Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքը երկարաձգվեց․ վկան հայտարարեց՝ Միրզոյանին հարվածողները գոռում էին՝ պետք է սպանենք նրան, որոշներն էլ ասում էին՝ մի՛ սպանեք

Ապրիլ 19,2024 17:44

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքն այսօր դատարանի որոշմամբ երկարաձգվեց երկու ամսով։

Չնայած, որ Ասատրյանի պաշտպանը դատարանում պնդեց, որ տվյալ պահին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է, իսկ նրա օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլ տեսակի խափանման միջոցներով կամ դրանց համակցության կիրառմամբ, դատարանը որոշեց Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացնել։

Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց ապրիլի 26-ին, ժամը 16:30-ին։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ցուցարարները ծեծել են ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին։

Այսօր դատարանում հարցաքննվում էին վկաները։

Վկաներից մեկը Վարդան Մարտիրոսյանը, որն այդ օրն իրականացնում էր ԱԺ նախագահի անվտանգության ապահովումը՝ որպես պետական պահպանության ծառայության աշխատակից, դատարանում հայտարարեց, որ լսել է ցուցարարների կոչերը, ասում էին, որ Արարատ Միրզոյանին պետք է սպանել, սակայն վկան չի տեսել կոնկրետ մեկին, որը նման բան է ասել։

Հարցին՝ այդ կոչերը կանխո՞ղ էին՝ մի՛ սպանե՞ք, թե՞ սպանեք, վկան պատասխանեց՝ ե՛ւ նա, ե՛ւ նա։

Վկայի ցուցմունքով՝ անվտանգության աշխատակիցների հետ շրջապատել էին Միրզոյանին, փորձում էին դուրս բերել ամբոխի միջից, սակայն ուժերն անհավասար էին․ «Մի հատված կարողացել ենք ստեղծել, որտեղով Արարատ Միրզոյանը վազելով փորձել է հեռանալ, սակայն մեկ այլ ամբոխ է մոտեցել, բռնել են Միրզոյանին, սկսել ձեռքերով, ոտքերով եւ մահակներով հարվածել»։ Այդ ընթացքում անվտանգության աշխատակիցները փորձել են իրենց մարմիներով փակել Միրզոյանին։

Դատարանում վկան պատմեց՝ ժողովուրդը մոտեցավ մեքենային, գոռում էին՝ բացեք, կջարդենք․ «Աղջիկներ կային՝ մեզ խփում էին։ «Բիտայով» խփեցին՝ հետեւի «պարբրիսը» ջարդեցին, ուզում էին ներս մտնել: Մեր պետը որոշեց Միրզոյանին հանի մեքենայից, դուրս են եկել, ու չհասցրեց բռնի, Միրզոյանը առաջ ընկավ, մի պահ, վայրկյաններ տեւեց, կորցրեցինք իրան, այն ժամանակ եմ հասել, որ մեր ղեկավարը պառկեց վրան, ինքն արդեն արյունլվիկ ընկած էր, հանել եմ իրեն։ Ես ու մյուս տղաներն իրան գրկած դեպի Դեմիրճյան- Բաղրամյան գնացինք»։

Վկայի պատմելով՝ Միրզոյանին նստեցրել են փողոցում մի պատահական մեքենա, սակայն դրանում վառելիք չի եղել, այս մեքենան մի կերպ հրելով հասցրել են ԱԺ շենք, այդտեղ շտապ օգնություն են կանչել, բայց քանի որ ցուցարարները ԱԺ շենքում էին եւ շրջակայքում՝ շտապ օգնության մեքենան չէր կարողանում մոտենալ։ Հետո ԱԺ մեկ այլ դարպասից փորձել են դուրս հանել Միրզոյանին, որը մեքենայի մեջ էր։

Վկան պատմեց՝ մի քանի հոգի սկսեցին վիճել, ոչ բոլորն էին մեզ խփում, երկու-երեք հոգի պաշտպանում էին մեզ, մեր մեքենաների կողքին էին միշտ, նույնիսկ ինձ մի անգամ տարան հանգստացրին․ «Էդ խումբը, որ տենց իրար մեջ վիճում էր, մենք մեքենան հրելով տարանք Բաղրամյան, հետո Միրզոյանին մեկ այլ մեքենա տեղափոխեցին ու տարան հիվանդանոց»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930