Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքներ հնչեցնելուց հետո՝ մեկ ամսով դադարեցրել են Գյումրու փոստային բաժանմունքի ղեկավարի լիազորությունները

Ապրիլ 19,2024 17:27

Գյումրու թիվ 3101 փոստային բաժանմունքի ղեկավար Գագիկ Հարթենյանն Aravot.am-ին բողոք էր ներկայացրել՝ նշելով, որ կամայականորեն, առանց հիմնավոր պատճառի՝ հարկադրում են իրեն դիմում տալ ու հեռանալ համակարգից։

Ըստ մեր զրուցակցի, իր դեմ լարվել են այս համակարգի հետ ընդհանրապես կապ չունեցող, ՀԷՑ-ում որպես «արենդատոր» աշխատած Սերյոժա Շահնազարյանին Շիրակի մարզի փոստային բաժանմունքների ցանցի գլխավոր պատասխանատու նշանակելուց հետո։

Գագիկ Հարթենյանը ենթադրում է, որ փորձում են ազատվել պրոֆեսիոնալ կադրերից՝ փոխարենը աշխատանքի մտցնելով իրենց մարդկանց, թեկուզև տարրական գրագիտություն չունեցող և այս ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեցող։

Մեր զրուցակիցը նաև բողոքել էր, որ իրեն սպառնում են՝ կամ աշխատանքից ազատման դիմում ներկայացնել կամ կդիմեն ոստիկանություն։

Հայփոստ ՓԲԸ-ից Aravot.am-ին պարզաբանել էին, որ իրենց վերահսկողության բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ Գագիկ Հարթենյանի գլխավորած Գյումրիի 3101 փոստային բաժանմունքում անօրինական գործողություններ են հայտնաբերվել, ինչի կապակցությամբ Հայփոստ ՓԲԸ-ն դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Գագիկ Հարթենյանից պահանջվել է բացատրագիր, եթե հիմնավորվի նրա մասնակցությունն ապօրինի գործողություններին, ապա նրա հետ պայմանագիրը կլուծարվի։

Մեր հրապարակումից անմիջապես հետո Գագիկ Հարթենյանի աշխատանքային լիազորությունները մեկ ամսով դադարեցվել են։

«Եթե ունենային բավարար հիմքեր, ոչ թե մեկ ամսով կդադարեցնեին իմ լիազորությունները, այլ անմիջապես իմ ազատման հրամանը կտային»,-համոզված է Գագիկ Հարթենյանը։

Նա այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հրաժարվել է բացատրագիր գրել, քանի որ այնտեղ սլաքը ուղղված է եղել բացառապես իրեն, այլ ոչ թե բաժանմունքում կատարված չարաշահումներին։

Բացատրագրի մեջ նշված է եղել՝ զետեղարանին և գանձարանին տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ինչպես կարող եմ չտիրապետել, երբ այդ ամենը իմ հսկողության տակ է, երբ որ պարբերաբար տարբեր օրերի, տարբեր ժամերի մեր վերահսկողական ծառայությունը տեսախցիկներով վերահսկել է։ Տարբերությունը և՛ արտարժույթի և՛ մեր հայկական դրամի մեջ եղել է զրո դրամ, ռուբլի, դոլար, եվրո։

Եթե վերահսկողական ծառայությունը պարբերաբար ստուգում է կատարում, թող բացատրագիրը պահանջեն վերահսկողական ծառայությունից, թե Հարթենյան Գագիկի մոտ՝ 3101 բաժանմունքում, պակաս կա՞, թե՞ չկա։ Այդ ամենը իրենց կողմից վերահսկվել է․ տեսաձայնագրություններ ունեն։

Բացատրություն են պահանջել նաև կենսաթոշակների վճարման պահով՝ 90 դրամ, 60 դրամ, 200 դրամ հաճախորդին պակաս է վճարվել։ Այդ կարգի «մեծ» չարաշահումների մասին է խոսքը»-հեգնում է Գագիկ Հարթենյանը։

Նա չի բացառում, որ այս մի ամսվա ընթացքում փորձեն ինչ-որ բան փնտրել՝ ուղղված իր դեմ ու քրեական գործ հարուցեն։

«Նորից եմ ասում՝ եթե ձեռքի տակ ունենային փաստեր, իմ ազատման հրամանն անմիջապես կտային, ոչ թե մեկ ամսով կդադարեցնեին իմ լիազորությունները։ Ես պատրաստ եմ դրան, թող մեր մարզի պատասխանատուն մտածի այդ մասին։ Ես հստակ տիրապետում եմ՝ ինչ է կատարվում իմ բաժանմունքում, իսկ մարզի պատասխանատուն տիրապետում է կամ չի տիրապետում, թե ինչ է կատարվում մարզում, այդ հարցը կարող են ուղղել իրեն»։

Գագիկ Հարթենյանն ասաց, որ նամակ էր ուղղել Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին՝ ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն այն այդպես էլ մնացել է անպատասխան։

Նա մեկ անգամ ևս նշում է, որ մտադիր են իր փոխարեն բերել այնպիսի կադր, որը լինի կառավարելի, ոչ բանիմաց, մասնագետ չլինի, համապատասխան լինի իրեն։

«Կարծում եմ՝ այստեղ քաղաքական միտում էլ կա, արդեն երևի թե ուզում են քաղաքականացնել համակարգը, իշխանական կուսակցությունից ինչ-որ մեկին բերեն, որը համոզմունքներ ունենալով կամ չունենալով՝ ենթարկվի իրենց։ Հիմա կադր ընտրելիս՝ պարտադիր չէ մասնագետ լինի, բանիմաց լինի»,- ասում է Գագիկ Հարթենյանը։

Նա նշում է, որ Շիրակի մարզի փոստային բաժանմունքների ցանցի գլխավոր պատասխանատու Սերյոժա Շահնազարյանի կուսակցական տոմսը չի տեսել, սակայն նա այս համակարգ հովանավորչությամբ է եկել և հովանավորը ՔՊ-ից է։

Մեր զրուցակիցը նշեց, որ չի լռելու։

«Լռել կարող էին իրենք, որ չլռեցին, իմ միջոցով եք ուզո՞ւմ շատ բան ջրի երես հանել, խնդրեմ, պատրաստ եմ»,-հայտարարում է մեր զրուցակիցը։

Նա ասում է՝ չէր սպասում, որ այս կարգի թույլ բեմականացում կանեն իր հանդեպ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930