Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը տոմս է ուղարկել, թե մեկնում եմ, երկրում չեմ. Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի՝ նրան դատարան բերելու համար

Ապրիլ 19,2024 18:08

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի գործով նիստի ժամանակ հարցաքննվեց վկա Արմինե Միքայելյանը, որը ժամանակին ստուգման ակտ է տվել Երիտասարդական պալատի՝ «կուկուռուզնիկի» շենքի վաճառքի գործարքի հետ կապված: Նա աշխատում է որպես Գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ:

Մեղադրող դատախազի հարցերին հիմնականում պատասխանում էր, որ չգիտի, իրավաբանական կրթություն չունի, ուստի դատախազը հարցրեց՝ ո՞նց եք նման ստուգման ակտ կազմել, նույնիսկ սկսեց տրամաբանական հարցեր տալ՝ դատարանին դա բացատրելով, որ հետագայում ունակությունների հետ կապված կարող է եզրակացության գալ ու միջնորդություն ներկայացնել:

Դատախազը նրան հարցրեց՝ ուշադրություն դարձրե՞լ եք, որ «կուկուռուզնիկի» շենքը մի բան է, դրա տակի հողը՝ այլ: Նա պատասխանեց, որ հողը անբաժանելի մասն է հողի եւ շենքի տիրոջ իրավունքները տարածվել են նաեւ հողի վրա:

Հարցին՝ ստուգման ակտը տալիս որևէ շահագրգռվածություն ունեցե՞լ եք, վկան վստահեցրեց, որ ոչ: Պաշտպանը հարցրեց՝ այդ հողը, բացի «Ավանգարդ մոթորսից», այլ անձի կարո՞ղ էր տրամադրվել, նա պատասխանեց՝ ոչ:

Դատարանում ուսումնասիրեց վկայի նախաքննական ցուցմունքի տեսագրությունը, որովհետև պաշտպան Արմինե Ֆանյանն ասաց, որ քննիչի կողմից ճնշում է գործադրվել:

Տեսագրության մեջ քննիչն ասում էր՝ ես կարծում եմ՝ խախտում կա, դուք ո՞նց խախտում չեք տեսել, հայտարարում է, որ սխալ որոշում է եղել:

Տեսագրությունը դիտելուց հետո՝ Ֆանյանն արձագանքեց. «Լավ ցուցմունք տվեց քննիչը, արձանագրություն է կազմում իր ցուցմունքի վերաբերյալ»:

Ցուցմունքում վկան ասում էր, որ Երիտասարդական պալատի շենքն ու հողը օտարել են, քանի որ եղել է դատարանի որոշում: Մեղադրողն ասաց, որ դատարանի որոշում եղել է շենքի հետ կապված, հողը չի եղել օտարման առարկա: Հողը պետական սեփականություն է եղել, ինչո՞վ է իր տված ստուգման ակտն իրավաչափ: Պաշտպանները առարկեցին, ուստի վկան հարցին չպատասխանեց:

Ուշագրավ է, որ այս գործով վկաներ են հանդիսանում Արմեն Չատինյանն ու Գագիկ Բեգլարյանը: Դատավորն ասաց, որ պետք է միջոցներ ձեռնարկեն՝ նրանց դատարան բերելու համար: Մեղադրողն ասաց, որ պետք է հարկադրաբար բերման ենթարկել, բայց Գագիկ Բեգլարյանը տոմսեր է ուղարկել, թե երկրում չեմ լինելու, թեեւ կարող է ամրագրել է, բայց չի մեկնել: Ի վերջո, որոշվեց ստուգել՝ Բեգլարյանը երկիրը լքե՞լ է, թե՞ ոչ: Ֆանյանն ասաց, որ դեմ չեն Բեգլարյանի նախաքննական ցուցմունքը ներկայացնել:

Հիշեցնենք, որ ըստ այս քրեական գործի՝ 2004 թվականին Երվանդ Զախարյանը պետական սեփականություն հանդիսացող նախկին «Երիտասարդական պալատ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված 31780,0 քմ մակերեսով հողամասը օրենքների խախտմամբ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով վաճառել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Մասնավորապես, Սարալանջի 1 հասցեում գտնվող հողատարածքի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, սակայն այն վաճառվել է 62 մլն 973 հազար 405 դրամով։ Բացի այդ՝ ըստ գործի, վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս»-ին կադաստրային արժեքով օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման: Գործով մեղադրյալ է նաև 2004-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ եղած Կարեն Դավթյանը։ Նա մեղադրվում է Երվանդ Զախարյանին օժանդակելու մեջ։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930