Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք պահվում են անազատության մեջ, քանի որ ցանկություն են հայտնել սպասարկել ՀՀ-ի և Արցախի վերաբերյալ հայկական օրակարգը»․ քաղաքական զբոսանք՝ ի աջակցություն Երևանի և Բաքվի քաղաքական բանտարկյալների

Ապրիլ 19,2024 19:30

«Մենք իրականացնում ենք իրազեկման ակցիա, որը միտված է ՀՀ-ի և Բաքվի քաղաքական բանտարկյալներին աջակցելու։ Մենք ձեզ կտրամադրենք թռուցիկներ, որոնց մեջ նշված են անուններ, որոնք Նիկոլ Փաշինյանի անունից ձերբակալվել ու կալանավորվել են ազատ խոսքը սահմանափակելու նպատակով»,-«Ի աջակցություն Երևանի և Բաքվի քաղաքական բանտարկյալների» խորագրով քաղաքական զբոսանքի մեկնարկին հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Նա, ցույց տալով Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի նկարներով պաստառները, որոնք այժմ գտնվում են անազատության մեջ, ասաց․ «Այս մարդիկ պահվում են անազատության մեջ, քանի որ նրանք ցանկություն են հայտնել սպասարկել ՀՀ-ի և Արցախի վերաբերյալ հայկական օրակարգը։ Նրանք նստած են, քանի որ սիրում են իրենց հայրենիքը, որովհետև ցանկություն են հայտնել, որ Արցախը և ՀՀ-ն չկործանեն»։

Քաղաքական զբոսանքի մասնակիցները քայլում էին Երևանի փողոցներով և գոչում՝ ազատություն, ազատություն։

Հենրիխ Դանիելյանը հայտարարեց՝ մենք այստեղ ենք ասելու, որ այս մարդկանց լռեցնելով չեք կարող լռեցնել բոլորիս, մենք շարունակելու ենք նրանց գործը և ասելու ենք ճշմարտությունը, ճշմարտությունը, որի համար կալանավորել եք այդ մարդկանց։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ահազանգեց՝ ՀՀ-ում այլևս ոչ մի քաղաքացու իրավունքները երաշխավորված չեն․ «ՀՀ-ում ոչ մի քաղաքացու ազատություններ այլևս երաշխավորված չեն։ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի այլևս նիկոլական սպառնալիքների բռնաճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտի զոհը կարող է դառնալ։ Ունեցել ենք անգամ քաղաքական դրդապատճառներով մահ։ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի, որը հանդգնում է բարձրաձայնել այդ պարզ ճշմարտությունը, որ Նիկոլ Փաշինյանի և թուրք- ադրբեջանական տանդեմի ծրագրերը և պլանները հայկական հողերի վերաբերյալ նույնական են, ունի ռիսկ հայտնվելու անազատության մեջ»։

Աննա Մկրտչյանը հայտարարեց՝ քաղաքական բանտարկյալներն այլևս ոչ միայն բանտարկության մեջ են, այլև ունեն ֆիզիկական անվտանգության սպառնալիք․ «Ժամեր առաջ Շենգավիթի քննչական վարչությունում քննչական բաժնից մի փաստաբան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են քաղաքացուն անգիտակից վիճակում, ծեծված, խոշտանգված տեղափոխում հիվանդանոցներից մեկը։ Երկու օր առաջ 44-օրյա պատերազմի մասնակից զինվոր Սամվել Վարդանյանը խոշտանգվել է։ Երբ անմեղ մարդուն խոշտանգում են, հետո տանում կալանքի ու փակի տակ պահում տանը, սա ոչ այլ ինչ է, քան հետապնդում։ Արմեն Աշոտյանն արդեն 11 ամիս անազատության մեջ է։ Դատարանը փաստել է, որ ոչ տուժող, ոչ անօրինական գործողություն կա, միայն Արմեն Աշոտյանի անօրինական կալանքն են երկարացնում։ Նարեկն ու Վազգենը հաղորդում էին վարում յութուբում, և նրանց կալանավորել են արդեն մեկ ամսից ավել է։ Նարեկ Մալյանն իր ազատ արտահայտման իրավունքն էր իրականացնում,  բայց իրեն դատապարտեցին մեկ տարի ազատազրկման, Մամիկոն Ասլանյանը, որ հանդգնել է հաղթել համայնքային ընտրություններում, երկու տարուց ավելի փակի տակ է»։

Պատգամավորն ասաց, որ ազատություն է մաղթում ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալներին և ազատություն ՀՀ-ին թուրքական իշխանություններից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930