Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո յազվա չես». Զախարյանը՝ «Կուկուռուզնիկը» էժան վաճառելով՝ պետությանը վնաս հասցնելու մասին

Ապրիլ 19,2024 19:07

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը այսօր Հակակոռուպցիոն դատարանում բարկացավ, երբ հարցրեցինք՝ չե՞ք ընդունում, որ պետությանը 740 մլն-ի վնաս եք հասցրել: Նա ասաց, որ որեւէ հարցի չի պատասխանելու, երբ հարցը հնչեցրեցինք, փորձեց ձայնագրող հեռախոսը վերցնել՝ ասելով. «Հո յազվա չես»: Ավելի ուշ Զախարյանը խնդրեց բոլոր հարցերն ուղղել իր փաստաբանին՝ Անդրանիկ Մանուկյանին:

Նշենք, որ դատարանում քննվում է Երիտասարդական պալատի՝ «Կուկուռուզնիկի» վաճառքի գործը եւ ըստ քրեական գործի՝ 2004-ին Երվանդ Զախարյանը պետական սեփականություն հանդիսացող նախկին «Երիտասարդական պալատ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված 31 հազար 780 քմ մակերեսով հողամասը օրենքների խախտմամբ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով վաճառել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 742 միլիոն 649 հազար 595 դրամի վնաս: Այդ ժամանակ Սարալանջի 1 հասցեում գտնվող հողատարածքի կադաստրային արժեքը եղել է 805 մլն 623 հազար դրամ է, սակայն այն վաճառվել է 62 մլն 973 հազար 405 դրամով։

Խնդիրն այն է, որ դեռևս անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված չլինելու պայմաններում, Զախարյանն այդ հողամասի վաճառքն է իրականացրել, ըստ մեղադրանքի, անձնական շահագրգռվածությունից ելնելով, առանց համապատասխան իրավական հիմքերի: Որոշումը կայացրել է 2004 թվականի հունվարի 16-ին եւ այդ ՍՊԸ-ին վերապահել է նշված հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով: 2 օր հետո ընդունվել է ՀՀ կառավարության որոշում գոտիավորման հետ կապված, ըստ որի՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքը արդեն եղել է շատ ավելի բարձր՝ 805.623.000: Հողամասի վաճառքի պայմանագիրը պետական գրանցում ստացել է միայն նույն թվականի հունվարի 27-ին, երբ ուժի մեջ մտած է եղել կառավարության այդ որոշումը:

Aravot.am-ի հետ զրույցում Երվանդ Զախարյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Տվյալ հողը վաճառվել է այդ պահին ունեցած կադաստրային արժեքին համապատասխան գնով: Ինչ վերաբերում է նրան, որ եթե մի քանի օր էլ սպասեին, հողի արժեքը շեշտակի կբարձրանար, հետեւաբար կարելի կլիներ այն վաճառել բարձր գնով, այդ հակափաստարկը  իրավական չէ:

Մենք ունենք սեւով սպիտակի վրա արձանագրված պաշտոնական փաստաթղթեր, որոնց հանրագումարային բովանդակությունը բերում է նրան, որ խնդրո  առարկա կառավարության որոշումը, որով հողամասի գները շեշտակի աճել են, իրավաբանական ուժ չի ունեցել ոչ միայն երկու օր հետո, այլ նաեւ շատ ավելի օրեր հետո: Այն իրավաբանական ուժ ստացել է ամիսներ անց, հետեւաբար այն շարժառիթը, որ օրերի հարց էր ու հարկավոր էր շտապել, որպեսզի էժան գնով այն վաճառվեր «Ավանգարդ Մոթորսին», հիմնավոր չէ: Կան փաստական հանգամանքներ, որոնք դատավարական համապատասխան փուլում կներկայացվեն»:

Հարցրեցինք՝ գործում կա՞ այնպիսի հանգամանք, որ Զախարյանն այդ որոշումը կայացնելիս ինչ-որ շահագրգռվածություն է ունեցել, հրահանգ է ստացել կամ որեւէ ազգակցական, ընկերական կապ է ունեցել «Ավանգարդ Մոթորսի» ղեկավարության հետ՝ փաստաբանը պատասխանեց, որ որեւէ նման հանգամանք չկա եւ լինել չի կարող, ՍՊԸ-ի տնօրենն էլ հարցաքննվել եւ հերքել է քաղաքապետարանի որեւէ պաշտոնատար անձի հետ որեւէ կապը:

Հարցին՝ Երվանդ Զախարյանը գիտեր, որ կառավարության նման որոշում է լինելու, գոտիավորում է լինելու ու այդ  հողամասի արժեքը ավելի բարձր է լինելու, ինչո՞ւ չէր սպասում մի քանի օր՝ նա պատասխանեց, որ Զախարյանը չի իմացել. «Ես ունեմ փաստական ապացույցներ, որ պարոն Զախարյանը, որպես Երեւանի քաղաքապետ, այդ որոշման մասին չի իմացել եւ իմանալ չէր էլ կարող: Այդ կառավարության որոշումը իրավաբանական ուժ է ստացել եւ հասանելի է եղել շատ ավելի ուշ»:

Ճշտեցինք՝ այսինքն, պետությանը ամեն դեպքում այդ 742 մլն-ի վնասը հասցվել է, բայց ակամայի՞ց է հասցվել՝ Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Այդ հողատարածքի գինը այդ պահին եղել է այն չափով, որ չափով եղել է: Խոսքը  վերաբերում է հողամասի կադաստրային արժեքին ոչ թե շուկայական: Կադաստրային արժեքը, այո, շեշտակի  աճել է, բայց վաճառքի պահին գործել է մեկ այլ իրավական ակտ, համաձայն որի, հողամասի արժեքը եղել է 62 մլն դրամի չափով եւ Երեւանի քաղաքապետը պարտավոր էր  որոշում կայացնելիս վաճառել այն գնով, ինչ գնով ՀՀ օրենսդրությունը տվյալ պահին սահմանած է եղել: Ավելին՝ եթե Երեւանի քաղաքապետը հողամասը վաճառեր ավելի թանկ գնով, քան 62 մլն-ը, շատ հանգիստ կարելի կլիներ նրան մեղադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ»:

Հարցրեցինք՝ սա  քաղաքակա՞ն հետապնդում է՝ հաշվի առնելով, որ Երվանդ Զախարյանը «նախկիններից» է՝ նա պատասխանեց. «Ես փորձելու եմ իրավաբանական հարթությունից դուրս չգալ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»: Նա ասաց, որ Զախարյանի հետ երբեւէ չի քննարկել այդ հարցը՝ սա քաղաքակա՞ն հետապնդում է, թե՞ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930