«Ադրբեջանը ձախողեց հարգել նախնական առարկությունների փուլի համար հստակ սահմանված սահմանները։ Ադրբեջանը խեղաթյուրել է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները։ Ադրբեջանի ռազմավարությունը ձախողել է, այն չի նպաստում արդարադատության իրականացմանը»,- Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումների ժամանակ ՀՀ-ն երկրորդ փուլով ներկայացրեց իր առարկությունները։
Եղիշե Կիրակոսյանը վստահեցրեց՝ Հայաստանը հավատարիմ է իր սկզբունքներին՝ այս վեճը լուծել խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի ոգուն համահունչ։ Նրա հավաստմամբ՝ Հայաստանն ամբողջությամբ բավարարել է բանակցությունների նախապայմանը։ Ավելին, Հայաստանի բոլոր դիմումները տեղավորվում են Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի (CERD) շրջանակում։
Ամփոփիչ ելույթում Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանին վստահեցրեց․ «Ադրբեջանի ռասիստական բռնությունները, կամայական կալանավորումները, էթնիկ հայերի նկատմամբ իրականացրած բռնություններն ակնհայտորեն կարող են տեղավորվել Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի (CERD) շրջանակներում: Ինչպես տեսաք այս շաբաթ, այս սարսափելի գործելակերպը հակասում է այդ հանձնաժողովի բոլոր մասնակից պետությունների կողմից ստանձնած խոստումներին»:
Կարդացեք նաև
Եղիշե Կիրակոսյանը մեջբերեց, որ այդ պարտավորություններից մեկը ռասայական խտրականության արագ վերացումն է իր բոլոր դրսևորումներով և կանխելն ու կանխարգելելը ռասիստական հայեցակարգերը։
Եղիշե Կիրակոսյանը հավաստիացրեց՝ միջազգային դատարանն ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը Ադրբեջանի առարկությունները մերժելու համար։
Նա նշեց, որ ՀՀ-ն դատարանից պահանջում է մերժել Ադրբեջանի կողմից ներկայացված երկու առարկությունները, կամ որպես այլընտրանք երկրորդ առարկությունը համարել, որ այն չի կրում բացառապես նախնական բնույթ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ