«Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման վերաբերյալ
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հնգամյա ժամկետով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը խորը մտահոգությունների տեղիք է տալիս և հակասություններ առաջացնում տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Նման ճանապարհով խաղաղության ու անվտանգության երաշխավորի դիրքավորումը վերջնականապես ձախողվում է և նոր դուռ բացում ադրբեջանական հանցագործությունների համար:
Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հիմա էլ խաղաղապահների հեռացումը քաղաքակրթական նորմերից դուրս գործող Ադրբեջանին ազատում է զսպման որևէ մեխանիզմից և արտոնում ամեն հայկականը վերացնելու անկաշկանդ գործողություններ: Ակնհայտ է, որ այս ամենով նոր հիմքեր են ստեղծվում մշակութային ցեղասպանության և ընդհանրապես, արցախցիների բոլոր իրավունքների, այդ թվում՝ գույքի, սեփականության չեղարկման համար:
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը գտնում է, որ նման քաղաքականությամբ ՌԴ-ն նպաստում է Ալիևի ամենաթողությանն ու ադրբեջանական հանցագործությունները «մարսեցնելու» պահվածքին: Արցախի ժողովուրդն անվերապահորեն հավատացել և ընդունել է իրեն պաշտպանելու ՌԴ առաքելությանը, ինչն էլ տապալվեց 2023-ին էթնիկ զտմամբ: Իսկ տարածքը վաղաժամ լքելու որոշումով էլ անտեսվեց Արցախի հասարակության ու պետական ինստիտուտների հետ նման հարցերը քննարկելու կարևորությունը:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, կատարվող գործընթացը մենք համարում ենք գլոբալ մարտահրավեր և կոչ ենք անում աշխարհի բոլոր բևեռներին` թույլ չտալ արցախյան հիմնահարցի վրա տապանաքար դնելու տեսանելի և անտեսանելի փորձերը: