ստանալու ենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր տարածքները»,- ասաց Շահեն Շահինյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանն այս գործընթացում, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են․ «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում»։
Շահեն Շահինյանը նշեց, որ այդ պատասխանում որեւէ առարկայական կետ չկա։ «Ես ուղիղ հարց եմ տալիս՝ եթե Տավուշի մարզի սահմանամերձ այդ չորս բնակատեղիների տարածքները փոխանցվում են Ադրբեջանին, Բերքաբերի ջրամբարի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ափը, ինչպես նաեւ դրանից հյուսիս ընկած մոտ 800 հա կողատարածքը փոխանցվելո՞ւ է Հայաստանի Հանրապետությանը, թե՞ ոչ։ Այդ մասին հայտարարություն չկա, ըստ այդմ՝ ես չեմ կարող գնահատել՝ սա սահմանազատման պրոցես է, թե՞ ուղղակի ինչ-որ ենթադրությունների հիման վրա մեր վերահսկողության տակ գտնվող հողատարածքների փոխանցում Ադրբեջանին»,- ասաց քարտեզագիրը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ