Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու դատարանի որոշումը:
Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը Aravot.am-ին ասաց, որ բողոքի քննության օր ու ժամ դեռեւս հայտնի չէ:
Պարոն Մելիքյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ քրեական գործում Բազեյանի դեմ ցուցմունք տված մեկ անձի հայտնած տվյալնե՞րն են շարունակում մեղադրանքի հիմք մնալ, թե՞ ապացույցների համալրում կա: Ի պատասխան՝ պաշտպանն ասաց. «Այդ ցուցմունք տված անձի հետ առերեսման ժամանակ դա էլ հերքվեց: Այդ անձն իր ասածները պնդել է, բայց չի կարողացել հաստատել իր լսելու հանգամանքը, թե ումից է լսել, որտեղից եւ ամբողջովին ոչ արժանահավատ ցուցմունքներ է տվել»:
Գեորգի Մելիքյանը շեշտեց, որ Բազեյանի հետ այդ վկան երբեւէ շփում չի ունեցել ոչ դեպքից առաջ, ոչ դեպքից հետո:
Կարդացեք նաև
Փաստաբանը հաստատեց մամուլի տեղեկությունները, որ Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը «Խաչակիրներ ռազմահայրենասիրական» ՀԿ անդամ Արմեն Հարությունյանն է:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ